Ադրբեջանի նախագահի հաստիքով սահմանված աշխատավարձը տարեկան 228 հազար դոլար է (19 հազար` ամսական): Միայն այս եկամուտը կբավարարի Իլհամ Ալիեւին այս ամառը իր հանգիստը կազմակերպելու ֆրանս-իտալական սահմանին: Ալիեւը կարող է նաեւ հրավիրել արտգործնախարար Մամեդյարովին, քանի որ այս երկուսը այնտեղ հետաքրքրական, իրենց համար նույնիսկ զարմանահրաշ փաստերի կհանդիպեն: Բացի նրանից, որ այնտեղ` «մի փոքրիկ, այսպես կոչված «իտալական գյուղում» կա իսկական իշխանական պալատ` պետական դրոշով, դեռեւս օծվում են իսկական ասպետներ, ձուլվում են իսկական մետաղադրամներ, արդեն մի քանի տասնամյակ ապրում են ինքնորոշված` անկախ:
Սեբորգա անունով այդ գյուղ հասնելու համար ամենամոտ օդանավակայանը ֆրանսիական Նիցայինն է, որտեղից արդեն մեքենայով մտնելով Իտալիա եւ հասնելով Բորդիգերա քաղաք, եւս 45 րոպե ընթանալով ծովափին հակառակ ուղղությամբՙ կհանդիպեք ժամապահի: Վերջինիս անցակետի վերեւում փողփողում է ամենեւին էլ ոչ իտալական դրոշը, այլ կապույտ-սպիտակ մի դրոշ, որի կողքին կա գրություն` «Բարի գալուստ Սեբորգայի անկախ իշխանություն»: Եվրոպայի հենց սրտում, Իտալիա պետության մեջ այս անկախ իշխանությունը վաղուց ապրում է սեփական օրենքներով եւ իտալական իշխանությունների լիակատար թողտվությամբ:
Սեբորգան երբեք չի պատկանել Իտալիային
Սեբորգան հայտնի է դեռեւս 400 թվականից` որպես փիլիսոփայական դուալիզմ ուղղության կենտրոն: Հիմնականում պապական հալածանքների դիմագրավելով` Սեբորգան, այնուամենայնիվ երբեք չի կորցրել իր ինքնավարությունը, իսկ իշխանության համար ամենաանորոշ ժամանակաշրջանը սկսվում է 1729-ի հունվարի 20-ից: Հենց այդ օրը Փարիզում, «Ֆրանսիայի բոլոր ղեկավար անձանց ներկայությամբ», Սեբորգան ու նրա շրջակա հողերը վաճառվեցին «Բարձրագույն մագիստրոսի» շքանշանակիր Վիտորիո Ամադեո 2-րդին, որը Սարդինիայի միապետն էր, Միջերկրական ծովով ընթացող հայտնի «Աղի ճանապարհի» տերը, հայտնի մասոն: Այս քայլի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց Վատիկանը, քանի որ Սեբորգայում «որոշ օբյեկտներ» այդ տարիներին պատկանում էին իրեն: Սակայն այս իրադարձությունը պաշտոնապես գրանցված չէ Սարդինիայի թագավորության փաստաթղթերում: Ավելի ուշ, երբ 1748-ին Սարդինիայի թագավորությունը մտավ Ջենովայի հանրապետության կազմի մեջ, նույնպես ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի վկայում, որ Սեբորգան` Սարդինիայի կազմում լինելով, մտնում է Ջենովայի հանրապետություն, ավելինՙ 1815-ի Վիեննայի կոնգրեսը չի ամրագրում Սեբորգան որպես Սարդինիայի մաս: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ 1861-ին ընդունված «Իտալիայի միավորման մասին» ակտում նույնպես ոչ մի խոսք գրված չէ Սեբորգայի մասին, հետեւաբար Սեբորգայի իշխանությունը դե յուրե ընդգրկված չէ 1946-ին կազմավորված իտալական հանրապետության կազմում: Այս ամենը հիմք է տվել Սեբորգայի արդեն մի քանի սերունդ ասպետներին արդարացիորեն հայտարարելու. «Իտալիան չունի Սեբորգայի նկատմամբ ոչ մի իրավունք, Հռոմը չի կարող հավակնել մեր հողերին, քանի որ Սեբորգան երբեք չի եղել Իտալիայի մաս»: Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինին անգամ Սեբորգան անվանում էր «այլ պետություն»: Այսօր գործող իտալական հանրապետության սահմանադրությունը ոչ մի հոդվածով, ոչ մի պարբերությամբ չի անվանում Սեբորգան «որպես Իտալիայի մաս»:
Հյուպատոսարաններ` աշխարհի 35-ից ավելի երկրներում
