«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

(Լեւոն Անանյան, «Դիմակայություն»)

Հրապարակախոսությունը եւ հրապարակագրությունը նույնական են, սակայն մենք փոքր-ինչ պայմանականությամբ հրապարակախոսությունը փորձում ենք առանձնացնել որպես լսարանին ուղղված անմիջական, լսողի դեմքին «կարդացվող» խոսք, մինչդեռ հրապարակագրությունը շտապ արձագանքի ակնկալություն չունի: Այնուամենայնիվ, երկուսն էլ ծառայում են նույն լսարանին: Լեւոն Անանյանի հրապարակախոսությունը «Դիմակայություն» նոր գրքում ուղիղ իմաստով հրապարակի խոսք է. նրա խոսափողը Հանրապետության հրապարակում է, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Համաշխարհային Հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստում: Բուն հրապարակախոսը հաշվի է առնում անմիջական ունկնդրին: Նրան գրավում է ամենահրատապ թեմանՙ արտահայտության սեղմ, դիպուկ արտահայտչամիջոցներով եւ փոխադարձ կապի արձագանքով: Հրապարակախոսը կանգնած է լսարանի առջեւ եւ պատասխանատու է իր խոսքի համար: Հենց նման տեսանկյունից Լեւոն Անանյանը հրապարակախոսությունը արդիականացրել է եւ փոխել նրա չափումները (ի լրումն հեղինակի «Արմատ եւ սաղարթ» եւ «Տագնապներ» հրապարակագրական հատորների), երբ խոսքը արագ արձագանքում է, կռահում ներզգացողությունը, տեղում բանավիճում է, համոզում եւ ապացուցում: Լեւոն Անանյանը ելնում է ճշմարտության ձեւավորումից, որովհետեւ տիրապետում է տեղեկատվությանը:

«Դիմակայություն» ժողովածուում հեղինակը կիրառում է խոսքի այն միջոցները, որոնց շնորհիվ հասցեն եւ թիրախը միասնանում են: Սպառիչ է ասել ակադեմիկոս Ս. Սարինյանը. «Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ինչպես բացառիկ նվիրյալի մասին են ասում, հրապարակախոսությունը դարձրել է իր անձնական գործը եւ իր անձնական գործն անում է հրապարակախոսությամբ»: Հավելենք, որ այս դեպքում նրա անձնական գործը եւս ազգայինն է:

21-րդ դարի մարտահրավերները հրապարակախոսությունը «լիցքավորելու» քիչ առիթներ չեն տալիս: Լ. Անանյանը մարտահրավերներին դիմակայության առաջնահերթությունը տեսնում է տեղեկատվության տիրապետման մեջ, որը պահանջում է «հոգեմտավոր ներուժի համախմբում»: Անկախ պետականություն, Հայ Դատ, Ցեղասպանություն, Սփյուռք, Արցախ. սրանցից յուրաքանչյուրը մեր ազգային ներուժի համախմբման մի-մի հրամայական է:

Մեր ժամանակի հրապարակախոսությունը ջղաձիգ է, ինչը արդյունք է ինֆորմացիոն շրջադարձերի: Այն համադրում է քաղաքագիտությունն ու գրականությունը, լրագրությունն ու սոցիոլոգիան, փիլիսոփայությունն ու հասարակական հոգեբանությունը: Այս ամենը միատեղ են «Դիմակայություն» ժողովածուում, ինչով եւ թանձրացնում է հրապարակախոսության միջավայրը: Ասում ենք միջավայր, նկատի ունենալով, որ խոսքին իր ներկայությամբ մասնակից է ունկնդիրը: Հրապարակախոսն ունկնդրից չի առանձնանում, որովհետեւ թեման բոլորինն է, լուծումից գոհ պետք է լինի ունկնդիրը, ինչը եւ հրապարակախոսի բռնելիք քննությունն է:

Լեւոն Անանյանն իր գրքում կերտում է մեր օրերի հրապարակախոսության դիմապատկերը: Խոսքի հարաբերությունը ժամանակին նույնը չէ, ինչ ժամանակի հարաբերությունը խոսքին: Առաջինըՙ խոսքի հարաբերությունը ժամանակին, պատմողություն է, երկրորդըՙ ժամանակի հարաբերությունը խոսքին, հեղինակի տեսանկյան ներկայացումն է, արդիական հիմնախնդիրների նրա գնահատականը, կամ, ավելի ստույգ, պատասխանը: Ժողովածուում տեղ գտած հրապարակումները հարցական-հարցումների պատասխաններ են, որոնք ձեւավորվում են հընթացս ցավի, տագնապի, անտարբերության դեմ անհաշտ պայքարի:

