Երեւանի գեղարվեստի ակադեմիան (նախկինում գեղարվեստական ինստիտուտ) 65-ամյա կրթական գործունեության փորձ ունի: Հիմնադրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին (1945)ՙ զարմանալիորեն երկրիՙ քաղաքական, սոցիալական, տնտեսական ամենաքայքայված, դժվարին շրջանում: Սրա հոգեբանական, նաեւ բարոյական նշանակությունն է հատկապես ուշարժան, երբ նման պայմաններում հենց գեղարվեստի, գեղագիտության կրթությունն է պետականորեն համարվել առաջնային:
Անցած այս տասնամյակներին բուհում գեղարվեստի կրթություն ստացան հազարավոր երիտասարդներ, ընդլայնվեցին ուսումնա-կրթական բազան, ծրագրերը, ձեւավորվեցին ավանդույթներ: Ներկայում ակադեմիայում մասնագիտական կրթություն են ստանում կերպարվեստի տեսության, գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դիզայնի, հագուստի մոդելավորման, կիրառական արվեստի, համակարգչային գրաֆիկայի բաժիններում: Ակադեմիան, ընդլայնելով տարածքները, երկու մասնաճյուղեր բացեց Դիլիջանում եւ Գյումրիում: Գեղակադեմիան բուհական մեր համակարգում իր արժեքավոր տեղն է զբաղեցնում, եւ նրա պատկառելի ներդրումը մեր մշակութային զարգացումներինՙ ակնհայտ է:
Գեղակադեմիայի հիմնադրման 65-ամյակը կնշվի այսօր, Նկարիչների միությունում բացվող հոբելյանական ցուցահանդեսով, որից հետո հանդիսավոր արարողությունը կկայանա Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում:
Մ. Բ.