Ըստ պաշտոնական տվյալների` մեր հանրապետությունում ու Լեռնային Ղարաբաղում կան վատ լսող 900 երեխաներ: Սա պաշտոնապես գրանցված թիվն է, իհարկե, իրական թիվն ավելին կլինի: Տարեկան 100-120 երեխաներ ծնվում են լսողության խնդիրներով: «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության համանախագահ Սուսաննա Ժամակոչյանի փոխանցմամբ` տարեկան 1000 երեխաներից երկուսը ծնվում են հենց լսողական խնդիրներով: Տիկին Ժամկոչյանը տեղեկացնում է, որ իրենց կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին եւ նպատակ ունի նպաստելու վատ լսող երեխաների սոցիալիզացիային: Երեկ «Արմատ» ակումբում Սուսաննա Ժամակոչյանը նշեց, որ տարբեր ծրագրերի միջոցով իրենց կազմակերպությունը կարողացել է Հայաստան ներկրել լսողական խնդիրներն ախտորոշող սարքեր: Կազմակերպությունը ներկրել է նաեւ լսողության սարքեր, որոնք, ըստ բանախոսի, լսողության խնդիրներ ունեցող մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրում են անհատույց: Իսկ 12 տարեկանից բարձր երեխաներին լսողական սարքերն անվճար տալիս է կառավարությունը:
Ի. Պ.