«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2011-03-30 | #56, 2011-03-31 | #57, 2011-04-01


ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՒ ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը կարեւորագույն, այս պարագայումՙ ազգային տեսակետից ամոթալի հարցեր է շոշափում: Երկու դատ է այս օրերին ընթանում Սփյուռքումՙ Ջերալդ Գաֆեսճյանն ընդդեմ Հրայր Հովնանյանի եւ Մարկ Կիրակոսն ու Բրայան Կաբատեկնՙ ընդդեմ Վարգդես Եղիայանի: Ու ճիշտ է նկատում մեր հոդվածագիրը. երկար տասնամյակներ Սփյուռքի տարածքում, հատկապես անկուսակցականների շրջանակներում, կար տիրապետող կարծիք, թե ավանդական մեր կուսակցություններն են փոխադարձ պայքարի ու մրցակցության մեջ անհանգիստ ու խռովյալ պահում Սփյուռքը: Անկախությունից հետո սակայն, երբ անկուսակցական տարբեր կազմակերպությունների ու հարուստ անհատների դերը մեծացավ տարբեր գաղութներում, տարբեր բախումներ ու անտեղի մրցակցություններ առաջացանՙ անիշխանականության ու անհամագործակցության մթնոլորտը շեշտելով, նույնիսկՙ ստեղծելո՛վ տարբեր գաղթօջախներում, ինչը վտանգավոր է ե՛ւ ազգային, ե՛ւ պետականության տեսակետից: Խնդիրը հասել է այնտեղ, որ որոշ անհատներ, ինչպես Նիցցայում եւ հավանաբար շուտով նաեւ Ժնեւում, ձեռնոց են նետում Մայր աթոռին անգամ զուտ եկեղեցական հարցերում: Վտանգավոր այս կացությունը առաջին հերթին պետք է մտահոգի մեր պետական իշխանություններին եւ ստիպի նրանց արագ արձագանքել դրանց:

ԽՄԲ.


Ամեն անգամ, որ արտասանում ենք «հայերս մենք ենք մեր վատագույն թշնամիները» տհաճ ասույթը, մի նոր իրադարձություն գալիս է հաստատելու այս անդուր նախադասությունը: Կարծես հերիք չէ հայկական մաֆիայի վերաբերյալ տարածված լուրերի պատճառած անհանգստությունը, հիմա էլ մեկ ուրիշ հասարակական սկանդալ է հասունանում, որն ուղիղ հարվածում է ոչ միայն մեր հեղինակությանը որպես անհատների, այլեւ մեր համընդհանուր շահերին:

Բավական երկար ժամանակ հասարակության «վատ տղերքն» ու «քավության նոխազները» քաղաքական կուսակցություններն էին, որոնք իբր ներքին խլրտումներ եւ թշնամանք էին առաջացնում համայնքի ներսում:

Այժմ ժամանակները փոխվել են, եւ նոր դերակատարումներ են հայտնվել բեմահարթակի վրաՙ ավելի վատ դրսեւորումներով: Օրինակներից մեկը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջը ծավալված իրադարձությունն է: Համայնքը ոգեւորված էր, որ ազգի բնաջնջման ծրագրի գործադրումից եւ պատմական հայրենիքի կորստից մեկ դար հետո ինչ-որ չափով փոխհատուցվելու էր 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Մի քանի առատաձեռն բարերարներ մտահղացել էին արտակարգ մեծ նվիրատվությունների միջոցով Վաշինգտոնումՙ Սպիտակ տնից մի քանի քայլ հեռավորության վրա կառուցել Հայոց ցեղասպանության մի թանգարան: Հավատում էինք, որ այդ երազանքը իրականություն կդառնա: Հայերս, վերջապես համախմբվելով, այս երկրի մայրաքաղաքի կենտրոնական մասում կանգնեցնելու էինք պերճախոս մի շինությունՙ ի հեճուկս թուրքերի, որոնք շարունակում են ժխտել 20-րդ դարի ամենադժոխային արարքը:

Բայց նախնական ոգեւորությանը եկավ փոխարինելու մռայլ ու ահազդու լռությունը, որին հետեւեցին փոխադարձ մեղադրանքներն ու դատական հայցերը Հայկական համագումարի եւ Ջերալդ Գաֆեսճյանի միջեւ:

Երազանքը խամրեց, բայց մեղադրանքները շարունակվեցին ուշադրության արժանանալ տարաբնույթ մամուլի էջերում, ապացուցելով, որ փողն ու շրջահայացությունը միշտ չէ, որ համերաշխորեն զուգորդվում են: Ներկայումս թանգարանի ծրագիրը մոռացության է մատնվել, եւ միայն իրար դեմ պայքարող երկու կողմերի եսասիրությունն է հաղթականորեն առաջ շարժվում:

Ձմռան վերջերին դատավոր Կոլլար-Կոտելին պաշտպանել է Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամի իրավունքըՙ հետ ստանալու թանգարանային համալիրի համար ձեռք բերված անշարժ գույքի գումարը բավական վտանգավոր մի վերապահությամբ առ այն, որ «Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը իրավական տեսակետից պարտավորված չէ անշարժ գույքի իր բաժինը օգտագործել թանգարան կառուցելու համար»: Սա նշանակում է, որ պատմական կարեւորության շինության ճակատագիրը կախված է Գաֆեսճյան ընտանիքի քմահաճույքից: Ջերալդ Գաֆեսճյանը կարող է տնօրինել այն ինչպես ցանկանում է: Հույս ունենք, որ նա ճիշտ կկողմնորոշվի:

