«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ՍԻԼՎԱՅԻ ԴԱՍԵՐԸ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Ըստ ավանդույթի, մինչ «Արմենիա»-ն կկառանվի նավահանգստում, պետք է պատմել այն երկրի մասին, որն օթեւան է տվել մեր հայրենակիցներին: Մինչեւ 1907 թվականը այն պարզապես Մեծ Բրիտանիայի բաղկացուցիչ մասն էր: Հենց այդ ժամանակ էլ անկախություն հռչակվեցՙ սահմանադրական միապետություն կառավարմամբ: Իսկ միապետը Մեծ Բրիտանիայի թագուհին էր: Ճիշտ է, այդ ամենը խորհրդանշական է, պայմանական: Ասում են, որ ինչպես Ավստրալիայում, այստեղ էլ ժամանակ առ ժամանակ բարձրացնում են այսպես ասած ՙ լիակատար անկախության հարցը, բայց հետո ոչ ոք չի ցանկանում շարունակել բանավեճերը: Բարիքի մեջ բարիք չեն փնտրում: Տարածքով աշխարհում զբաղեցնում է 73-րդ տեղը, իսկ այ, ջրային մակերեսը, նկատի ունեմ քաղցրահամ, խմելու ջրի, փոքր է: «Ջրային մակերեսի տոկոսը» վերտառության տակ գրված է «աննշան»: Ինչպես միշտ, հիշեցնեմ, որ մեր Սեւանով մենք պարզապես երջանիկ մարդիկ ենք: Չորս միլիոն բնակչությամբ աշխարհում 120-րդ տեղում է: Ահռելի քանակով մանր կղզիներ ունի, բայց համարվում է, որ երկիրը տեղադրված է երկու կղզիների վրա, եւ դրանք անվանվել են ըստ իրենց աշխարհագրական դիրքիՙ Հյուսիսային կղզի եւ Հարավային: «Արմենիա»-ի վրա հաճախ ենք հիշում մեծ ճանապարհորդ-ծովագնացներին: Եվ դա ոչ միայն բնական է, այլեւ թե՛ արդարացի, թե՛ ճիշտ: Հիմա ճիշտ ժամանակն է հիշելու Ջեյմս Կուկի մասին: Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ժամանակակից երիտասարդությանն այդ անունը հայտնի է միայն շնորհիվ Վլադիմիր Վիսոցկու ուրախ երգի: Հիշո՞ւմ եքՙ «ուզում էին կոկին, բայց կերան Կուկին»: Ես պաշտոնական տվյալներ չունեմ, բայց կարծում եմ, որ աշխարհագրական հայտնագործությունների գծով Կուկն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Նրա անունն են կրում միմյանցից ամենահեռավոր կետեր: Իր երեք շուրջերկրյա ծովարշավների ընթացքում նա հայտնագործել է կղզիներ, նեղուցներ, լեռներ, ծովածոցեր: Բոլոր արշավանքներն իրենց անվանումներն ունեին, որոնցից առաջինն իրագործեց «Ինդեվըր» նավով, երկրորդըՙ «Ռեզոլյուշըն» եւ երրորդ անավարտըՙ միանգամից երկու նավերով. «Ռեզոլյուշըն» եւ «Դիսքավըրի»: Զատկի կղզուց հետո հյուսիսային աջ կողմից «Արմենիա»-ին ամենից մոտ գտնվող (իհարկե, հարաբերաբար) աշխարհագրական անունները Կուկի կղզիներն են: Մի քանի անգամ կլանված կարդացել եմ նյութերը Կուկի նավարկությունների մասին եւ ամեն անգամ ապշել նրա անհավատալի եռանդից: Մեկ ծովարշավի ավարտից մինչեւ հաջորդի սկիզբը հազիվ մեկ տարի էր տեւում: Նա միշտ բողոքում էր, որ իր համար շատ ավելի դժվար է հենց ծովարշավին նախապատրաստվելու շրջանը: Ավելի շատ նա հայտնագործել է կղզիներ: Նրան կոչում էին կղզիների արքա, տեր: Զոհվեց հավայացիների ձեռքով, հենց Հավայան կղզիները հայտնագործելուց անմիջապես հետո: Հիսունմեկ տարեկան էր այդ ժամանակ, բայց ինչպես հաստատում էին ժամանակակիցները, ամբողջ հարյուր տարվա ծրագրեր ուներ:

