Ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծություններինը` ավելացել: Հայաստանի համար սա ավելի քան մտահոգիչ երեւույթ է, հատկապես եթե հաշվի առնենք ժողովրդագրական խնդիրներն ու արտագաղթը, որոնց առաջ այսօր կանգնած է մեր պետությունն ու եկեղեցին: Վերջինս այս եւ նման մտահոգություններին նվիրված` փետրվար ամսին կանանց խորհրդաժողով էր հւավիրել Գարեգին Բ հայրապետի նախագահությամբ: Ամուսնալուծությունների թեմային, մասնավորապես դրանց սոցիալական ու սոցիալ նաեւ հոգեբանական պատճառներին «Ազգը» հանգամանալից անդրադարձել է: Սակայն ամուսնալուծությունների եւ ընտանիքների քայքայման պատճառները միայն այդ երկուսը չեն:
«Այգ» հոգեբանական ծառայությունների գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը մինչ ընտանիքների քայքայման պատճառներից խոսելը, մի դիտարկում է անում. «Հիմա ընտանիքների վերաիմաստավորում է կատարվում: Եվրոպական երկրների հետ շփումն ու եվրոպական ապրելակերպը հայկական ընտանիքներ նոր պատկերացումներ են բերում»: Խառնամուսնությունների վերաբերյալ հոգեբանն ասում է, որ հայերը նույնիսկ սկսել են ամուսնանալ սեւամորթների հետ: Տարբեր ազգերի հետ ամուսնական կապերի ձեւավորումը եւ եվրոպական վարքերի ու բարքերի դրսեւորումը հայկական ընտանիքներում Ռուբեն Պողոսյանը որակեց որպես ընտանիքի տեսակի փոփոխման միտում. «Եվ ես դա դրական չեմ գնահատում: Եվրոպայից այստեղ կգա ոչ միայն լավը, այլեւ մի մեծ շերտ էլ վատը: Օրինակ` այդ վատերի մեջ է մտնում հոմոսեքսուալիզմը: Այստեղ սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցը կբարձրացվի, ինչը երբեք չի կարող նպաստել նորմալ ընտանիքների ստեղծմանը»:
Հոգեբանին առանձնակի հուզում են գլոբալիզացիայի կլանող հատկությունները, որոնց պայմաններում չենք կարողանում գծել այնպիսի սահմաններ, որպեսզի մեր ընտանեկան մշակույթն ունենա իր ազգային դեմքը: «Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե միասեռ «ընտանիքներ» ու նման զույգեր լինեն: Էլ ինչպե՞ս կկարողանանք փոխել մեր ժողովրդագրական վիճակը: Միասեռներից կազմված «ընտանիքները» ես ընտանիք անվանել չեմ կարող, թեեւ Եվրոպայում անվանում են», ասում է Ռուբեն Պողոսյանը եւ ընդգծում, որ հոմոսեքսուալների «ընտանիքները» շրջապատի վրա, անշուշտ, կունենան իրենց բացասական ազդեցությունը. «Պատկերացնո՞ւմ եք` հանկարծ մեզանում հոմոսեքսուալները երեխաներ որդեգրելու իրավունք ունենան, սերունդների ինչպիսի՞ խեղում կլինի: Չեմ ուզում, որ նման անտանելի խնդիրների առաջ կանգնենք»: Զրուցակցիս կարծիքով` գլոբալիզացիան եւ արտասահմանի հետ շփումն ինչ-որ առումով ե՛ւ քայքայում, ե՛ւ վերաիմաստավորում է հայկական ընտանիքները:
Բացի ամուսնալուծություններից, ավելացել են նաեւ դավաճանությունները: Ըստ Ռուբեն Պողոսյանի` շատերը սերն ու հավատարմությունը նույն դաշտում տեսնել չեն կարողանում. «Ամուսնական կյանքի հանդեպ մի տեսակ անլուրջ մոտեցում է նկատվում, ինչը եւս պայմանավորված է Եվրոպայից եկող «քամիներով»:
