Քննարկվեցին հեռավոր Արեգնադեմ համայնքի խնդիրները
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, նվիրված մարզի Ամասիայի ենթաշրջանի Արեգնադեմ համայնքի զարգացման խնդիրներին, հետաքրքրական էր նրանով, որ դրան մասնակցում էին ինչպես համայնքի, պետական կառույցների, այնպես էլ շահագրգիռ հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսօր հայաստանյան գյուղի զարգացումը, եթե նկատի ունենանք կուտակված հիմնահարցերի բազմազանությունն ու բարդությունը, միայն գյուղացու խնդիրը չէ:
Արեգնադեմ գյուղը Շիրակի մարզի եւ հանրապետության ծայրամասային, լեռնային բնակավայրերից մեկն է` այդ բնակավայրերին հատուկ բազում խնդիրներով: Վերջիններիս ավելանում են այս գոտուն բնորոշ խստաշունչ ու երկարատեւ ձմեռները, 1990-ական թվականների սկզբին, վերաբնակ ադրբեջանցիների հեռանալուց հետո Ջավախքից, ՀՀ տարբեր վայրերից եկած ու Ադրբեջանից բռնագաղթած բնակիչներով նոր ձեւավորված համայնք լինելը, սահմանային գոտուց ոչ հեռու լինելը եւ այլն: Քննարկման ժամանակ համայնքի հիմնախնդիրները ներկայացրեց Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը : Առաջին խնդիրն, ըստ նրա, գյուղում դպրոցական շենքի բացակայությունն է: Վերջինս փլվել է երկրաշարժին, իսկ արեգնադեմցի 64 աշակերտների համար այսօր որպես դպրոց ծառայում են այդ նպատակին տրամադրված երեք բնակելի տներ` յուրաքանչյուրը 100-110 քառ.մետր տարածքով: Համայնքը խմելու ջրի ներքին ցանցի նորոգման եւ ոռոգման ներքին ցանցի կառուցման, գյուղտեխնիկայի կարիք ունի: Չնայած վաղուց չէ, որ Համաշխարհային բանկի եւ գյուղնախարարության համատեղ ծրագրով ձեռք են բերել մեկ «Բելառուս» տրակտոր իր գյուղգործիքներով, սակայն դա, համայնքապետի վկայությամբ, այսօր կարող է ապահովել համայնքի կարիքների ընդամենը մոտ 10 տոկոսը: Կարեւորվում են նաեւ գյուղի գազաֆիկացման, գյուղատնտեսական մթերքների եւ հումքի իրացման, երիտասարդների համար ժամանցի կենտրոնի ստեղծման ու այլ խնդիրներ:
Ընդհանուր առմամբ լինելով ակտիվ համայնք եւ անցած տարիներին տարբեր կառույցների հետ իրականացրած լինելով մի շարք ծրագրեր, արեգնադեմցիներն ակնկալում են շահագրգիռ կազմակերպությունների աջակցությամբ ու նրանց հետ համագործակցությամբ այստեղ նաեւ զարգացնել էկոտուրիզմը, տնայնագործությունը, հիմնել կարի փոքր արտադրամաս, կառուցել խաղահրապարակ երեխաների համար, գարնանային ծառատունկ կատարել եւ պուրակ հիմնել...
Ինչպես ներկայացրեց Շիրակի մարզպետարանի բաժնի վարիչ Ռուբեն Հարությունյանը , համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մի մասի լուծումն արդեն իսկ նախատեսված է մարզի զարգացման պետական հաստատված ծրագրով: Մասնավորապես, գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումն ընդգրկված է 2012-2013 թթ. ծրագրում, նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են: 2012 թվականի համար ծրագրված է խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, 2013-ին` գյուղ բերող 1,2 կիլոմետր ճանապարհի նորոգում: Տարբեր ծրագրերով լուծվելու են կարգավորիչ ջրամբարի կառուցման, ոռոգման ցանցի վերակառուցման, ջրագծերի նորոգման եւ այլ հարցեր: Ըստ Ռ. Հարությունյանի, հիմնականում համայնքի կենսագործունեությունն ապահովված է, իսկ խնդիրներին փուլ առ փուլ լուծում կտրվի:
Ինչպես քննարկման ժամանակ նշվեց, այս տարին մեր երկրում հայտարարված է գյուղատնտեսության զարգացման տարի: Հայտարարելը, իհարկե, ինքնին դեռ բավարար չէ: Այս առումով ուրախալի էր լսել, որ այժմ մարզում ուսումնասիրություններ կատարելու են եկել ՀՀ գյուղնախարարության գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի մասնագետներ: Կլոր սեղանին մասնակցող այս գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձավ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հանրապետությունում գործողության մեջ դրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրին», վերջինիս մեջ Արեգնադեմի եւ պահանջվող չափանիշներին համապատասխանող այլ ակտիվ համայնքների ընդգրկման հանրավորություններին, կոնկրետ նաեւ խոստացավ համայնքին այդ հարցում օգնել: Համայնքի բազմակողմ զարգացմանն ուղղված բավական ուշագրավ գաղափարներով ու առաջարկություններով հանդես եկան նաեւ մասնակից տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գ. Մ.