Ի՞նչ կարելի է ասել մի մարդու, որը անում է եզրակացություն, այնուհետեւ, հիմնավորելով իր իսկ արած եզրակացությունը, հերքում: Մինչ հարմար ածական գտնելը, տանք այդպիսի մարդկանցից մեկի անունը. Մարկ Գորին: Իսրայելական «Սպուտնիկ» թերթի գլխավոր խմբագիրը մասնագիտությամբ պատմաբան է, եւ թերեւս հաշվի առնելով, որ Գորինը, ինչպես նաեւ իսրայելական «Շաբաթվա լուրեր» թերթի գլխավոր խմբագիր Պյոտր Լյուկիմսկին «Բաքվի հրեաներից են», ադրբեջանական «Վեստի.ազ»-ը բացառիկ հարցազրույց է վերցրել նրանցից: Ի դեպ, կոնկրետ «Վեստի.ազ»-ը իսրայելական «հովանավորներ» ունի, քանի որ, ինչպես կարելի է նկատել այդ կայքին հետեւելիս, տարբեր ոլորտների մասնագետները, հրեա լինելու պարտադիր եւ «Բաքվի հրեա» լինելու ցանկալի պայմաններով այդ կայքի մշտական հյուրերն են:
Ինչեւէ, անդրադառնանք Մարկ Գորինին, քանի որ վերջինս, լինելով պատմաբան, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, իսկ այս թեման հատկապես ապրիլյան այս օրերին կոնկրետ Իսրայելում բավական արծարծվող է, ինչն ընդունել է նույն Գորինը: Նախ, հարցազրույցի հենց սկզբում Գորինը նշում է, որ իր կարծիքով (որպես պատմաբանի), «1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի անվանել ցեղասպանություն», իսկ իր եզրակացությունը հրեա պատմաբանը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Բոլորը գիտեն, որ այդ ժամանակ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որտեղ Օսմանյան կայսրությունը հակամարտում էր Անտանտի հետ: Հենց այդ ժամանակ էլ բրիտանական եւ ռուսական հետախուզությունը, լավ իմանալով, որ հայերը անհագուրդ ցանկություն ունեն` վերականգնելու իրենց պետականությունը, խոստացան վերջիններիս` հաղթանակից հետո ստեղծել հայկական պետությունը, ինչն ի վերջո տեղի ունեցավ, սակայն Հարավային Կովկասի տարածքում»: Գորինի հարցազրույցի այս հատվածում կցանկանայինք ուշադրություն հրավիրել ոչ թե «բրիտանական եւ ռուսական հետախուզության» եւ Օսմանյան կայսրություն-Անտանտ հակամարտության վրա, այլ հրեա պատմաբանի արտաբերած` «...հայերը անհագուրդ ցանկություն ունեին` վերականգնելու իրենց պետականությունը» մասին: Այսինքնՙ հայերը ունեցե՞լ են պետականություն այս տարածքներում, չէ՞ որ «վերականգնել» նշանակում է վերականգնել նախօրոք եղածը: Գորինի հաջորդ մտքերը պարզապես ապացուցում են, որ վերջինս, մեղմ ասած, «այնքան էլ պատմաբան չէ»: Այսպես` ռուսական բանակի գեներալ Անդրանիկը Գորինի ուսումնասիրած պատմությունում «թուրքական բանակի գնդապետ է» դարձել. «Որքան ես գիտեմ` թուրքական բանակում կար էթնիկ հայերից կազմված զորախումբ` թուրքական բանակի գնդապետ Անդրանիկի հրամանատարությամբ, որին եւ բրիտանացիներն ու ռուսները հրահրեցին ապստամբել օսմանյան թուրքերի դեմ...», այստեղ թերեւս բավարարվենք միայն ողջունելով Գորինին իր` «Որքան ես գիտեմ...»