Մյուս կողմիցՙ Ամերիկայի հայկական համագումարը պարզել է, որ «պրն Ջերալդ Գաֆեսճյանն ու պատվարժան դատավոր Կոլին Կոլլար-Կոտելին, ով վարում էր դատաքննությունը, ծանոթներ են եղել... եւ այդ ծանոթությունն ու նրանց համընդհանուր շահերը կարող են բացատրել, թե ինչու անվիճելի փաստերն անտեսելով դատավճիռը կայացվել է հօգուտ Գաֆեսճյանի»: Ներկայումս նոր դատական հայց է առաջ քաշվել, որը խոստանում է լինել առավել անաչառ եւ արդյունավետ, բայց նաեւ հավելյալ դատական ծախսեր, մսխումներ:

Եթե անտեսենք դատական պրոցեսում կողմերի ամբարտավանությունը, մեր առաջ կհառնի դավադրության տեսությունը: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ դավում է ոչնչացնել մի ամբողջ ծրագիր, որի նպատակն է Վաշինգտոնի կենտրոնում բարձրաձայնել արդարության ժխտման դեմ: Թուրքերը երեւի շատ երջանիկ են այս իրավիճակով: Եղեռնի հարյուրամյակը սարերի հետեւում չէ, իսկ դատական այս քաշքշուկի ավարտը չի երեւում դեռ: Արդարացի լինելու համար նշենք, որ կին դատավոր Կոլլար-Կոտելին իր 190-էջանոց վճռի վերջում նշել է. «Թողեք վեճ-վիճաբանությունը եւ թանգարանը կառուցեք»: Հայն ավելի ճիշտ չէր կարող արձագանքել:

Բայց սրանով մեր մտահոգությունները չեն սահմանափակվում:

Ներկայումս ընթացքի մեջ է մեկ ուրիշ դատական հայց, որի մասին լրատվություն արդեն տպագրվել է: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դրամական փոխհատուցման դատական գործով զբաղվող երկու փաստաբաններՙ Մարկ Կիրակոսն ու Բրայան Կատաբեկը «անպարկեշտ միջոցներով ստացված գումարները յուրացնելու» մեղադրանքով մարտի 11-ին դատական հայց են ներկայացրել ընդդեմ իրենց երրորդ գործընկերոջՙ փաստաբան Եղիայանի եւ Ռիտա Մանդեսյանի: Մեկ միլիոն դոլարի այդ գումարը, ըստ նախնական որոշման, պետք է տրամադրվեր հայկական համայնքային կազմակերպություններին: Պրն Եղիայանը հերքել է իր դեմ եղած մեղադրանքները:

«Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունների դեմ բացված դատական գործերի հաջող ելքը հույս էր ներշնչել, որ ի վերջո մասնակի արդարություն է կատարվում, եւ հետագայում ամերիկյան «դաշնային պահեստի» դռներն էլ կբացվեն, եւ հայերից Օսմանյան կառավարության խլած ոսկիները կվերադարձվեն իրենց իսկական տերերին:

Այս բոլորն անշուշտ նախնական քայլեր էին հետագայում Թուրքիայից վերջնական փոխհատուցում ստանալու ճանապարհին: Սակայն հենց այս սկզբնական շրջանում մենք արդեն իսկ խրվել ենք ճահճուտի մեջ, եւ փաստաբանները, որոնք հայ ժողովրդի համընդհանուր դատը պետք է պաշտպանեին, արդեն արատավորել են իրենց հեղինակությունը: Ինչպե՞ս կարող ենք հետապնդել մեր պահանջները Թուրքիայից, երբ սեւ ամպեր են կուտակվել պահանջատերերի ներկայացուցիչների գլխավերեւում:

Այս փուլում կարեւոր չէ, թե ով կշահի դատը, որովհետեւ վերջին հաշվով շահողը, հաղթանակողը Թուրքիան է, որ կարող է մեզ ծաղրի առարկա դարձնելՙ շահարկելով վերոնշյալ սկանդալային գործը:

Այս առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հրատարակած հաղորդագրության մեջ հեգնանքի արժանի մի նախադասություն կա, որտեղ ասված է, թե կողմերին դիմելով պահանջում են անհապաղ եւ ինքնակամ հստակ մասնագիտական հաշվետվություն ներկայացնել անկախ աուդիտորական մի հանձնաժողովի, քանի որ ի սկզբանե գործընթացը պետք է որ թափանցիկ լիներ:

Առաջին հայացքից ճիշտ եւ արդարացի մի պահանջ. բոլորն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սակայն ՀՅԴ-ն, որն ամենաքիչ թափանցիկ կազմակերպությունն է, պետք է վերջինը լիներ նման պահանջ ներկայացնելու համար: Չէ՞ որ այդ կազմակերպությունը դեռ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել 1988-ի երկրաշարժի կապակցությամբ իր հավաքած գումարների վերաբերյալ:

Վերոնշյալ դատական հայցերն օրինակներ են, թե ինչպես կարող են հայերն իրենց արարքներով վնասել իրենք իրենց: Երեւի իրենց 126-ամյա պատմությամբ մեր կուսակցությունները, թեկուզ իրենց ներկուսակցական պայքարով, այնքան չէին արատավորել մեր համընդհանուր շահերը, որքան այս դատական հայցերը: Այստեղ են ասելՙ մենք մեր մեջ բավականաչափ թշնամիներ ունենք եւ բոլորովին կարիք չունենք օտարների մեջ փնտրելու նրանց:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4