Եվ ահա ոտք ենք դնում այն հողին, որը հայտնագործել է Ջեյմս Կուկը իր առաջին ծովարշավի ընթացքում (1768-1771թթ.): Նա առաջինը պարզեց, որ արշիպելագում կան երկու մեծ կղզիներ, որոնք միմյանցից բաժանված են նեղուցով: Այդ նեղուցը կրում է իր հայտնագործողի անունը: Կա Կուկի նեղուց, Կուկի լեռՙ 3764 մետր բարձրությամբ, որն ընդամենը 161 մետրով է զիջում Փոքր Արարատին: Եվ իհարկե, Նոր Զելանդիան, ինչպես եւ իմ հեռավոր Կամչատկան, իր անհամար թվով գործող հրաբուխներով, հեյզերներով եւ նորզելանդացիների մշտական ու աղետալի ուղեկիցՙ հաճախակի երկրաշարժերով:

Հայերն առաջին անգամ ոտք են դրել Նոր Զելանդիայի հողին նրա հայտնագործումից մեկ դար էլ չանցած: Դա 1860 թվականին էր:

Սակայն նախ, ինչպես խոստացել եմ, կխոսեմ Նոր Զելանդիայի հետ անմոռանալի Սիլվայի կապի մասին: Հիշեցնեմՙ առաջին հայը այս երկրում, որի հետ հանգամանալից զրույց ունեցա, Սիլվա Կապուտիկյանի ուղիղ գծով ազգականն էրՙ Թբիլիսիում ծնված Էդվարդ Բարունակի Կապուտիկյանը: Էդվարդի պապը Սիլվայի հորՙ Բարունակի հարազատ եղբայրն էր: Նրա անունն էր Հովհաննես Վանեցի: Կար նաեւ ավագ եղբայրըՙ Էմանուելը: Երեք եղբայր: Ռաֆայել Կապուտիկյանի որդիները: 1918 թվականին մահացավ Բարունակ Կապուտիկյանը: Սիլվան ծնվեց հոր մահից հետո: Երեք տարի անց Հովհաննեսը որդի ունեցավ, որին Բարունակ անունը տվեց իր եղբոր պատվին: Պետք էր քաջ մարդ լինել այն ժամանակներում որդուն դաշնակ առաջնորդներից մեկի եւ այն էլՙ կուսակցական թերթի գլխավոր խմբագրի անունով կոչելու համար: Այսպես Բարունակ անունը պահպանվեց ամբողջ 20-րդ դարում եւ հատեց երրորդ հազարամյակի սահմանագիծը:

Էդվարդը խորապես ափսոսում է, որ իր ընտանեկան կյանքը չդասավորվեց, եւ հիմա, քանի դեռ ողջ է, մնում է միայն հպարտությամբ միշտ ընդգծել իր հայրանունը: Նա Նոր Զելանդիա է եկել իր մորաքրոջՙ Ստելլայի հետ, որն ամուսնացած էր Սիլվա Կապուտիկյանի մերձավոր ազգականի հետ: Դարձյալ Սիլվա: Նրանք մեկ այլ ազգական էլ ունեին, որը խորհրդային ժամանակներում Վելինգտոնի ԽՍՀՄ դեսպանատանն աշխատում էր որպես դիվանագետ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մնաց այնտեղ: Եվ ահա ապաստանեց ազգականներին: Էդվարդն ասում է, որ Վրաստանում աշխատում էր որպես իրավաբան: Ամեն ինչ կարգին էր: Սակայն յուրաքանչյուր նոր նախագահի իշխանության գալով վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում: Այստեղ նա իր հացը վաստակում է ներկարարությամբ:

Էդվարդի բոլոր ռուս եւ ռուսախոս ընկերները գիտեն, որ նա, կարելի է ասելՙ Սիլվա Կապուտիկյանի եղբայրն է, եւ պարզվեց, որ նրանք համարյա բոլորն էլ գիտեն եւ սիրում են հայ մեծ բանաստեղծուհուն: Սիլվայի բանաստեղծությունների ժողովածուն, որը 1998 թվականին հրատարակվել է Մոսկվայի «Ակադեմիա» հրատարակչությունում, ընթերցել են քրքրելու աստիճան: Օրերս ինչ-որ մեկն էլ կարդալուց հետո այն վերադարձրեց, որպեսզի հանձնեն Սիլվայի պոեզիայի հերթական սիրահարին: Ես խնդրեցի, որ Էդիկն այդ գիրքը բերի ինձ, խոստանալով, որ կվերադարձնեմ իր մորաքույր Ստելլային: Չէ՞ որ նա պետք է թռչի Թբիլիսի, մոր մոտ, որը կոտրել է ոտքը: Ես ողջ գիշեր կարդում ու անձայն զրուցում էի իմ մարտական ընկերուհու հետ: Եթե իմանայի՜ք, թե հայրենիքից այս անհավատալի հեռավորության վրա որքան տարբեր են հնչում բանաստեղծությունները, որոնցում խորապես թաքնված են խոստովանական մտքեր:

Էդվարդն ինձ մի ուրիշ գիրք էլ տվեց: Փոքրիկ մենագրություն էր Սիլվայի հորեղբորՙ Մանուել Կապուտիկյանի ողբերգական ճակատագրի մասին, որը որպես տաղանդավոր ճարտարապետ, հրավիրվել էր Հայաստան իշխանությունների կողմից, իսկ երեք տարի անց նրան դեպի անհայտություն էր տարել «չոռնի վորոնը»: Այդ հիանալի աշխատանքի հեղինակըՙ Էմմա Հարությունյանը իմաստուն քայլ է կատարել, իր գրքում տեղադրելով Սիլվայի երկու ինքնակենսագրական ակնարկները. «Հորեղբորս մասին» եւ «Հորս մասին»: Ես չկարողացա հանգիստ կարդալ: Այնքան հոգեհարազատ է ինձ այդ ողբերգական թեման: Ակնարկների այդ ժանրը ես կանվանեի խոստովանություն: Սիլվան պատմում է, թե ինչպես հեռավոր եւ վաղ պատանեկության տարիներին, կոմերիտական ժողովի ժամանակ համակուրսեցիներն իրեն պատին սեղմեցին այն պատճառով, որ լռել էր իր դաշնակ հոր մասին: Եվ Սիլվան խոստովանում է, որ հայացքը փախցնելով ուսերն էր թոթվել եւ միայն տարրական տրամաբանության վրա հենվելով, պատասխանել. «Ես ծնվել եմ հորս մահից հետո»: Մեկ ուրիշ տեղ նա քիչ այլ կերպ է ասելու. «Իմ հայրը մահացել է մինչեւ իմ ծնվելը»: Եվ ահա վաթսուն թե յոթանասուն տարի անց Սիլվան ներումն է հայցում հորից նրա համար, որ մի պահ տպավորություն է ստեղծվել, թե ինքն արդարանում է: Նա ունի եւ փայլուն բանաստեղծությունՙ «Դաշնակյան կուսակցության անդամ Բարունակ Կապուտիկյանի հիշատակին»:

Տասնամյակներ շարունակ, այն էլ ինչպիսի՜ տասնամյակներ, նրա հետ խոսել ենք ամենատարբեր, ամենակարեւոր, ամենահրատապ բաների մասին: Բայց ոչ մի անգամ չեմ համարձակվել հարցնել Հովհաննես Թադեւոսի Կարապետյանիՙ Հովհաննես Շիրազի, իսկ ավելի ճիշտՙ Շիրազի մասին: Եվ հանկարծ այսօր գիշերը կարդում եմ Սիլվայի բանաստեղծությունը, ուղղված իմաստուն Սողոմոնին, որն աստվածաշնչյան առակում, սուրը ձեռքին եւ իմաստությունըՙ հոգում, վճռում է, թե ով է երեխայի իսկական մայրը: Եվ ահա, Ղարաբաղի ընդհանրացված կերպարը բարձրացնելով մինչեւ Գանձասար տաճարի գմբեթ, Սիլվան իմաստուն Սողոմոնին կոչ է անում փակել սրի ճամփան եւ հարազատ մանկանը չտալ օտարի ձեռք: Ես հիշեցի Շիրազին: Նրա լեգենդար բանաստեղծությունը, որով կտակում է մահից հետո իր մոխիրը ցրել բազմաթիվ Հայաստանների վրա: Իսկ Ղարաբաղը նա անվանում էր «բալիկ», փոքր զավակ: Եվ ես մտածեցի երկու հանճարների հոգու հարազատության, այն մասին, որ չկա Շիրազի եւ Սիլվայի ոչ մի գաղտնիք: Կա մեծ խոհուրդ, որ հայտնի է միայն Աստծուն...

Հավանաբար պարտադիր էր մի անքուն նորզելանդական գիշեր անցկացնել, որպեսզի սրտի ցավով ու հոգու տագնապով գիտակցեի, թե ինչ շոշափելի դժբախտության են իրենց դատապարտում ժամանակակիցները, առանձնապես երիտասարդությունը, մտածելով, թե կարելի է ապրել նաեւ առանց պոեզիայի: Դա ոչ միայն ցավալի է: Դա վտանգավոր է:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4