-ով նախադասությունը սկսելու համար: Այնուհետեւ, «այն բանից հետո, երբ Անդրանիկը ապստամբեց Օսմանյան կայսրության դեմ, թուրքերը որոշեցին հայերին արտաքսել դեպի կայսրության խորքը: Այո, այդ արտաքսումը դաժան էր, հենց այդ ժամանակ հայերի վրա հարձակվել են քրդերը, որոնք սկսել են ոչնչացնել հայերին: Իսկ թուրքերը պարզապես չնկատելու են տվել...»: Սա զավեշտի, ներողություն, բայց խեղկատակության վերջին աստիճանն է թերեւս: Այդ երբվանի՞ց նաեւ բռնի տեղահանումը չի համարվում ցեղասպանություն, այդ երբվանի՞ց «սպանդի ենթարկվող մարդկանց առջեւ» «աչք փակելը» չի համարվում ցեղասպանության մասնակից լինել, այս հարցերին լավ կլիներ պատասխաներ հրեա պատմաբանը` որի պետությունը, ավելին` բարեկամ Ադրբեջանը «հասկանալի պատճառներով» «չեն սիրում քրդերին»: «Այնպես որ բոլոր հայ զոհերը քրդերի, այլ ոչ թուրքերի խղճին են: Ահա այն պատմությունը, որը ես գիտեմ: Եթե որեւէ մեկը կապացուցի, որ ես իրավացի չեմ, ես պատրաստ եմ նրա հետ նստել քննարկման», «փակում է» իր սեփական պատմության գիրքը հրեա պատմաբանը:
Մինչ այդ, սակայն, Գորինը հասցրել է ադրբեջանական կայքին ասել նաեւ հետեւյալը. «Բրիտանական հանրագիտարանը հստակ տալիս է 1911-ին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ճշգրիտ թիվը. 1 մլն 200 հազար: Ես, նաեւ, որպես լրագրող, զրուցել եմ շատ մարդկանց հետ, որոնցից իմացել եմ, որ այսքան հայերից այդ ժամանակ զոհվել են շուրջ 400 հազարը: Սրան ես ըստ էության հավատում եմ», հենց այսպես` թեկուզ 400 հազար անմեղ հայերի կոտորածը ցեղասպանություն չորակող պատմաբան-լրագրողն ի վերջո հանգստացնում է ադրբեջանցի լրագրողին, ասելով. «Իսրայելի խորհրդարանը չի ճանաչի այս իրադարձությունները որպես հայերի ցեղասպանություն, որովհետեւ. նախ` մեր հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան էլ վատ չեն, ինչպես կցանկանային ոմանք: Այո, Էրդողանը սխալ վարքագիծ է որդեգրել, բայց մեր ռազմական համագործակցությունը Անկարայի հետ նախկինի պես հրաշալի է: Բացի դրանիցՙ Թուրքիայում շարունակում են սպասել հրեա զբոսաշրջիկներին, չնայած պետք է արձանագրել, որ Էրդողանի վարքագծի հետեւանքով Թուրքիան անցյալ տարի կորցրեց կես միլիարդ դոլար: Իհարկե, Իսրայելը չի ճանաչի դեպքերը ցեղասպանություն, քանի որ մենք ինքներս հավատացած չենք դրանում, եթե հայերն իրոք ցեղասպանության ենթարկված լինեին, ապա միջազգային որեւէ իրավական կառույց, ոչ թե քաղաքական, կընդուներ այդ փաստը»: Այստեղ արդեն պարոն Գորինը ցուցաբերում է տարրական անտեղյակություն. ի տարբերություն քաղաքական կառույցների, որպեսզի միջազգային որեւէ իրավական կառույց ճանաչի կամ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նախ պետք է այդ կառույցին դիմել, իսկ ոչ Հայաստանը, ոչ Սփյուռքի որեւէ կառույց կամ անհատների խումբ, չեն դիմել միջազգային որեւէ դատարան: Նույնը չի արել նաեւ Թուրքիան: Ի դեպ, եթե Անկարայում եւ նրա «մերձակա» Բաքվից-Թել Ավիվ ընկած ճանապարհում գտնում են, որ Ցեղասպանություն չէ եղածը, ապա ինչո՞ւ չեն դիմում միջազգային դատարան` հայերի ու Հայաստանի դեմ «զրպարտության» հայցով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