«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ԼԵՓՍԻՈՒՍԻ ՏԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸՙ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակույթի պետնախարար Բերնդ Նոյմաննի ձեռամբ հանդիսավորապես կբացվի Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տունըՙ որպես հիշատակի, հետազոտական աշխատանքի եւ հանդիպման վայր, իրազեկում է «Պոտսդամեր նոյեսթե նախրիշթըն»-ը: 560 000 եվրո կազմած երկարամյա հիմնանորոգումից հետո Հիշատակի տունը կունենա ինչպես Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործին, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական ցուցադրություններ: Բացման հանդիսավոր արարողությանը, ի թիվս ուրիշների, ներկա կլինի Լեփսիուսի թոռըՙ Մանֆրեդ Աշկեն: «Լեփսիուսի տունը Բրանդենբուրգին է պատկանում, բայց իր նշանակությամբ երկրամասի սահմաններից անցնում է», նկատել է տալիս հիշյալ հաստատության կառավարիչ Փեթեր Լայնեմաննը: Նա հիշեցնում է, թե 1915-ին Պոտսդամում գտնվող այդ տանն է Լեփսիուսը ստեղծել «Զեկույց Թուրքիայում հայերի վիճակի մասին» աշխարհում հայտնի իր վավերաթուղթը, ինչպես նաեւ հաջորդ զեկույցըՙ «Հայ ժողովրդի մահվան ընթացքը» վերնագրով: Լեփսիուսի հաղորդագրությունները աշխարհի հանրության ուշադրությունն էին սեւեռում Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությանը զոհ գնալու փաստին, գրում է թերթըՙ հիշատակելով նաեւ Լեփսիուսի գլխավոր գործըՙ 1896-97-ին հիմնած Հայ օգնության միությունը: 2010-ին մահկանացուն կնքած արեւելյան եկեղեցիների փորձագետ պրոֆեսոր Հերման Գոլցի գնահատմամբ, հիշատակվածը Միավորված ազգերի փախստականներին աջակցող կառույցի «նախակարապետն է», իսկ Ֆրիտյոֆ Նանսենըՙ Ժնեւի Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին բարձրաստիճան հանձնակատարը շարունակեց Լեփսիուսի գործը: Լեփսիուսի առաքելությունն իր արժեւորումն է գտել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ վեպում: Լայնեմաննի պնդմամբՙ ցուցահանդեսն անդրադառնալու է ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքում ապրող հայերի այսօրվա կյանքին:

2002-ին Թուրքիայի դեսպանը փորձում էր արգելք հանդիսանալ Լեփսիուսի հիշատակի տան գործարկմանը: Լայնեմաննը հիշեցնում է Գերմանիայի դիրքորոշումը, որ հավատարիմ է Բունդեսթագի 2005-ի բանաձեւին, ուր խոսվում է «Անատոլիայում հայերի գրեթե իսպառ բնաջնջման», ինչպես նաեւ «գերմանական ռայխի անփառունակ դերի» մասին, եւ ամբողջացնում, թե Լեփսիուսի տունը կնպաստի մոռացումն արմատախիլ անելուն, ինչպես նաեւՙ հայ, գերմանացի եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների բարելավմանը: Ցուցահանդեսը փորձ է անելու իր ներդրումն ունենալ ժողովուրդների հաշտեցման գործում:

Հետազոտողների համար հետաքրքրական կլինի Լեփսիուսի արխիվը, 5500 հատոր կազմող ծավալուն գրադարանը, որ մայիսի 2-ից ներկայացնելու է «Լեփսիուս» հաստատությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4