«Դիմակայության» առաջին բաժնի խորագիրն է «Ցեղասպանության կազմախոսությունը»: Հեղինակը պատմության «թեժ գծի» բարիկադի վրա է, խոսափողի մոտ է ներկանՙ որպես պատմության շարունակություն, չլուծված հարցերի թնջուկ: Մեր համազգային հիշողության խռովքը պետք է խաղաղվի: Ե՞րբ է մեր հավաքական հիշողության միջից ջնջվելու ցեղասպանի դեմքըՙ թուրքական ազգովի ապաշխարանքի ժամանակ:

Լեւոն Անանյանը հավատացած է, որ «փլուզվում է թուրքական ուրացության պատը»:

Գրող-հրապարակախոսը մատը չի դնում զգացմունքայնության զարկերակինՙ այնքան բնորոշ Մեծ եղեռնի թեմաներով գրված խորհրդահայ հրապարակախոսությանը, հատկապես 20-րդ դարի 60-ական թվականներին: Նա հանրագումարում է փաստերը, հանդիպադրում կարծիքները եւ հանգում վերլուծական գնահատականի: Մարդու ճակատագրին զուգահեռում է գրքի ճակատագիրը, փաստը ամրագրում փաստով («Հայկական տոհմածառ», «Եվ անգամ մահից հետո»):

Նա հրապարակախոսության ժանրի կառուցվածքային փոփոխություններ է անում: Ունկնդիր մարտահրավերներինՙ նա տեղ չի տալիս նախադրությանը, եւ խոսքը դուրս է բերում անմիջապես «հրապարակ»: Պատմությունը դիտելով «մեռյալների, ողջերի ու դեռ չծնվածների սրբազան դաշինք», նա «վճիռներ է կայացնում» այդ դաշինքի անունիցՙ խոսքը դարձնելով անառարկելի: Հրապարակախոսին հաջողվում է ներկայացնել մեր ազգի առջեւ ծառացած գերակայությունները: Դրանցից մեկը, ըստ նրա, մեր ազգային մշակույթի քարոզչության կարեւորությունն է արտերկրում: Խնդիրը նոր չէ, սակայն ձեւակերպում է ստացել նորովի, տեղեկատվական պատերազմի ենթատեքստում: Արդի Սփյուռքի կազմախոսությունը Լեւոն Անանյանի հրապարակախոսության դիմորոշ գիծն է: Սփյուռքը այլեւս հայրենիքից հեռու հայությունը չէ, այլ արդեն նույն պետականության շառավիղն է: Գրող-հրապարակախոսը տալիս է սփյուռքյան թեմաներով «ընթերցումների» ամենալավ, գուցեեւ ամենաօգտակար օրինակները: «Ազգային գերակայությունների շղթայում Հայ դատը առայժմ միակ միասնացնող օղակն է», գրում է Անանյանը: Եվ իր հրապարակախոսության գերակայությունն է Հայ դատը:

Նա հաջողությամբ ընթերցում է մեր դատի ձեռագիրը, առանձնացնում «ձայնավորներն» ու «բաղաձայնները», առավելագույնս է տիրապետում չարի ու բարու զատորոշման մեխանիկային:

Դժվար խնդիր էՙ ավանդապահ լինելՙ չլինելով պահպանողական, ժամանակակից լինելՙ չկրելով գլոբալացման ախտանշանները: «Դիմակայություն» ժողովածուն առաջ է տանում ավանդապահության եւ պահպանողականության, արդիականության եւ համաշխարհայնացման բաժանարար գիծը: Հայաստանի, Արցախի, Սփյուռքիՙ «սուրբ երրորդության» թեմաներն արծարծելիսՙ հրապարակախոսն առաջարկում է համազգային հաշվարկի տեսությունը: Ըստ նրա, մենք դատապարտված ենք ազգային վերելքի: Վերելքը պարտադրված է մարտահրավերների կողմից. տեղատվությունն ու դանդաղկոտությունը վտանգ են ներկայացնում: Անհրաժեշտ է դիմակայել դրսին եւ, ինչու չէ, ներսին: Մեր ազգային խնդիրներն են մեզ տանում դիմակայության: Լեւոն Անանյանի հրապարակախոսությունը դիմակայության հրապարակախոսություն է: Ճիշտ դիմակայությունը վերելքի նախապայմանն է: Վերելքը նախ եւ առաջ ենթադրում է դիմակայություն տեղեկատվական դաշտում: Փաստորեն գերխնդիրն ազգային գաղափարախոսության կենսունակությունն է, որին, ահա, ավիշ է ներարկում Լեւոն Անանյանի եւ մեր սակավաթիվ այլ ընտրյալների հրապարակախոսությունը:

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4