«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2011-04-01 | #58, 2011-04-02 | #59, 2011-04-05


ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է` ՍԱՀՈՒՆ ԱՆՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՍԱՀՄԱՆՈՎ

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը, Եվրոմիությունից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի հետ համատեղ, ներկայացրեց ծրագրի նպատակներն ու մինչ օրս ձեռք բերված հաջողությունները: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ սահմանային կառավարման ոլորտում իրենց դերակատարությունն ունեցող ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարներ, տարածքային զարգացման ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀԿՍՀԿ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Մալինցյանը պատվիրակներին նեկայացրեց ծրագիրը: Ըստ այդմ` «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ամբողջական ծրագրի ընդհանուր բյուջեն, որը տրամադրում է Եվրոմիությունը, կազմում է 6 մլն 315 հազար եվրո: Հայաստանյան ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն 402 հազար 784 եվրո: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ Հայաստանը ԵՄ-ից ստացել է 6 մլն եվրո եւս, եւ այժմ բանակցություններ են ընթանում եւս 2 մլն եվրո ստանալու կապակցությամբ` ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար: «Այս ապրիլի վերջին արդեն հայտնի կլինի ՀՀ հյուսիսային անցակետերում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթի հաղթողի անունը, որին պետք է ընտրել հայտ ներկայացրած հինգ միջազգային կազմակերպություններից, որից հետո` արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում ենք սկսել շինարարական աշխատանքները», ասաց Բաղդասարյանը` ընդգծելով, որ խնդիրը ՀՀ-ի համար ունի գերակա նշանակություն: «Մենք հույս ունենք, որ Բավրայի, Բագրատաշենի եւ Գոգավանի վերակառուցված, եվրոպական չափանիշներին համապատասխան անցակետերը էականորեն կակտիվացնեն Հայաստանի գործարար մթնոլորտը` կանխելով բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Ուզում եմ նաեւ մի ուրախալի տեղեկություն հաղորդել. այս տարի մենք Վրաստանի հետ երկկողմ համապատասխան համաձայնագիր կստորագրենք, որը ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային համագործակցության փայլուն օրինակ կլինի», նշեց Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը մեկ «լավ լուր» եւս հաղորդեց. «Այս տարի մենք խոշոր համաձայնագիր կստորագրենք նաեւ ԵՄ-ի Արեւելյան սահմանների կառավարման գործակալության հետ»:

Ներկայացնելով Հայաստանի սահմանային անցակետերում ներկա իրավիճակը եւ դրա բարելավման ուղիները` Գրիգորի Մալինցյանը, շեշտելով, որ չնայած ծրագիրը ներառում է ամբողջ Հարավային Կովկասը, սակայն Հայաստանի մասով (հասկանալի պատճառներով) ենթադրում է հիմնականում համագործակցություն Վրաստանի հետ, ասաց. «Այսօրվա դրությամբ ՀՀ-ն ունի 7 գործող պետական սահմանային անցակետեր. Բագրատաշեն, Բավրա, Այրում, Գոգավան (Վրաստանի հետ), Մեղրի (Իրանի հետ) եւ 2 օդային` «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններ:

Այսօր ցամաքային սահմաններն ընդհանուր առմամբ չեն բավարարում ՍՀԿ պահանջներին. ենթակառուցվածքները հնացած են, սահմանային չափանիշներն ու ընթացակարգերը բացակայում են, ներգերատեսչական համագործակցությունը ուժեղ չէ, միջգերատեսչական համագործակցությունը շատ փխրուն եւ թույլ է, սահմանների կառավարման ոլորտի գերատեսչությունների մեջ տվյալների կանոնավոր փոխանակում չկա, հարեւան երկրների հետ միջսահմանային համագործակցություն եւ տվյալների կանոնավոր փոխանակում տեղի չի ունենում: Անհրաժեշտ է կանոնակարգել ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Միջազգային եւ ազգային փորձագետների օգնությամբ օժանդակություն տրամադրել ՍՀԿ ոլորտում գործող մարմիններին եւ աշխատանքային խմբերին, համապատասխան գերատեսչությունների միջեւ անհրաժեշտ է ստորագրել միջգերատեսչական համագործակցության հուշագրեր, համատեղ հրամաններ եւ այլն, որոնք կօգնեն ՍՀԿ-ի գործնական իրագործմանը: Անհրաժեշտ է հստակեցնել ընթացակարգերը` դրանց հիմքում դնելով միջգերատեսչական համագործակցությունը: Սահմանային ստուգումները պետք է անցկացվեն այնպես, որ հեշտացվի ուղեւորների, տրասպորտային միջոցների եւ ապրանքների շարժը: Հարավային Կովկասի երկրների միջեւ համապատասխան համագործակցությունը պետք է կրի կայուն շարունակական եւ ինստիտուցիոնալ բնույթ եւ նպաստի տեղեկատվության փոխանակմանը»:

ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը նախատեսված է իրագործել եւ ավարտել 2011-15-ը: Մինչ այսօր, Մալինցյանի խոսքերով, ուսումնասիրվել են սահմանների համալիր կառավարման ոլորտին վերաբերող մի շարք իրավական փաստաթղթեր, կազմվել համապատասխան տեղեկանքներ ու ներկայացվել առաջարկություններ` ուղղված ոլորտում բարեփոխումների իրականացմանը եւ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: «Սահմանային ծառայությունների համար ձեռք են բերվել 185 հազար եվրո արժողությամբ նոր սարքավորումներ, սահմանային ծառայությունները ներկայացնող առնվազն 80 մասնագետների համար կազմակերպվել են մի շարք ազգային եւ միջազգյաին սեմինարներ. մասնավորապես կազմակերպվել է այցելություն Լիտվա եւ Լատվիա` ուսումնասիրելու ԵՄ անդամ այս երկրների փորձը եւ ներդնելու Հայաստանում», ասաց Մալինցյանը:

Վերջում ՀԿՍՀԿ հայաստանյան ծրագրի ղեկավարը ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ապահովել սահուն անցում անվտանգ սահմանով. «Սահմանն անցնող քաղաքացիները դա կանեն հնարավորինս արագ, առանց ավելորդ բյուրոկրատիայի, տարբեր խոչընդոտների, հստակ իմանալով, թե ինչ է իրենց սպասում սահմանի մյուս կողմում, միչդեռ հիմա, քաղաքացին, անցնելով, սահմանը, չի կողմնորոշվումՙ որ ուղղությամբ գնա», եզրափակեց Մալինցյանը: Ի դեպ` վերջինիս ելույթին ներկաներից որեւէ մեկը վերապահում չարեց, ինչից կարելի է ենթադրել, որ «սահուն անցում անվտանգ սահմանով» կարգախոս-նպատակը գերակա է բոլոր ներկա գերատեսչությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4