«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


ՄՈՍԿՎԱՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «ՉԻ ԽԱՂՈՒՄ»

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ` ԱՊՀ գործերով զբաղվող բաժանմունքի Կովկասի բաժնի տնօրեն Անդրեյ Կելինը «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում` խոսելով Կովկասում Ռուսաստանի դերի, տարբեր հակամարտությունների մասին: Կելինի խոսքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում եղած հակամարտություններից ամենաբարդն է: Նշելով ՌԴ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում` ռուս փորձագետը ասել է, թե ներկայումս խոսքը հակամարտության լուծման սկզբունքների մշակման մասին է: «Խնդիրը հետեւյալն է. ժամանակին մշակվել են Մադրիդյան սկզբունքները: Մինչ այժմ դրանք բավականին ձեւափոխվել են, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն հենքով, որ այն ժամանակ առաջարկել էին Մինսկի խմբի միջնորդները` ՌԴ-ն, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Նրանք կազմել են առաջնային ընտրությունը: Այժմ մեր ղեկավարները փորձում են հստակեցնել դրանք, եւ այդ առումով բավականին արդյունավետ աշխատանք է կատարվում: Դա շատ տքնաջան աշխատանք է: Իրականում համատեղ երկարաժամ հանդիպումներ են անցկացվում, որպեսզի ծավալուն ձեւակերպումները հստակեցվեն: Ռուսաստանը համադրում է իր գործունեությունը պաշտոնապես լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, քանի որ դա ընդհանուր առմամբ միջազգային ջանքեր են: Իսկ այժմ այնպիսի մի փուլ է, երբ նախաձեռնությունը պետք է լինի մեր ձեռքերում. այսինքն` ռուսական, որպեսզի տառացիորեն կողմերին քայլ առ քայլ բերեն խաղաղ համաձայնության: Մինսկի խմբի մեր գործընկերները` ամերիկացիներն ու ֆրանսիացիները, մեր այս ջանքերը գնահատելով` ասում են` խնդրեմ, շարունակեք: Հիմա, երբ կմշակվեն սկզբունքները, դրանց հիման վրա պետք է սկսվի խաղաղ համաձայնագրի կառուցումը: Հետո արդեն հնարավոր են դրական հանգուցալուծումներ», ասել է ռուս դիվանագետը: Կելինը ափսոսանք է հայտնել նաեւ շփման գծում լարվածության պահպանման առնչությամբ:

«Եթե չդադարեցվի այդ լարվածությունը, ապա տհաճ զարգացումներ են հնարավոր: Այդ իսկ պատճառով անում ենք ամեն ինչՙ կանխելու համար», ասել է Կելինը: Հարցազրույցում պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը խոսել է հակամարտության հարցում Իրանի ու Թուրքիայի շահագրգռվածությունից եւս: «Գաղտնիք չէ, որ նրանք շահագրգռված են եւ ոչ մեկ անգամ են առաջարկել միանալ գործընթացին, որեւէ կերպ օժանդակել: Սակայն, իրականում, ամեն ինչ կախված է հակամարտության կողմերից` Հայաստանից ու Ադրբեջանից: Անհրաժեշտ է, որ երկխոսության ու կարգավորման պատրաստակամության հարցում քաղաքական կամքը հաղթանակի: Հնարավոր էՙ ինչքան քիչ արտաքին կարծիքներ լինեն բանակցային սեղանին, այդքան ավելի հեշտ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություններ ձեռք բերեն: Այժմ ակնհայտ երեւում է, որ նրանց ավելի հեշտ է համաձայնությունների գալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ես կասեի, շատ ակտիվ միջնորդությամբ: Մեր նախագահի դերին ամեն կերպ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամները եւս», ասել է Կելինը, ընդգծելով, սակայն, թե ամեն դեպքում մեծ լավատեսություն դեռ շուտ է ցուցաբերել կարգավորման առնչությամբ: «Այժմ ընթանում է բանակցային փուլը: Կուզենայի հուսալ, որ սկզբունքները կմշակվեն, եթե, իհարկե, առաջնահերթությունների փոփոխություններ կամ այդ երկրներում քաղաքական տրամադրությունների կտրուկ հետընթաց չարձանագրվի, ինչը նույնպես չի բացառվում: Հնարավոր են իշխանափոխություններ: Եթե իշխանությունները փոխվեն, ապա նոր ղեկավարությունը պետք է նորովի մոտենա ու վերանայի արվածը: Սակայն հույս ունենք, որ դա տեղի չի ունենա», նշել է Կելինը: Ի դեպ, կապված արաբական հեղափոխությունների հետ` ռուս դիվանագետը նկատել է, որ Կովկասում դեպքերի նման զարգացում դժվար է պատկերացնել, քանի որ «Մերձավոր Արեւելքը բոլորովին այլ աշխարհ է: Բացի դրանից` իշխանությունները վերահսկում են առաջին հերթին ուժային ոլորտները, սա վերաբերում է Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, էլ չեմ խոսում` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասին», թվարկելով Հարավային Կովկասի բոլոր` դե յուրե եւ դե ֆակտո անկախ երկրները եւ շրջանցելով դրանցից մեկին», եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4