«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


«ՆՇԽԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ԳԱՂԱՓԱՐԸ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

Ճանաչված գեղանկարչուհի Արեւիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսներին «Ազգը» պարբերաբար անդրադարձել է: Երիտասարդ նկարչուհու պրպտուն միտքը նրան երբեք հանգիստ չի տալիս: Իր վերջին ցուցահանդեսից ստացած տպավորությունները դեռ մնացել են այցելուների հիշողության մեջ: Եվ ահա, Արեւիկն առանց դադարի իրականացրել է ճիշտ վեց ամիս առաջ մտքում խմորված մի գաղափար, որն արդեն իրականացավ երեկ «Բենիկ Պետրոսյան» թանգարանում առաջին ցուցադրությամբՙ միայն արվեստագետների համար: Վեց ամիսՙ գիշեր ու զոր Արեւիկն արարել է եւ իր գաղափարները դարձրել իրականություն:

«Նշխարք Հայաստանից». այսպես է նկարչուհին անվանել իր 12 մեծածավալ գործերը, որոնք արված են օրգանական ապակու վրաՙ ոսկով ու արծաթով: Յուրաքանչյուր նկար կրում է Տերունական աղոթքի մեկ տողը, որը թե մտքով, թե գունային լուծումներով ու մանրանկարչության էլեմենտներով միասնական լրացնում է մյուս տողին:

«Ես իմ նկարների այս շարքը նվիրում եմ որպես շնորհակալություն սփյուռքի այն կառույցներին, որոնք մեծ լումա ունեն հայապահպանության գործում: Սրտանց եմ աշխատել ու 12 այս գործերն իմ նվիրումն են մեր Անկախության 20-ամյակին, նաեւ Եղեռնի 100-րդ տարելիցին»:

Գաղափարը հետաքրքրել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը համաձայնվել է աջակցել ու սփյուռքի գաղթօջախներ հասցնել այդ արժեքավոր նվերները: Նախարարը դիտելով նկարները, պարզապես զմայլվել էր ու հիացմունքը չթաքցնելովՙ գոհունակությամբ նշեց, որ ապրիլի 22-30-ը բոլոր 12 նկարները կցուցադրվեն Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, եւ արդեն ստացել են Վեհափառ հայրապետի օրհնությունն ու աջակցությունը:

Այնուհետեւ նկարները մեկ ամիս կցուցադրվեն Երեւանում եւ նոր միայն հատիկ-հատիկ կնվիրաբերվեն սփյուռքի գաղթօջախներին: ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող այս հրաշալի գաղափարն իրականացավՙ եւս մեկ անգամ հիշեցնելով հայ մանրանկարչության հարուստ գանձարանը, որով դեռ շատ սերունդներ պիտի կրթվեն:

Արեւիկի 12 մանրանկարներն ունեն միասնության գաղափար, ինչպես Քրիստոսի նշխարքի բաժանելն իր 12 աշակերտներին, եւ կրում են աղոթքի մասնիկներ: Նկարչուհին հույս հայտնեց, որ մի օր 12 նկարներն աշխարհի տարբեր ծայրերից կհավաքվեն մի սրահում եւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին հույս ու հավատ կներշնչեն հայ ժողովրդին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4