1963-ին Սեբորգայի ժողովուրդը ազատ ընտրություններով Ջորջե Կարբոնեին ընտրեց իշխան` անվանելով Ջորջե 1-ին: Կառավարման հենց առաջին տարիներին Ջորջե 1-ինը հայտնաբերեց փաստեր, որ «Սեբորգան երբեք չի պատկանել Իտալիային», կան ոչ միայն իշխանության պահոցներում, այլեւ, օրինակ, Նիցայի ֆրանսիական արխիվներում: Իտալիայի դեմ իրավաբանական պատերազմը (Սեբորգան երբեք Հռոմի դեմ ռազմական առումով չի պատերազմել-Հ. Ա.) ոգեւորեց սեբորգացիներին, որոնք 1995-ին վերահաստատեցին Ջորջե 1-ինի իշխանական տիտղոսը եւ նույն թվականի ապրիլի 25-ին 304 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Սեբորգայի սահմանադրությունը: Շուտով ընտրեցին նաեւ կառավարության անդամներին, ստեղծեցին սեփական անձնագրերը, հաստատեցին սեփական բյուջեն. ընդամենը 326 քաղաքացի, սակայն 2000 ժամանակավոր քաղաքացի ունեցող Սեբորգան ունի բանակ եւ պաշտպանության նախարար: Ճիշտ է` նախարարը եւ ամբողջ բանակն ընդամենը երեք հոգի են, բայց, փաստորեն, արդեն քանի տարի Սեբորգան կարողանում է պահպանել իր անվտանգությունը, ինքնորոշված լինելու իրավունքը եւ տարածքների անձեռնմխելիությունը:
Ավելինՙ Սեբորգան ձեռնամուխ է եղել հասնելու իր միջազգային ճանաչմանը: Այսօր արդեն Սեբորգա մուտք գործելու համար դուք պետք է ունենաք Սեբորգայի հյուպատոսի կնիքով փաստաթուղթ: Իսկ Սեբորգան հյուպատոսարաններ է բացել աշխարհի ավելի քան 35 երկրներում, այդ թվումՙ Ռուսաստանում: 1996-ի մայիսի 16-ին Սեբորգայի իշխան Ջորջիո 1-ինը ստորագրեց հրամանագիր, որով «ընդլայնվում են Մոսկվայում Սեբորգայի հյուպատոս Բորեւ Վլադիմիրի լիազորությունները` երկու երկրների հարաբերություններում որակական աճ ապահովելու նպատակով»:
2009-ի նոյեմբերի 25-ին իշխան Ջորջիո 1-ինը մահացավ: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին Սեբորգայի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ջովանի Դարտիերին: Արդեն 2010-ի ապրիլի 25-ին Սեբորգայի նոր իշխան ընտրվեց 31-ամյա բիզնեսմեն եւ նախկինում «Ֆուրմուլա-1»-ի մասնակից Լուգանո Մարչելո Մենեգատոն, որին տրվեց Մարչելո 1-ին անունը: Պաշտոնապես նա ստանձնեց լիազորությունները 2010-ի մայիսի 22-ից: Մարչելո 1-ինը շատ սերտ, բարեկամական կապեր ունի Մոնակոյի իշխան Ալբերի հետ. «Իմ ամենամեծ նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն է Սեբորգայում, ինչպես նաեւ մեր սրբազան պայքարը հանուն մեր անկախության` Իտալիայից», ստանձնելով իշխանի լիազորություններըՙ ասաց Մենեգատոն:
Ինչո՞ւ է լռում Իտալիան
Ինչպես վերը նշեցինք, Իտալիան երբեք չի պատերազմել Սեբորգայի դեմ, սակայն «փաստաթղթային պայքար» միշտ եղել է: Երբ Սեբորգան նոր էր սկսել իր անկախության պայքարը, Իտալիայում դա որակվեց որպես «հերթական իտալական կրկես», ոչ մի լուրջ բան: Հետո, սակայն, իտալական իշխանությունները ամենուր հայտարարում էին, որ «բռնելու են Սեբորգայի պարագլուխ-անջատողականներին ու 30 տարով նստեցնեն բանտ»: Ավելի ուշ, երբ Հռոմի համար հասկանալի դարձավ, որ «բոլոր փաստաթղթերը, միջազգային իրավունքը, պատմությունը» իր դեմ են, ստիպված եղավ «ժողովրդավարություն խաղալ»: Սրանից հետո, փաստորեն, Իտալիան «իր համար է», Սեբորգան` իր: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ Հռոմն առաջարկում է Սեբորգայի իշխաններին` վերամիավորվել «լայն ինքնավարության հեռանկարով», սակայն ոչ մի իշխան չի համաձայնել այդ պայմանին. «Սեբորգայի ժողովուրդը անկախ պետք է ապրի», միաբերան հայտարարում են նրանք: Ըստ որոշ ականատեսներիՙ երբեմն-երբեմն իտալա-սեբորգական սահմանագծին հայտնվում է Սեբորգայի իշխանն անձամբ... որպեսզի էլ ավելի մգացնի սահմանագիծ խորհրդանշող կարմիր գիծը, իսկ իտալացի սահմանապահները այդ ամենին հետեւում են պարզապես լուռ: «Մենք անկախ պետություն ենք եւ կստիպենք աշխարհին ընդունել այդ փաստը», դեռեւս 1963-ին, ստանձնելով Սեբորգայի ղեկավարի պաշտոնը, հայտարարեց Ջորջիո 1-ինը: Կարծես թե նրա հաջորդները ամբողջովին համաձայն են նրա հետ:
