«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ԻՆՉՊԵՍ Է ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽԶՆՆՈՒՄԸ

Նոր կարգով կվերանա անօրինական 5 հազար դրամների վճարման հնարավորությունը

2007-ին Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման իրականացումը վերցվեց ճանապարհային ոստիկանությունից եւ հանձնվեց մասնավորին: Նպատակն էր վերացնել այստեղ առկա կոռուպցիան, ինչը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ այս անգամ էլ տարածքային սահմանափակում մտցվեց տեխզննման կայանների քանակի եւ դրանցից օգտվողների համար: Այսինքն, կոնկրետ մարզում գրանցված մեքենան պետք է տեխզննում անցներ միայն տվյալ մարզում գտնվող մեկ կամ երկու տեխզննման կայաններում: Փաստորեն, ընտրություն կատարելու իրավունք մեքենաների սեփականատերերը չէին ունենում:

Այս իրավիճակը փոխելու նպատակով, տրանպորտի եւ կապի նախարարության առաջարկով, կառավարությունը անցյալ տարվա օգոստոսին որոշեց վերացնել տեխզննման կայանների քանակի սահմանափակումը եւ տեխզննության կարգն ամբողջությամբ ազատականացնել: Այսինքն, տեխզննման կայան կարող է հիմնադրել ամեն ոքՙ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում, ինչի մասին միջգերատեսչական լիցենզավորող հանձնաժողովը մրցույթ պետք է հայտարարի:

Այդուհանդերձ, այդ կայանների սեփականատերերը հաջողությամբ կարողանում են դիմադրել բարեփոխումներին, ինչի հետեւանքով ավտոմեքենաների տեխզննումը շատ հաճախ դառնում է ձեւական: Բացի օրինական վճարներից, նրանք, մեքենաների սեփականատերերից գանձելով 5 հազար դրամ անօրինական վճարներ, տրամադրում էին մեքենայի տեխնիկական զննում անցնելու կտրոնը: Ընդ որում, շատ հաճախ առանց մեքենաների զննում անցկացնելու: Նման իրավիճակը վերացնելու նպատակով կառավարությունը վերջերս նոր փոփոխություններ կատարեց եւ սահմանեց տեխնիկական զննման նոր կարգ: Դա, ի դեպ վերաբերում է միայն անհատական օգտագործման մարդատար ավտոմեքենաներին: Բեռնատարների ու հասարարական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների տեխզննումը կատարվելու է հին կարգով:

Համաձայն նոր կարգի, մարդատար ավտոմեքենայի սեփականատերը, մեքենայի տեխնիկական զննում անցնելու կտրոնը կարող է ստանալ բանկիցՙ համապատասխան վճարումներ կատարելուց հետո: Այսինքն, մեքենայի գույքահարկը, բնապահպանական վճարը, տեխզննման անցնելու համար սահմանված 2500 դրամ պետտուրքը եւ տեխզննման ծառայությունների 5500 դրամ վճարը բանկերից որեւէ մեկում վճարելուց հետո նա ստանում է կտրոնը եւ կարող է անմիջապես փակցնել մեքենայի դիմապակուն: Նա ստանում է նաեւ մեկ այլ կտրոն, որը նրան իրավունք է տալիս 1 տարվա ընթացքում գնալ տեխզննման կայան եւ կատարել մեքենայի տեխզննում: Սրանով լուծվում է 320 հազար ավտոմեքենանների սեփականատերերի կողմից տեխզննման կայաններին անօրինական 5 հազար դրամ տալու խնդիրը, որի մասին մատնանշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նոր կարգով արդեն տեխզննման կայանները պետք է հրապուրիչ դարձնեն քաղաքացու համար մեքենայի տեխնիկական զննումն իրենց մոտ, քանի որ միայն տեխզննումն անցնելուց հետո կայանները կստանան տվյալ քաղաքացու կատարած վճարումներից իրենց հասանելիք գումարըՙ 5500 դրամը: Հակառակ դեպքում նրանք այդ գումարը չեն ստանա:

Բնական է, հարց է առաջանում, իսկ այս նոր կարգով քաղաքացիներն ընդհանրապես կտանե՞ն իրենց մեքենաները տեխզննման: Կառավարությունում այն կարծիքին են, որ մեքենաների սեփականատերերը կցանկանան իմանալ իրենց մեքենայի տեխնիկական վիճակի մասին, մանավանդ որ դրա համար նրանք արդեն վճարել են եւ հավելյալ վճար այլեւս նրանցից չեն պահանջի: Բացի դրանից, տեխզննման կայանները երբեք պատասխանատու չեն համարվել մեքենաների վթարների դեպքում, քանի որ նրանք կտրոն տրամադրում են տվյալ պահի տեխնիկական վիճակի վերաբերյալ: Նոր կարգի անհրաժեշտությունը կարեւորողները նաեւ այն կարծիքն են հայտնում, որ մարդիկ կցանկանան այս դեպքում մեքենաները տեխզննման տանել, քանի որ դրանով կազատվեն լրացուցիչ անգամ մեքենայի դիագնոստիկ ստուգում կատարելուց եւ դրա համար վճարելուց:

Սակայն հարկ է նաեւ նշել, որ մեր քաղաքացիների գիտակցությունը սեփական մեքենայի անվտանգության, չխոսելով արդեն այլոց անվտանգության ապահովման վերաբերյալ, դեռ բարձր չէ: Հետեւաբար, հարկ է աշխատել նաեւ այդ գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, իրենց մեքենաները տանեն տեխզննման: Մյուս կողմից էլՙ տեխզննման ենթակա չափորոշիչները հարկ է որոշակիորեն փոխել, թեթեւացնել դրանք, հիմնական համարելով արգելակների, ղեկի եւ անվտանգության մյուս կարեւոր բաղադրիչների սարքին լինելու պահանջները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4