«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՎԱՐՏԻՆ

Ավարտվեց հայ կանանց միամսյա տոնը: Ուրախություն կամ տոնականություն եղա՞վ կանանց սրտերում: Դժվար է ասել: Ավարտվեցին նաեւ հայ տղամարդկանց տվայտանքներըՙ քմահաճ կանանց սրտերը նվերաշռայլությամբ գրավելու նրանց փորձերը: Այստեղ ուրախություն հաստատ եղավ, օձիքներն ազատեցին տղամարդիկ:

Ափսոս, որ միամսյակի ավարտի Ավետման տոնի գեղեցիկ խորհուրդը մշուշվելու է նյութականության միեւնույն մտայնությամբ: Մենք սովոր ենք բոլոր երեւույթների, ցավոք, նաեւ հոգեւոր տոների աղավաղված ընկալման:

Ապրե՞ց արդյոք 30-օրյա այս ընթացքում տոնականության զգացում հայ կինը: Ովՙ ինչպես: Մենք ապրում ենք մեր կյանքն ընթացիկ, ինչպես օրն է այն բերում: Մինչդեռ այս միամսյակը դժբախտ էր Ծագող արեւի երկրին պատուհասած ողբերգությամբ ու ինչեր չեկան ու չդարձան մեր մոլորակի վրայով ու նաեւՙ մեր: Մենք շարունակում ենք պարապ ինքնավատնումըՙ որակ ենք իջեցնում ու գներ բարձրացնում, անտեղի դրամ, բնակարան ու ճոխ նվերներ շռայլում դրա կարիքը բնավ չունեցողներին, երբ կյանքըՙ իրական, այնքան անապահով ու այնքան կարոտյալ է:

Մեկինՙ հազար դեկան ոսկի,

Մեկինՙ ո՛չ փող մի պղնձի:

Գանգատվում էր միջնադարի տաղերգունՙ Ֆրիկը: Գանգատվում ենք նաեւ մենքՙ XXI դարի շեմին, եւ նաեւՙ այսօր: Գուցե պետք չէ՞: Բայց մթնոլորտն է պարտադրում: Ոչ գեղեցիկ մթնոլորտը: Չնայած ծաղկել են ծառերը: Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4