«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-03-31 | #57, 2011-04-01 | #58, 2011-04-02


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

«Ինչի՞ց է սկսվում հայրենիքը» հավերժական հարցը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների մեջ ունեցել է ամենատարբեր պատասխաններ: Մեզ` հայերիս համար այն առանձնապես կարեւոր ու կենսական նշանակություն ունի: Եվ իսկապես, բոլոր այն ժամանակներում եւ կոնկրետ պահերին, երբ ազգովին ու հստակ պատկերացրել ենք այդ հավերժահարցի պատասխանը եւ միացած ու մեկ բռունցք դարձած տեր կանգնել այդ սկզբին, անկախ հակառակորդի բազմապատիկ գերազանցող ուժերի առկայությունից, նվաճել ենք բաղձալի հաղթանակը: Այդպես է եղել Ավարայրում, Վանում, Արցախում... Եվ կլինի բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում, երբ կգիտակցենք, թե իսկապես ինչի՞ց ու որտեղի՞ց է սկսվում հայրենիքը:

Հավանաբար հայտնագործություն արած չեմ լինի, եթե մերօրյա այդ սկիզբը համարեմ Արցախ աշխարհը, նրա բարձրաբերձ սարերի ծերպերին հերթապահող զինվորին եւ այն հաստատ համոզմունքը, որ այդ զինվորն ու աշխարհի որեւէ վայրում բնակվող հայը տեր են, տեր կկանգնեն այդ գաղափարին: Հենց այս միակամությունը կռել-կոփելու, հայ զինվորի հոգին արիության ու հպարտության զգացումով, մշտապես ուշադրության կենտրոնում լինելու կենսահյութով հարուստ պահելու առաքելությամբ է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդը դեռ անցյալ տարվանից ձեռնամուխ է եղել շատ հետաքրքրական եւ միաժամանակ ազգանվեր միջոցառումների շարքի, որի իմաստն ու բովանդակությունը այսօր, հիրավի, խիստ անհրաժեշտ են եւ սպասված` պարբերաբար կազմակերպել հայ մտավորականների այցելություններ մեր զորամասերը, հանդիպել, զրուցել, տարբեր թեմաներով դասախոսություններ կարդալ անձնակազմի համար:

Այսպիսի մի հերթական այցելության, որը, ի դեպ, բացարձակ կամավոր սկուզբունքով է իրականացվում, մասնակից էի նաեւ ես:

Վաղ առավոտյան, պայմանավորված վայրից ճանապարհվեցինք: Հենց առաջին պահից ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գորովալից ողջույնը, հարմարավետ ավտոբուսը, հայրենի մտավորականների ժպտառատ հայացքները ջերմ ու անբռնազբոսիկ մթնոլորտի ստեղծման հիմքը դարձան: Վայելելով Վայոց ձորի, Զանգեզուրի եւ Արցախ աշխարհի ձմեռագարնանախառը բնությունը, ըմբոշխնելով ծիլ ու ծաղկի ծննդյան մոտալուտ շունչը, հասանք Ստեփանակերտ եւ միանգամից արժանացանք փառահեղ հյուրասիրության, որն ամեն անգամ կրկնվեց մինչեւ հրաժեշտի պահը:

Մեզ ողջունեց գեղեցկատես երիտասարդ գեներալ, ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Անդրանիկ Մակարյանը : Շամշադինյան բարբառի շեշտադրությամբ, բայց շատ գեղեցիկ եւ գրական հայերենով նա ողջունեց բոլորիս, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար եւ մաղթեց հաջողություններ:

