«...Ես մանկուց երազում էի պատմաբան դառնալ: Այդ ցանկությունն ինձ ուղեկցում էր մինչեւ 8-9-րդ դասարանները...», նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, մեկ տարի անց` 2009-ի ապրիլի 7-ին, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի պրոֆեսոր Թիլման Ալերթի հարցին: Շարունակելով` Հայաստանի նախագահը նշել էր. «...ճակատագիրս այլ կերպ դասավորվեց: Ծնվել եմ Ստեփանակերտում, որն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի կենտրոնն էր, ինչպես գիտեք, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի կազմում»...:
Նկատելի է, որ հենց ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծումը, որի հետ` Կումկուսի կովկասյան բյուրոի 1921-ի հուլիսի 5-ի միջազգային իրավունքին հակասող որոշումից հետո, մշտապես չի հաշտվել հայ ժողովուրդը, քաղաքական պայքարի մղեց մի ամբողջ սերունդ գործիչների, որոնցից մեկն այսօր Հայաստանի գործող նախագահն է, եւ որոնցից շատերն ամենեւին էլ չեն ցանկացել զբաղվել հենց քաղաքականությամբ:
Ապրիլի 9-ին լրանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության 3-րդ ամյակը: Ի՞նչ ունենք այսօր, ինչի՞ ենք հասել, ո՞ւր ենք ձգտում աշխարհի հետ մեր հարաբերություններում:
5-օրյա պատերազմը եւ Հայաստանը
2008-ը համաշխարհային եւ մեր` տարածաշրջանային պատմության մեջ մտավ, որպես ցնցող ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ 5-օրյա պատերազմի տարի: Հենց այդ տարի էլ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը: 5-օրյա պատերազմի ամսում` 2008-ի օգոստոսի 23-ին, երբ լարվածությունը տարածաշրջանում շարունակվում էր պահպանվել, ՀՀ նախագահը, պատասխանելով ավստրիական Der Snandard օրաթերթի հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա իր վրացի գործընկերոջը, ասաց. «Խորհուրդները տալն անշնորհակալ գործ է: Մեր քաղաքականության առանցքը վերջին տարիներին կայացել է նրանում, որ չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է ամեն ինչ անեն` գերտերությունների մեջ հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար: Չափազանց հեշտ է կարճաժամկետ օգուտներ քաղել յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ պարբերաբար ծագող հակասություններից: Շատ ավելի բարդ է, բայց անհամեմատ ավելի օգտակար` փորձել անկեղծորեն համագործակցել ընդհանուր շահերի դաշտում»: Հենց այս` անկեղծ համագործակցությունը` «ընդհանուր շահերի դաշտում» եւս մեկ անգամ ընդգծվեց 2008-ի սեպտեմբերի 2-ին` Սոչիում, ուր` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով ժամանել էր Հայաստանի նախագահը: Պետք է նկատել, որ սա ռազմավարական գործընկերներ Երեւանի եւ Մոսկվայի առաջին բարձրաստիճան հանդիպումն էր` 5-օրյա պատերազմից հետո: Երկու նախագահները, բնականաբար քննարկելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, համոզմունք հայտնեցին. «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում է բոլոր երկրների շահերից»: Նախագահները շեշտեցին, որ իրադարձությունների նման զարգացումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «Հարավային Կովկասում առկա հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու հեռանկար չունեն, որ այդ ճանապարհը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»: Ընդգծելով, որ «երկու երկրների հանդիպումները շարունակվում են կանոնավոր կերպով», եւ գուհունակություն հայտնելով` «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա ռազմավարական դաշնակցային փոխգործակցությունից եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից»` երկու նախագահները, տարածաշրջանային հիշյալ իրադարձության ֆոնին, քննարկել են տնտեսական համագործակցությանը` էներգետիկայի եւ տրասպորտի ոլորտներում «տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու հեռանկարներին» առնչվող հարցեր: Փաստորեն վերահաստատելով Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցությունը, որը բխում է «երկու եղբայրական ժողովրդների շահերից»` Հայաստանի նախագահը նույն տարվա կրկին սեպտեմբերի վերջին` 30-ից մինչ հոկտեմբերի 1-ը պաշտոնական այց