Երեկ ընդունած որոշմամբ կառավարությունը սկիզբ դրեց գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագրին: Այդ մասին լրագրողներին մանրամասներ հայտնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ այն բանկերը, որոնք կհամաձայնեն գյուղատնտեսական վարկեր տրամադրել 14 տոկոսով, կընդգրկվեն այս ծրագրում, որտեղ կառավարությունը կսուբսիդավորի տոկոսադրույքի մի մասը: Ներկայումս գյուղվարկերի տրամադրման գործընթացին համաձայնել են մասնակցել երեք բանկերՙ «Արդշինինվեստբանկը», «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլը» եւ «Կոնվերսբանկը»:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ գյուղացիները կունենան վարկերի մարման արտոնյալ ժամկետՙ 6 ամիս, որի ընթացքում չեն կատարի ոչ մայր գումարից վճարումներ, ոչ տոկոսների վճարումներ: Վարկերը կտրվեն առնվազն 1 տարով, հայկական դրամով, մինչեւ 2-3 մլն դրամ: Փաստորեն, բանկերի տրամադրած 14 տոկոսով գյուղվարկերի 4 տոկոսը կսուբիսդավորվի պետության կողմից, ինչի արդյունքում գյուղացիների համար վարկավորման տոկոսադրույքը կլինի 10 տոկոս: Առավել կարիքավոր 200 համայնքներում, ինչպես հայտնեց Վաչե Գաբրիելյանը, պետությունը կսուբսիդավորի տրամադրվող վարկի 6 տոկոսը: Այսինքն, այդ համայնքներում գյուղացիների համար վարկի տոկոսադրույքն ավելի ցածր կլինիՙ 8 տոկոս: Այս ծրագրի համար պետությունը հատկացրել է 250 մլն դրամ: Ըստ ֆինանսների նախարարի, անհրաժեշտության դեպքում այդ գումարը կավելացվի: Վաչե Գաբրիելյանը նաեւ ասաց, որ բանկերը որպես գրավի առարկա ընդունելու են գյուղում եղած սեփականությունը:
Ա. Մ.