«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2011-04-05 | #60, 2011-04-06 | #61, 2011-04-07


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Այս նամակով մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել մասնագիտական էթիկայի անթույլատրելի խախտում հանդիսացող փաստի վրա, որը կապված է հայ երաժշտագիտության խնդիրներից մեկի հետ:

Լայնորեն հայտնի է, որ ազգային երաժշտագիտության մեջ հայկական դաշնամուրային արվեստի ուսումնասիրությունը սկսվել է 20-րդ դարի 60-ական թվականներից, եւ այդ գործընթացը խորանալով պահպանվում է մինչեւ օրս: Հրատարակվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում մենագրություններ, դասագրքեր, գիտական հոդվածներ, ակնարկներ, ինչպես նաեւ մեթոդական եւ ուսումնական ձեռնարկներ: Դրանց ընդհանուր բովանդակությունը կազմում են հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունը, կատարողական արվեստի, մանկավարժության, երաժշտական դաստիարակության ու կրթության խնդիրները: Ընդհանուր առմամբ, հետազոտված է հսկայական ժամանակաշրջանՙ 19-րդ դարի 20-ական թվականներից մինչեւ մեր օրերը:

Այդ աշխատությունները, որոնց հեղինակները հիմնականում մեր երկրում հայտնի գիտնականներ են, հրապարակվել են ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայում, Պետերբուրգում: Մենագրություններից մեկը թարգմանաբար հրատարակվել է Բեյրութում: Հայաստանի եւ այլ երկրների մասնագիտական շրջանակներում լայն տարածում գտած հրապարակումների շնորհիվ ստեղծված է ազգային դաշնամուրային դպրոցի զարգացման հարուստ, բավականաչափ ամբողջական եւ հանգամանորեն ուսումնասիրված պատմություն: Այդ աշխատությունների ճանաչողական դերը, դրանց գիտագործնական արժեքը ճանաչված են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Պատահական չէ, որ 1980-ականներին առաջին մենագրությունը պաշտոնապես հանձնարարվեց որպես խորհրդային կոնսերվատորիաների ուսումնական ձեռնարկ: Պահպանվել են կարկառուն երաժշտագետներ, դաշնամուրային արվեստի պատմաբաններ Լ.Ա. Բարենբոյմի, Ա.Դ. Ալեքսեեւի, Ն.Պ. Կորիխալովայի, Ա.Ց. Մալինովսկայայի, Մ.Դ. Ավազաշվիլու եւ այլոց բազմաթիվ ասույթներ, չխոսելով արդեն հեղինակավոր հայ երաժշտական գործիչների մասին:

2010 թ. վերջերին «Կոմիտաս» հրատարակչությունում լույս տեսավ արվեստագիտության դոկտոր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ի.Լ. Զոլոտովայի «կցՑՌ ՐՈջՉՌՑՌÿ տՌՈվՌջՎՈ Չ ԸՐՎպվՌՌ (ՉՑՏՐՈÿ տՏսՏՉՌվՈ XX ՉպՍՈ)» գիրքը: Ինչպես հեղինակը բարձրագոչ հայտարարում է արդեն Ներածության մեջ, աշխատանքի նպատակն է ներկայացնել Հայաստանի 20-րդ դարի 2-րդ կեսի դաշնամուրային-կատարողական արվեստի ամբողջական պատկերըՙ մանկավարժության եւ դաշնամուրային կոմպոզիտորական ստեղծագործության հետ փոխկապակցված: Բնական է, որ հեղինակը ի վիճակի չէր լինի մոտենալ խնդրի լուծմանը, եթե չօգտագործեր հայկական դաշնամուրային արվեստի հարուստ պատմության վերաբերյալ մինչ այդ ստեղծված նյութերը, չհենվեր նախընթաց գիտական ու հրապարակախոսական գործունեության կեսդարյա ժամանակաշրջանում հրատարակված հիմնարար աշխատությունների վրա:

Սակայն, չնայած այդ նյութերի օգտագործմանը, Զոլոտովան բացառում է առկա գիտական գրականության անհրաժեշտ գիտական լուսաբանումը: Նա իր նախորդների եւ ներկայիս գործընկերների աշխատանքները զիջողամտությամբ անվանում է «պերսոնալիաներ» ընդհանուր հասկացությամբ, իր համար դրանց տեղը, կարեւորությունն ու արժեքը սահմանելով լոկ որպես «լուրջ օժանդակություն»: Նրա այսպես կոչված «պերսոնալիաների» հեղինակների համար, որոնք տասնամյակներով հետազոտում են հայ դաշնակահարների արվեստը, գրքում պատշաճ տեղ չի գտնվել: Նրանց անունները հիշատակվում են հպանցիկորեն, աննկատ կերպով, ինչ-որ տեղ ծանոթագրություններում, մասնակիորենՙ օգտագործված գրականության, մանավանդ հայերեն գրականության ցանկում:

Դրա հետեւանքով Հայաստանում եւ առավել եւս արտերկում անիրազեկ ընթեցողը կմտածի, թե ավելի վաղ ստեղծված որեւէ բան չի ունեցել նշանակալիություն եւ արժեք: Ստացվում է, որ ազգային երաժշտական մշակույթի այդ ճյուղի հետազոտությանը լրջորեն ձեռնամուխ են եղել միայն 21-րդ դարում` ի դեմս Ի.Լ. Զոլոտովայի:

Տվյալ մոտեցումը, բնականաբար, արժանանում է դատապարտման, քանզի խախտված է ոչ միայն մասնագիտական էթիկան: Այստեղ նպատակամետ կերպով համահարթվում է միջազգային ճանաչում ստացած հայկական գիտության ներդրումը եւ չի պահպանվում բոլոր գիտական հետազոտությունների համար պարտադիր հանդիսացող կարեւորագույն կանոնըՙ հավատարմությունը իմացության պատմությանն ու հաջորդայնությանը:

ՇՈՒՇԱՆԻԿ ԱՓՈՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4