կատարեց Վրաստան: Ընդ որում սա, նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն էր հարեւան երկիր: Իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն հայտնելով նախագահ Սահակաշվիլուն եւ վրաց ժողովրդին` «վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնց ընթացքում եղան մարդկային զոհեր»` Հայաստանի նախագահը կարեւորեց Վրաստանի կայունությունը Հայաստանի համար: Նախագահներ Սարգսյանն ու Սահակաշվիլին ընդգծեցին «երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունները»` շեշտելով, որ դրանք խորացնելու անհրաժեշտություն կա. «Չնայած հարաբերությունների բարձր մակարդակին` կա չիրացված բավականին մեծ ներուժ, որը կենսագործելու համար ստույգ քայլեր են անհրաժեշտ», ընդգծեցին երկու նախագահները: Ինչպես Մեդվեդեւի, այնպես էլ Սահակաշվիլու հետ Սերժ Սարգսյանը քննարկեց հարցեր` տնտեսական փոխգործակցության` էներգետիկ, տրասպորտային ոլորտերին վերաբերող: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` «երկու երկրների կառավարությունների մասնակցությամբ ստեղծել կոնսորցիում, որն իր գործունեությունը կուղղի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, ինչը կհեշտացնի նաեւ բեռնա եւ ուղեւորափոխադրումները դեպի Հայաստան»: Հենց Թբիլիսիում ՀՀ նախագահը շեշտեց. «Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի հետ Հայաստանն ունի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակ, միեւնույն ժամանակ` Վրաստանի դարավոր հարեւանն ու բարեկամն է: Մեր պարտավորությունները, որպես գործընկերներ, հարեւաններ, բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ չպետք է խանգարեն մեկը մյուսին եւ չպետք է լինեն մեկը մյուսի հաշվին»: Սրանից հետո` երկու երկրների նախագահները հանդես են եկել` «հակամարտությունները խաղաղ կարգավորելու օգտին»: Իր հերթին նախագահ Սահակաշվիլին, շեշտելով, որ ինքը «ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի նախագահի հետ», եւ շնորհակալություն հայտնելով` «Վրաստանում գտնված շատ քաղաքացիների Հայաստանի տարածքով մեկնելու հնարավորություն տալու համար», ասել է. «Բարեկամությունը միայն բառերով չէ, եւ իմ նախագահության տարիներին մեկ անգամ չէ, որ զգացել եմ, թե ինչ է նշանակում բարեկամի օգնությունը»: Այնուհետեւ Վրաստանի նախագահը իր հայ գործընկերոջը պարգեւատրեց «Ոսկե գեղմ» շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական պարգեւն է: Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահն արժանացավ նաեւ Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման, ծախկեպսակ դրեց «հանուն Վրաստանի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին», եւ նախագահ Սահակաշվիլու հետ` Թբիլիսիի Մեյդան հրապարակում մասնակցեց Սայաթ-Նովայի հուշարձանի հիմնաքարի բացման արարողությանը: Այցի վերջում, Վրաստանի մայրաքաղաքի «Մարիոթ-Կորթյար» հյուրանոցում հանդիպելով վիրահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչների հետ, ՀՀ նախագահը ցանկություն հայտնեց, որ մենք կարողանանք պահպանել եւ զարգացնել «Թիֆլիսի եղած հայ մշակույթի ավանդույթները». «Այս ամենին կարող ենք հասնել մեր միասնականության շնորհիվ` աշխատանքի ու ուժերի մեկտեղման ճանապարհով»` վիրահայ համայնքին ուղված այս խոսքերով Հայաստանի նախագահն ավարտեց իր առաջին պաշտոնական այցը` «բարեկամ Վրաստան»:
Արդեն հաջորդ տարվա` 2009-ի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը Երեւանում հյուրընկալեց Միխաիլ Սահակաշվիլուն` պաշտոնական այցով: Հանդիպումից հետո` համատեղ ասուլիսում ՀՀ նախագահը նշեց. «Աշխարհում քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնքան տեւական բարեկամական հարաբերություններ ունենալու իրողությամբ, ինչպիսին առկա է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ: Ավելորդ է նշել` ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրները միմյանց համար թե անվտանգության, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային եւ թե բազում այլ առումներով: Եվ ես վստահ եմ, որ երկու երկրների ղեկավարների եւ կառավարությունների առաջնահերթ մտահոգություններից մեկը