Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիան նշում է հիմնադրման 65-ամյակը: Հիմնադրումից սկսած բուհը փորձության տեւական շրջան է անցել, ընդլայնվել, ավանդույթներ ձեւավորել: Հայաստանի առաջին միակ արվեստի բուհը արվեստագետների բազմաթիվ սերունդներ է կրթել, որոնց մեջ հայ մշակույթի անվանի շատ անձեր:
65-ամյակին նվիրված ալբոմի ներածականում ԳԱԱ թղթակից-անդամ, ակադեմիայի բազմամյա պրոֆեսոր, արվեստի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Վիգեն Ղազարյանը համառոտ ներկայացնում է բուհի կրթական ու մշակութային նշանակությունը, խոսում հայ մշակույթի ուրույն ձեռագրի, ոճի մասին, որի ձեւավորման համար կարեւորում բազմազանության մեջ միասնության գաղափարը, ինչը հատկապես ակադեմիական կրթության մեջ իրականում հնարավոր է, եթե «ուսուցիչն իր սեփական տաղանդի զսպաշապիկը չպարտադրի իր սաներին, եթե որսա սաների ներքին ձգտումը»: Ուսուցչի նման կերպար նա տեսնում է Էդվարդ Իսաբեկյանի մեջ: Ակադեմիայի առաջին ռեկտոր Արա Սարգսյանը որպես նշանաբան ընտրել էր «նախ վարպետություն, ապա ստեղծագործական ազատություն»-ը, եւ որքան էլ դժվար էր խորհրդային տարիներին ընթանալ այս ճանապարհով, այն հնարավորինս իրագործվել է եւ շարունակվում է հիմա էլ, երբ գեղարվեստական ազատությունը շատ հաճախ վերածվում է հակագեղագիտական կամայականությունների:
Գեղարվեստի ակադեմիայի 65-ամյա հոբելյանը նշվեց 3 ցուցահանդեսներովՙ Ալբեր եւ Թովէ Բոյաջեան պատկերասրահում բացված տարաբնույթ եւ հետաքրքրական (լուսանկար, երգիծանկար, գեղանկար, գրաֆիկա) ցուցահանդեսով եւ Նկարիչների միության երկուՙ I հարկի ընդարձակ սրահում բուհի դասախոսների եւ 3-րդ հարկում ուսանողներիՙ հիմնականում մեկական աշխատանքների ցուցադրություններով:
Նման ցուցադրությունները, սովորաբար, թեմատիկ, կոմպոզիցիոն եւ կամ այլ, որոշակի չափանիշներ չեն ունենում, ուստի եւ նման մեկնաբանման դժվար է ենթարկել: Մասնակից, հատկապես անվանի արվեստագետներն արդեն իսկ հանրությանը հայտնի են անհատական ցուցահանդեսներով, իրենց ստեղծագործական առանձնահատկությամբ եւ նկարագրով: Եվ ինչպես ռեկտոր Արամ Իսաբեկյանն է ասում, նպատակը հանդիպմանՙ հաճելի, գեղարվեստական մթնոլորտ ստեղծելն էր, ինչն էլ իրականացավ: Դասախոսներն ու ուսանողները երեկ նույնՙ ազատ ստեղծագործողի կարգավիճակում էին, իսկ 3-րդ հարկի սրահում երիտասարդները ավելի նախաձեռնող էին, երաժշտություն կար, դաշնամուրային կատարում, երգեցողություն: (Ավելի ուշ նախատեսվում է ընտրանի ցուցադրությունՙ ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտների եւ դասախոսների լավագույն գործերի ընդգրկմամբ, նաեւ ալբոմի հրատարակում):
Ցուցահանդեսի բացման խոսքը Արամ Իսաբեկյանինն էր: ՀՀ վարչապետի բարեմաղթանք-շնորհավորանքը փոխանցեց Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը : Ըստ նրա, «ազգային հոգու բաբախուն զարկերակ-կրթական բարձրագույն հաստատությունները» կան եւ շարունակվելու են պետության ուշադրության կենտրոնում լինելՙ էլ ավելի հոգածությամբ: Նախարարը ակնկալեց նաեւ իր դիմանկարի որեւէ վարպետ վրձնի կատարում:
Որքան էլ ցուցադրության ընդհանուր բնույթին, այդուամենայնիվ, նրանց մեջ էլ գունային ու պատկերային մթնոլորտ ստեղծած գործերը առանձնանում էին: Տպավորիչ էին քանդակագործներ Գարեգին Դավթյանի նրբակերտ մանրաքանդակները, Գետիկ Բաղդասարյանի բազմիմաստ գործերը, Անատոլի Գրիգորյանի վառ, հյութեղ գունային ծովափնյա պատկերները, Արամ Իսաբեկյանի Աշտարակի իր տան մեղմ-բանաստեղծական բնանկարը, բավական ինքնատիպ էին Վիգեն Ղազարյանի սյուժետիկ (ջրհեղեղային) գործերըՙ գունային պայծառ լուսավորումներով, երբեմն ոչ սովորական երփնահամադրումներով, Աշոտ Հարությունյանի ամպրոպից հետո ծառի ու երկնքի «փոխըմբռնումները», Ավետիք Ավետիքյանի կանաչը եւ այլն:
Երեկոյան, ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի ունեցած հյուրասիրության հաճելի մթնոլորտում եղան նաեւ պարգեւատրումներ:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