«Ես առաջարկեցի Հայաստանին միակողմանի հետ քաշել դիպուկահարներին, որպեսզի օրինակ ծառայի, բայց մերժում ստացա, ինչպես նաեւ Ադրբեջանում», բալթյան «Դելֆի» կայքէջին տված հարցազրույցում իր հարավկովկասյան այցն այսպես է ամփոփել մարտի 14-19 տարածաշրջան այցելած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը , առանց հստակեցնելու, թե ինչն է մերժել Ադրբեջանը` դիպուկահարներին միակողմանի հեռացնելու առաջա՞րկ, թե՞ մեկ այլ բան:
Լիտվայի ԱԳ նախարարը նշել է. «Այդպես համընկավ, որ երբ ես ժամանեցի, սպանվել էր ադրբեջանցի երեխան, իսկ երբ Հայաստան էի անցնում Վրաստանից, սպանեցին հայ զինվորականի»: Նրա խոսքերով, դիպուկահարները ոչ մի կողմում էլ ռազմական կամ քաղաքական հաջողություն չեն բերի, հակառակը, հետքաշումը կլիներ դրական արդյունք:
Աժուբալիսը դրական է գնահատել, որ կողմերը Սոչիում համաձայնել են «սկսել խորհրդակցություններ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի առնչությամբ»: Խնդրելով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հետաքննել միջադեպերը` Աժուբալիսը դեռեւս տարածաշրջանում եղած ժամանակ մտահոգություն է հայտնել երկու կողմերի ուժեղ սպառազինվելու կապակցությամբ, «ինչն ի ցույց է դնում վստահության բացակայությունը, իսկ բանակցությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ չկա լարվածություն»:
Լիտվացի դիվանագետն իր այցելությունը «դաշտային» է որակել, իր համոզմամբ ներկայացնելով, որ Սոչիի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահական եռակողմ հանդիպումից հետո «որոշակի տարածություն կա առաջխաղացման»:
Ա. Հ.