Արվեստը վերաբերմունք է աշխարհին, մտածողություն, արտահայտչակերպ. արվեստը գեղեցկություն է, ու դպրոցներն արվեստի առաջին կրթողներից մեկն են երիտասարդ սերնդի գեղագիտական մտքի, դրա առաջին ներարկողը, ուստի նրանց գործունեությունը եւ մանավանդ ակտիվ ու առողջ գործունեությունն առավել քան գնահատելի է:
Կ. Սարաջյանի երաժշտական դպրոցը, կրթական բազմամյա ավանդույթները շարունակում է այսօր էլՙ այն հարստացնելով նոր ծրագրերով` մանկավարժների նոր սերնդի խանդավառ ակտիվությամբ , Արմինե Պողոսյանի ղեկավարությամբ աշխատանքային-ստեղծագործական մտերիմ մթնոլորտում: Համերգային ծրագրերը պարբերաբար ուղեկցող մասն են դպրոցական կյանքի: Նախորդ օրվա միջոցառումը, սակայն, տարբեր էր նախորդներից, եւ արտասովորությունը համերգային ծրագրի կատարողական կազմն էրՙ այս անգամ ոչ թե աշակերտներից բաղկացած, այլՙ մանկավարժներից: Նրանք էլ դպրոցական առօրյայի երեկվա ավարտը վերածեցին իսկական տոնակատարության: Ծրագիրը մտահղացվել էր որպես շնորհավորանք-ընծա կանանց տոնական միամսյակին: Եվ դրվատելին ոչ միայն ծնողների, աշակերտների , հյուրերի, նաեւ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանի եւ աշխատակիցների մի խմբի ներկայությունն էր: Ըստ որում, համերգի ավարտին իր վերաբերմունքն առաջինը նա արտահայտեցՙ հոտնկայս ծափահարությամբ:
Համերգային ծրագրի մասնակիցները` ինչպես փորձառությամբ հմուտ մանկավարժներ, այնպես էլՙ երիտասարդներ, ոչ միայն սաների հաջողություններով են ներկայանալի, նաեւ հենց իրենց: Նրանցից շատերը հանդես են գալիս տարբեր նվագախմբերի կազմում, մասնակցում մրցույթների եւ դափնիների արժանանում: Շուրջ 55 տարի Սարաջյանի անվան դպրոցում մանկավարժական գործունեություն է ծավալում Գեղունի Չթչյանը, որի խոսքերի ջերմությունից միայն կարելի էր պատկերացում կազմել երաժշտական այս կրթօջախի մթնոլորտի եւ մանկավարժների բարեմիտ փոխհարաբերությունների մասին: Համերգի տպավորությամբ նրանց փոխադարձ շնորհավորանքների ջերմությունը միմյանց, դարձյալ անակնկալ էր: «Դու մեր հոգու լարերին դիպար, մեզ վերադարձրիր մեր ուրախ ու տխուր պահերը», հաճելի էր լսել վոկալի դասատու Լիլիթ Բասենցյանի շնորհավորանքը իր կոլեգայինՙ Աշոտ Սողոմոնյանին եւ մնացածներինՙ նույնպես:
Ծրագրում ընդգրկված էին երաժշտական մի շարք հայտնի ստեղծագործություններՙ Դեբյուսի «Լուսնի լույսը», Սեն-Սանս «Հավանեզ», Պիացոլլա «Լիբերտանգո», Սայաթ-Նովա «Էշխեմեդ», Անդրե Վերչուրեն «Վալս» եւ այլն: Համերգը Ֆորեի «Էլեգիայով» բացեց մանկավարժական բազմամյա փորձառությամբ թավջութակահար Գայանե Ռաֆայելյանը . նա ուսուցչությանը հաջողությամբ համատեղում է բեմական գործունեությունըՙ տարբեր նվագախմբերի կազմումՙ հանրապետական եւ միջազգային մրցույթների ու փառատոների մասնակցությամբ:
