«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ԲՌԱՎՈ՛, ԲՐԱՅԶԱ...

Նախիջեւանի օրինակի համար

«Չնայած կողմերից յուրաքանչյուրն իրեն է համարում արդարացի, ամեն դեպքում, ինքնաթիռ ռմբակոծելն անընդունելի է», ըստ ադրբեջանական գործակալությունների փոխադարձ հղումների, իրՙ նախկինում նմանատիպ հայտարարությունն այս տեսքով կրկին հնչեցրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` «Իրելի» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակում ներկա լրագրողներին:

Բրայզան նշել է, որ Միացյալ Նահանգները կողմ է, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով: Արձագանքելով հարցին, թե ինչպես կվարվեր ԱՄՆ-ը, եթե լիներ Ադրբեջանի տեղը, Բրայզան այլ կերպ է ընդգծել ասելիքը. «Ներկա դրությամբ Բաքու-Նախիջեւան ավիաչվերթն իրականացվում է Հայաստանի օդային տարածքով, եւ դա համարվում է ընդունելի»:

ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում իր գոհունակությունն է հայտնել այն առնչությամբ, որ Ադրբեջանի ղեկավարությունը «այլ դիրքորոշում դրսեւորեց ու փորձում է իր շահերը պաշտպանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում»:

  «Ազգը» նախորդ համարում նշել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարել էր, թե իբր Ադրբեջանը «ուժ չի կիրառել ու չի կիրառի քաղաքացիական օբյեկտների դեմՙ ի տարբերություն Հայաստանի, որը հայտնի է ահաբեկչությամբ ու պատերազմով քաղաքացիական բնակչության դեմ»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը որեւէ կերպ չէր հիշատակել, թե Ադրբեջանը սպառնում է Ստեփանակերտ թռչելիք ինքնաթիռները ռմբակոծել:

Մինչ Բրայզայի հայտարարությունն ու դրանից հետո էլ տարբեր մակարդակներում անդրադարձները ավելի շատ հղում էին անում Միջազգային քաղավիացիայի կազմակերպությանը, թե վերջինս պիտի որոշի Ստեփանակերտ չվերթերի թույլատրելիության խնդիրը: «Ազգը» տեղեկացրել է, որ Հայաստանը նամակ էր ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից` ICAO-ից (International Civil Aviation Organization), որով ICAO-ն Երեւանին տեղեկացրել էր Ադրբեջանի անհանգստությունն ու նախազգուշացումները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ: Իսկ թե ինչ էր նամակի բովանդակությունը` մնում է անհայտ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4