Մեզ սիրով ընդունեց եւ շնորհակալական ու մաղթանքի խոսքեր հղեց նաեւ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հ. Հակոբյանը , ում հետ էլ գնացինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ ընդունելության: Վերջինս հակիրճ ներկայացրեց ԼՂ Հանրապետության վիճակը, հպարտությամբ նշելով, որ բնակչությունը ոչ միայն դադարել է գաղթել, այլեւ արձանագրվել է ծնելիության զգալի աճ: Ցավով արտահայտվեց դիրքերում արտակարգ դեպքերի եւ հակառակորդի տմարդի պահվածքի մասին: Հատուկ ընդգծեց, որ թշնամու յուրաքանչյուր գործողության մենք պատասխանում ենք կրկնակի, եւ դա է առայժմ, որ զսպում է նրանց: Հանդիպման վերջում նախագահը շնորհակալություն հայտնեց մեզ եւ հրավիրեց հարց ու պատասխանի ու անկեղծ զրույցի, ինչը շարունակվեց բավական երկար եւ ավարտվեց միայն, որովհետեւ քիչ ժամանակ էր մնում Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին:

Հաջորդ օրն առավոտյան ՊԲ-ի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Գ. Ժամհարյանի կողմից կազմակերպված ձեւով ներկայացվեց, թե մեզանից ովքեր որ զորամաս պիտի այցելեն: Կազմ ու պատրաստ մեզ էին սպասում զորամասերից եկած մեքենաները եւ ներկայացուցիչները: Քանի որ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի Բժշկական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պգթ, դոցենտ Ա. Ղամբարյանին եւ ինձ նշանակել էին Ստեփանակերտին մոտ տեղակայված զորամասեր, մենք այցելեցինք եւ դասախոսություն կարդացինք երկու զորամասերում:

Խուսափելով ինքնագովությամբ զբաղվելուց, նշեմ, որ երկուսիս դասախոսություններն էլ ստացվեցին: Ա. Ղամբարյանը խոսեց Հայկական հարցի ակունքների, էության եւ մերօրյա վիճակի մասին, իսկ ես` ազգային կուսակցությունների ստեղծման եւ ազգային-ազատագրական պայքարի հիմնականում հերոսական դրվագների, որոնք հիմք ու դպրոց դարձան արցախյան մերօրյա հաղթանակները կռելու համար: Հատկապես ոգեւորիչ էր այն, որ զինվորները շատ հարցեր տվեցին, պատասխանեցին մեր հարցերի մեծ մասին, այսինքն` շփումը ստացվեց: Իսկ ամենավերջում երկու զորամասն էլ մեզ երգելով ճանապարհեց: Իհարկե, բաժանման պահը հուզիչ էր ու մի քիչ տխուր, սակայն մեզ ոգեւորում էր լավ, ժամանակին ու ճիշտ գործ կատարած մարդու հոգեվիճակը: Իսկապես, այս միջոցառման հիմնական, կարեւորագույն իմաստն այն է, որ դիրքերում հերթապահող զինվորն ու սպան մշտապես համոզված լինեն, որ մենակ չեն, որ ողջ ժողովուրդը նրանց կողքին է, որի սերուցք մտավորականությունն էլ իր հետ է` դիրքերում:

Վերադարձից առաջ կրկին ճոխ հյուրասիրություն էր գլխավոր շտաբի ճաշարանում: Շնորհակալական եւ երկուստեք այս միջոցառման նշանակության բարձր գիտակցության զգացումով բաժակաճառեր փոխանակեցին պարոններ Գ. Հարությունյանն ու Ա. Մակարյանը, իսկ վերջում համոզմունք հայտնեցին` ակնկալվող մոտալուտ հանդիպման անհրաժեշտության մասին:

Վերադարձի ճանապարհին բոլորիս մեջ փոքրիկ ու կիսաթաքույց հպարտության զգացումը կար, կարեւոր, պատասխանատու ու հայրենանվեր գործին թեկուզ չնչին մասնաբաժին, նպաստ բերողի հանգստություն, ավելին անելու պատրաստակամություն, հավատ վաղվա պայծառ օրվա նկատմամբ: Բոլորիս մտքում մի դարձվածք էր պտտվում.

- Ցտեսությո՛ւն եւ մինչ նոր հանդիպում, Արցա՛խ աշխարհ...

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ առաջատար գիտաշխատող, պգթ, դոցենտ, Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4