Սոնա Խաչատրյանը ՙ լարային բաժնի ուսուցչուհին, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող է դեռ եւ որպես ջութակահար հանդես է գալիս կամերային նվագախմբերի կազմում: Նրա կատարմամբ հնչեց Սեն-Սանսի «Հավանեզը»:
Մանկավարժական կարողությունները լավագույնս է դրսեւորում նաեւ ֆլեյտահարուհի Քրիստինա Ավագյանը , նրա սաները համերգային միջոցառումների հարուստ փորձ եւ հաջողություններ են արձանագրում: Նրա կատարմամբ հնչեց Դեբյուսիի «Լուսնի լույսը»:
Տպավորիչ էր քանոնի դասարանի դասատու Անուշ Կիրակոսյանի ՙ Սայաթ-Նովայի «Էշխեմեդի» մեկնաբանությունը: Նա նաեւ դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում, հեղինակ է մի շարք դասագրքերի: Միաժամանակ ստեղծագործական կյանքով է ապրում, մենահամերգներ ունենում ոչ միայն Հայաստանում, նաեւՙ դրսում: 2000-ին նրա թողարկած ձայնասկավառակը ԱՄՆ-ի «World Music» փառատոնին արժանացավ առաջին մրցանակի:
Նմանապես ունկնդրության հաճելի պահեր պարգեւեցին կիթառահարներ Ժորա Սարգսյանը (Վիլլա Լոբոս, «2 կոնցերտային էտյուդ») եւ Վարդան Շահինյանը («Տանգո-Ֆլամենկո»):
Հանդիսականի ջերմ վերաբերմունքին արժանացան ակորդեոնահար Աշոտ Սողոմոնյանի (Անդրե Վերչուրեն, «Style Musette» valse) եւ սաքսաֆոնահար Գոռ Ղասաբյանի (Միյո, «Բրազիլիերա», Կոսմա, «Թափված տերեւներ») տպավորիչ կատարումները: Գոռըՙ դպրոցի նախկին սաներից, օժտված եւ խոստումնալից` հետագայում մասնագիտական կրթությունը կատարելագործած, հանրապետական եւ միջազգային մրցույթներում հաջողությունների արժանացած, վերադառնալով հարազատ դպրոց, այժմ տաղանդավոր երաժշտի իր փորձն է փոխանցում սաներին: Մի շարք գործիքների տիրապետող շնորհաշատ մանկավարժ, բնույթով ակտիվ ու բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ Աշոտ Սողոմոնյանը դպրոցի ակորդեոնի դասարանի հիմնադիրն է: Միաժամանակ «Ազգ» օրաթերթի աշխատակիցը նույնկերպ դրսեւորվում է նաեւ այստեղ. մարդկային եւ աշխատանքային նույն սրտացավ ու ակտիվ վերաբերմունքը, մոտեցումը:
Համերգի անակնկալը եզրափակիչ համարիՙ մասնակից մանկավարժների անսամբլային գեղեցիկ մատուցումն էր` դպրոցի երգչախմբի կոնցերտմայստեր Թամարա Պողոսովայի դաշնամուրային նվագակցությամբ. հնչեց Պիացոլլայի «Լիբերտանգոն»` մեղեդու ռիթմերով ողողելով դահլիճը: Հաճելի էր հանդիսավարի` դաշնամուրի դասատու Ռուզաննա Մելիքսեթյանի մատուցման կիրթ անմիջականությունը:
Համերգային պաշտոնական մասին հաջորդող ինքնաբուխ համերգը հյուրասիրության սենյակում, ամենատպավորիչն էր, մասնակիցների անկեղծությունն ու անմիջականությունը հիրավի գարնանային օրվա բաց տրամադրության հրաշալի շարունակություն ու ձայնակցում էր. վարակիչ ուրախություն ու գնահատելի փոխըմբռնում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