«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2011-04-02 | #59, 2011-04-05 | #60, 2011-04-06


ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿԸ 40 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԻԳՈՐ ՍՏՐԱՎԻՆՍԿԻՆ

2010-ի ապրիլին «Ազգի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք (տե՛ս ապրիլի 9-ի, մայիսի 1-ի համարները, ինչպես նաեւ մշակութային հավելվածը), որ ապրիլի 24-ին, ժամը 20-ին Քյոլնի ֆիլհարմոնիայում WDR սիմֆոնիկ նվագախումբն իր «Հայրենիքի ծեսերը» շարքում առաջին անգամ կատարեց Տիգրան Մանսուրյանի «Ubi est Abel frater tuus?» (Ո՞ւր է քո եղբայր Աբելը) թավջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը, որ ստեղծվել էր արեւմտագերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով եւ հնչեց մեքսիկացի կոմպոզիտոր Սիլվեստրե Ռեվուելթասի 1939-ին հեղինակած «La noche de los Mayas» նվագախմբի համար գրված սյուիտի, ինչպես նաեւ Իգոր Ստրավինսկու 1911-1913-ին հեղինակած «Le Sacre du printemps» («Օրհնյալ գարուն») երկու մասից բաղկացած ռուսական պատկերներ ներկայացնող ստեղծագործության կողքինՙ Մուզիկ տրիենալե համերգային ծրագրում:

Դիրիժորական վահանակի առջեւ դիրիժոր Սեմեոն Բիչկովն էր, մենակատարը` հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերը:

«Նրանց հայրենիքները մեզ համար էկզոտիկ են: Ռուս Իգոր Ստրավինսկին, հայ Տիգրան Մանսուրյանը, մեքսիկացի Սիլվեստրե Ռեվուելթասը համընդհանուրՙ երաժշտական լեզվով են ինքնարտահայտվում, այդուհանդերձ նրանց արտահայտչաձեւերը նույնը չենՙ նկատելի տարբերակված են հայրենական դաջվածքով: Հայրենիք եւ օտարություն, մերձավոր եւ հեռավոր, ծայրամաս եւ կենտրոն, այսպիսի հեռանկարային խնդիրների շուրջ են ծավալվում երեք ստեղծագործողների երաժշտական խորհրդածությունները», ծանուցում էր համերգային ազդագիրը:

Համերգը վերնագրված էր «Հայրենիքի ծեսերը», բայց նաեւՙ Heimat- heimatlos «Հայրենիք եւ հայրենազուրկ»: 2010-ի ապրիլի 24-ին կայացած Տիգրան Մանսուրյանի հետ մեր ծավալուն հարցազրույցի մի մասն ենք միայն ժամանակին հանձնել ընթերցողի ուշադրությանը, մյուս հատվածները թողնելով պատեհ առիթների: Այդ առիթն այսօր մասամբ ներկայանում էՙ 1971 թվականի ապրիլի 6-ին 88 տարեկանում Նյու Յորքում մահկանացուն կնքեց 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկըՙ Իգոր Ֆյոդորովիչ Ստրավինսկին, ում, կտակի համաձայն, հուղարկավորեցին Վենետիկում, Սան Միշել գերեզմանոցիՙ այսպես կոչված «ռուսական» տարածքում: Անշուշտ, մահվան 40-ամյակի առիթով կարելի էր առավել ծավալուն անդրադառնալ Ստրավինսկուն, բայց նկատի ունենալով, որ դրա հնարավորությունը կգտնենք հաջորդ տարիՙ նրա ծննդյան 130-ամյակի առիթով, այս անգամ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հիշյալ համերգի առիթով Տիգրան Մանսուրյանի հետ մեր զրույցի այն հատվածը, որ առնչվում է Ստրավինսկուն:

- Մաեստրո՛, ծրագրում երեք տարբեր անուններ ենՙ մեքսիկացի Սիլվեստրե Ռեվուելթաս, Տիգրան Մանսուրյան եւ Իգոր Ստրավինսկի: Ի՞նչն է ընդհանուր:

- Առաջին հեղինակը գրում է Մեքսիկայում ապրած մի հնագույն ժողովրդիՙ մայաների ծեսերըՙ նրանց հարսանեկան ռիթմերը, ուրախությունները: Շատ գեղեցիկ գործ է, սա վերհուշ է մի հայրենիքի, որ մարդիկ կորցրել են: Հեղինակը գեղարվեստական իրականություն է դարձնում մի ռեալ իրականություն, որ կորուսյալ է: Ստրավինսկին 1912-ին գրեց «Le Sacre du printemps» բալետը, դա ներկայացրեց Փարիզում եւ դրանից հետո չվերադարձավ Ռուսաստան, դեգերեց աշխարհով մեկՙ Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ում երկար ապրեց, Իտալիան շատ սիրեց, հիմա էլ այնտեղ թաղված է: Կարճ ասած, նա իսկական օտարական էր ամենուրեք: Եվ այսՙ իր օտար լինելը այսօրվա համերգի բովանդակության մաս է կազմում: 20-րդ դարում այսպիսի նշանակության եզակի օրինակներ կան, Պրոկոֆեւի, Շոստակովիչի անունների կողքին Ստրավինսկին իրոք չափազանց մեծ երեւույթ է:

- Ծրագրի բովանդակության մաս է կազմում նաեւ կենտրոնը եւ ծայրամասը:

- Էս էլ կա ըստ երեւույթին: Թեեւ պետք է ասեմ, որ Ստրավինսկու այս բալետի առնչությամբ Փարիզում պարզվեց, թե ռուս երաժշտությունն այլեւս պերիֆերիա չէ, մայրաքաղաք է ինքը: Ստրավինսկին ուր էլ որ ապրի, էնտեղ կդառնա երաժշտության մայրաքաղաք: Իր ամբողջ կյանքում այդպես եղավ համենայնդեպս:

- Նույնը չի՞ կարելի ասել նաեւ Մանսուրյանի պարագայում:

- Ախ, Աստված իմ: Միտքս շարունակեմՙ Ստրավինսկուն հնարավոր չէ մայրաքաղաքի եւ պերիֆերիայի տեսակետից էդպես բաժանումների տանել: Ինքն էր որոշումՙ որն է մայրաքաղաք եւ որն է պերիֆերիա: Ինքը եղավ այդ մեծ հայրենազուրկը: Կյանքի վերջին տարիներին անվերջ պահանջ ուներ ռուսերեն լեզուն լսելու: Իր այգեպանը ռուս էր եւ նույն բանը ուներ Սալվադոր Դալիի կինըՙ Գալան: Նա էլ ռուսերենի լսողության պահանջ ուներ: Տարիք է գալիս, երբ զգում ես, որ օտար ես, քո լեզուն, քո հիմքերը այնպիսի պահանջով են վերադառնում քեզ: Թվում է, թե աշխարհի քաղաքացի դարձավ, ամեն տեղ եղավ, բայց ահավասիկ օտարական էր: Երբ Ստրավինսկին մահացավ, BBC-ն ասացՙ մահացավ աշխարհի համար 1 կոմպոզիտորը: Ամեն օր էդՙ աշխարհում լինելու իր իրավունքը, իր անունը արյուն-քրտինքով է հաստատել:

Գրել է երաժշտությունՙ ռուսերենՙ փառավոր, ֆրանսերենՙ փառավոր, անգլերեն, լատիներեն, եբրայերեն, ընդ որումՙ ոչ թե թարգմանել է, հետո է գրել, ուղղակի այդ լեզուներով է գրել: Այս աստիճանի միջազգային է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4