Ուզո՞ւմ եք դառնալ ասպետ, խնդրեմ, վճարեք 50 հազար եվրո
Դեպի ծով ելք չունեցող, ընդամենը 14 քառակուսի կիլոմետր տարածքով Սեբորգան, որի իշխանը, երբ զբոսնում է քաղաքի հրապարակով, ասում են, թե «իշխանը շրջում է երկրով», ապրում է հիմնականում ծաղիկներ եւ նամականիշներ, գինի եւ պանիր վաճառելով եւ, անշուշտ, զբոսաշրջության շնորհիվ: Վերջինիս առումով Սեբորգան անգամ հատկացումներ է ստանում Եվրոմիության հանձնաժողովից, որտեղ ունի առանձին ներկայացուցիչ` ի դեպ: Հինավուրց ամրոցների, շինությունների պահպանումը ազգային նշանակություն ունեցող խնդիրներ են իշխանությունում, քանի որ բոլորն են հասկանում, որ, ասենք, նյույորքցին չի գալիս Սեբորգա` երկնաքեր տեսնելու: Ղեկավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ այսօր արդեն Սեբորգայում մի շարք օտարերկրացի ներդնողներ կան. որոշ հյուրանոցների, ռեստորանների, հանգստի գոտիների նախնական կապիտալը` հենց դրսից է: Բացի սրանիցՙ Սեբորգայում մշակվել է շատ հետաքրքական մի գովազդային արշավ: Ինչպես վերը նշել ենք, Սեբորգայի քաղաքացիներ են 326 հոգի, նրանք բոլորն ունեն Սեբորգայի պետական կնիքով անձնագրեր: Սակայն օտարերկրացին, մուծելով 2 եվրո, կարող է ստանալ Սեբորգայի «ժամանակավոր քաղաքացու անձնագիր», որն ուժի մեջ է մինչեւ մեկ տարին: Իսկ եթե ցանկացող կա դառնալու Սեբորգայի իսկական քաղաքացի, այսինքնՙ ասպետ, որն, ի դեպ, որեւէ հարկ չի մուծում իտալական պետությանը, ապա դրա համար օտարերկրացին պարտավոր է 50 հազար եվրո մուծել իշխանության գանձարան: Ամեն տարի Սեբորգայի իշխանի պալատում տեղի է ունենում հատուկ արարողություն, որի ընթացքում «ամենաարժանավորները» օծվում են ասպետ` Մալթյան շքանշանակիր: Սեբորգայում կարելի է նաեւ գնել «ժամանակավոր անձնագիր»` անձամբ իշխանի ստորագրությամբ: Իշխանության արտգործնախարար, ռեստորանատեր, իտալական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը հանուն Սեբորգայի անկախության պայքարի թողած Վալտեր Ֆերրարին հպարտանում է, որ այսօր Սեբորգան հիանալի հարաբերություններ ունի Վատիկանի ու Շվեյցարիայի հետ. «Մենք արդեն լիարժեք պետություն ենք, մեզ անգամ ճանաչել է Սան Մարինոն, մենք ներկայացուցիչ ունենք ԵՄ-ի հանձնաժողովում, ունենք պետականության բոլոր ինստիտուտները», ասում է նա` հավելելով. «Եթե Իտալիայում մեզ հանցագործ համարեին, ապա վաղուց կձերբակալեին ու կդատապարտեին»:
Դժվար է ասել, թե ո՞ւր կտանի անկախության ճանապարհը «ասպետների երկրին», առավել դժվար է պատասխանել հարցին, թե երբեւէ Իլհամ Ալիեւը ցանկություն կունենա՞, վճարելով 50 հազար եվրո, օծվել Սեբորգայի ասպետ, սակայն շատ ավելի հեշտ է լուծում գտնել այն հակամարտություններին, որոնք ընթացել են առանց պատերազմների: Քանի որ վերջինիս հետեւանքով առաջացած սպիները զգալիորեն դանդաղեցնում են այդ ընթացքը: Բայց, միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ պատերազմով ձեռք բերված բնիկ, ազգային հողը երբեք ինքնակամ հետ չի վերադարձվում:
Որպես վերջաբան
Սեբորգան սահմանադրական միապետություն է, պետական լեզուները` իտալերեն, լիգուրերեն, ֆրանսերեն, խորհրդարանը կազմված է 22 «ազնվականներից», որոնց ընտրում է իշխանը Սեբորգայի քաղաքացիներից: Դրամական միավորը լուիջանոն է: Նյու Յորքի բորսաներում մեկ լուիջանոյի համար վճարում են 6 դոլար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