Ամուսնալուծությունների առաջնային պատճառներից է նաեւ անհաջող սեռական կյանքը: Թերեւս սա այն պատճառն է, որից ամուսնալուծվող զույգերը խուսափում են խոսել: Մեզանում սեռական մշակույթը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ հաճախ սեռական կյանքը ամուսնական կապերն ավելի ամուր դարձնելու փոխարեն` քայքայում է ընտանիքները: Սեքսուալ կյանքի վերաբերյալ թերի գիտելիքները, սեռական մշակույթի ցածր մակարդակը վաղ թե ուշ շատ զույգերի մեջ անկողնային անախորժությունների պատճառ են դառնում: Սեռական կյանքի խնդիրներին «Ազգը» անդրադարձել է մարտի 29-ի համարում: Սեռական կյանքի խնդիրները հասցնում են ընդհուպ ամուսնալուծությունների: Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշում է, որ ընտանիքում երջանկության, հաշտ ու խաղաղ մթնոլորտի գրավականը հենց սեքսուալ առողջ հարաբերություններն են: Թեեւ Հայաստանում սեռական մշակույթը տարիներ շարունակ ճահճացած վիճակում է եղել, այնուամենայնիվ Վրեժ Շահրամանյանը ուրախությամբ նշում է, որ այդ վիճակից դուրս գալու միտումներ արդեն տեսնում է. «Վերջերս երիտասարդ զույգերը մինչեւ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգի: Արդեն սեռական կյանքի վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացման միտում է նկատվում»: Բժիշկ Շահրամանյանի խոսքով` ամուսնանալ պատրաստվող զույգերը պետք է տիրապետեն նաեւ սեռական առողջությանը վերաբերող անհրաժեշտ գիտելիքներին: Բացի սեքսուալ հարաբերություններից, սեքսապաթոլոգն ընտանիքում առողջ մթնոլորտ ձեւավորելու մեջ կարեւորում է նաեւ կնոջ ու ամուսնու հայացքների ընդհանրությունը, սերն ու միմյանց հանդեպ վստահությունը:
«Ազգի» դիտարկմանը` ինչո՞ւ են շատ զույգեր խուսափում սեքսապաթալոգին դիմելուց, Վրեժ Շահրամանյանը պատասխանում է, որ տարիներ առաջ դիմելիությունն ավելի քիչ էր. «Իսկ չդիմելու պատճառները տարբեր են. չեն դիմում, որովհետեւ սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումներ ունեն, մինչդեռ սեքսապաթոլոգը սեքսուալ առողջության բժիշկն է»: Այնուհետեւ զրուցակիցս նշում է. «Եթե սեռական կյանքում խնդիրներ են առաջացել, ապա պետք չէ լռել ու սպասել անորոշության մեջ, պարզապես հարկավոր է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը»:
Առողջ ընտանիքը կայուն հասարակության գրավականն է, հետեւապես ամուսնալուծությունների թիվը պետք է նվազեցնել: Հայկական ընտանիքների քայքայումով անհանգստացած է նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Իր նախորդ անդրադարձում «Ազգը» գրել էր, որ Մայր աթոռում քահանայից հավաքի ժամանակ, որին մասնակցել են շուրջ 250 եկեղեցականներ, քննարկվել է «Ընտանիքն ու հոգեւոր հովիվը» թեման: Դարեր շարունակ հայության համար եկեղեցին ազգապահպան նշանակություն է ունեցել, հետեւապես այսօր էլ եկեղեցին պետք է միջամտի հայկական ընտանիքների պահպանման գործին: Սակայն միջամտությունը չպետք է սկսվի ու վերջանա միայն պսակադրության արարողությամբ: Լավ կլինի, որ հոգեւորականները մտնեն ժողովրդի մեջ, իհարկեՙ նրանք հիմա էլ ժողովրդի մեջ են, սակայն հեռուստատեսային ելույթներով կամ տարբեր միջոցառումներն իրենց օրհնությամբ բացելով` հոգեւորականները դժվար թե կարողանան ձեւավորել հոգեւոր մթնոլորտ հայկական ընտանիքներում: Բացի դրանից` այսօր կյանքի ռիթմը, ինֆորմացիայի ազատությունը մարդկանց թելադրում են միանգամայն այլ, ոչ այնպիսի արժեքներ, որոնցով մարդիկ առաջնորդվել են տարիներ առաջ: Այսպիսի պայմաններում հոգեւորականը քարոզներով հազիվ թե կարողանա կանխել հայկական ընտանիքների քայքայումը: Այսօր ընտանիքներում հոգեւոր մթնոլորտ ձեւավորելու եւ պահպանելու համար նոր մոտեցումներ են հարկավոր: Ամուսնական զույգը պետք է վստահի իր հոգեւոր հովվին, իսկ վերջինիս աշխատանքն էլ չպետք է սահմանափակվի միայն պսակի ձեւաչափով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