«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՍՐԲԱԳՐՈ՞ՒՄ Է» ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը «Թրենդ» գործակալությանը տված պարզաբանմամբ հայտարարել է, թե իբր Ադրբեջանը «ուժ չի կիրառել ու չի կիրառի քաղաքացիական օբյեկտների դեմ ի տարբերություն Հայաստանի, որը հայտնի է ահաբեկչությամբ ու պատերազմով քաղաքացիական բնակչության դեմ»:

Պոլուխովի մյուս դատողություններն ու իրականությանը ոչ մի աղերս չունեցող հայտարարությունները եւ մեղադրանքները, թե Հայաստանն է նման կեցվածք ու վարքագիծ դրսեւորողը, առանձնակի ուշադրության արժանի չեն, սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խոսել է ամեն ինչից, բացի որեւէ կերպ հիշատակելուց, թե Ադրբեջանը Ստեփանակերտ թռչելիք ինքնաթիռները սպառնում է ռմբակոծել:

Ադրբեջանական ԱԳ նախարարության խոսնակի դատողություններից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն այլեւս չի ցանկանում շարունակել կամ խորացնել ստեղծված իրավիճակը: Դա, նախ այն հանգամանքի ֆոնին, որ Միացյալ Նահանգները, մի կողմից, կարեւորում է էներգետիկ անվտանգոթյանն առնչվող խնդիրները, ասել է թե կարեւորում է Ադրբեջանը, մյուս կողմից, ի դեմս Ադրբեջանում դեսպան Մեթյու Բրայզայիՙ հայտարարում է բավականին հստակ ու բաց, որ քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները ռմբակոծելու հայտարարություններն անընդունելի են:

Մինչ Բրայզայի հայտարարույթունն ու դրանից հետո էլ տարբեր մակարդակներում անդրադարձները ավելի շատ հղում էին անում Միջազգային քաղավիացիայի կազմակերպությանը, թե վերջինս պիտի որոշի Ստեփանակերտ չվերթերի թույլատրելիության խնդիրը: «Ազգը» տեղեկացրել է, որ Հայաստանը նամակ էր ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից` ICAO-ից (International Civil Aviation Organization), որով ICAO-ն Երեւանին տեղեկացրել էր Ադրբեջանի անհանգստությունն ու նախազգուշացումները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Իսկ թե ինչ էր նամակի բովանդակությունը, չէր հրապարակվել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4