պետք է լինի միջպետական հարաբերությունները հասցնել մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունների մակարդակին: Պետք է ասեմ, որ մեր` իմ եւ նախագահ Սահակաշվիլու շփումների ընթացքում տպավորություն եմ ստացել, ավելի ճիշտ համոզված եմ, որ նա նույնպես կիսում է այս մոտեցումները, ինչի համար ուրախ եմ»: Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ շեշտեց, որ մեր եկիրը կարեւորում է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիները, որոնք «էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար»: Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց Երեւանի շահագրգռվածությունը` «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային ավտոմոբիլային անցակետի շուտափույթ վերագործման վերաբերյալ»: Նախագահ Սարգսյանը նաեւ ողջունեց Վրաստանի կառավարության քայլերը`«Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվացքները բարելավվելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ». «Մենք մեր կողմից պատրաստ ենք սատարելու այդ գործընթացին», նշեց նախագահ Սարգսյանը:
Փաստորեն, կարելի է արձանագրել, որ 2008-ին բռնկված «վրացական պատերազմում» Հայաստանը` իր դիրքորոշմամբ կարողացավ պահպանել ինչպես Մոսկվայի հետ «դարավոր ռազմավարական գործակցությունն ու բարեկամությունը», այնպես էլ «Վրաստանի հետ եղբայրությունը»:
«Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես», այսպիսի գնահատական տվեց հայ-վրացական հարաբերություններին ՀՀ նախագահը` 2010-ի օգոստոսի 27-ին` Բաթումում, ուր ժամանել էր նախագահ Սահակաշվիլու հրավերով` մասնավոր այցով: Ի դեպ Բաթումը, Վրաստանի նախագահի ներկայացմամբ, այն քաղաքն է, որտեղ «ապրում են շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում եւ մենք հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը», ասել էր Սահակաշվիլին: Բաթումում երկու նախագահները անդրադարձան «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, որն այսօր արդեն բաց է` շարունակելով կապել Վրաստանը` Ռուսաստանի եւ Հայաստանը` Վրաստանով` Ռուսաստանի հետ, ինչին եւ ձգտում էր Հայաստանը` որպես տարածաշրջանային անկեղծ երկխոսության եւ ակտիվ գործակցության կողմնակից:
Մյուս դարավոր` բարեկամ դարձած հարեւանը
«Թեհրանը որեւէ սահմանափակում չի դնում` խորացնելու իր կապերը բոլոր հարեւան երկրների հետ` այդ թվում Հայաստանի», այս մասին հայտարարեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ-Ռեզա Ռահիմը` Թեհրանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նշելով, որ այսօր Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությունը կազմում է 400մլն դոլար` Ռահիմը հայտարարեց, որ «այս թիվը պետք է հասցնել առնվազ 1 միլիարդ դոլարի»: Իրանի փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ իրանական կողմը այս կապակցությամբ առաջարկում է համատեղ ներդրումներ իրականացնել Հայաստանի առեւտրի, տրասպորտի եւ էներգետիկայի ոլորտներում: Ավելի ուշ` Հայաստանի նախագահը ընդունեց բարեկամ Իրանի իր գործընկերոջ հրավերը` Նովրուզի տոնակատարության մասնակցելու: Ավելին, ելույթ ունենալով «Վահդաթ» համալիրում Նովրուզի տոնի հետ կապված տոնակատարությանը` ՀՀ նախագահը ընդգծեց, որ խորհրդանշելով բնության զարթոնքն ու գարնան գալուստը, Նովրուզի բացառապես մահմեդական տոն չէ, այն հարազատ է նաեւ հայերիս: Այս տարվա մարտի 27-ին կայացած այս այցի ընթացքում ՀՀ նախագահը Ահմադինեժադի հետ քննարկել է նաեւ «երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր»: Նախագահները հատկապես կարեւորել են փոխգործակցությունը` էներգետիկայի, տրաստպորտի, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում զարգացող հաջողությունները, անդրադարձել` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: Նշենք, որ Իրանը շահագրգռված է Հայաստան մտնող գազամուղի, նոր ավտոճանապարհի, երկաթգծի, նավթամուղի, մի քանի ՀԷԿ-երի կառուցմամբ, որոնցից յուրաքանչյուրը բազմամիլիոն նախագծեր են, եւ, որոնցից մի քանիսի շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Մինչ մարտի 27-ի այցը, հիշեցնենք, նախագահ Սարգսյանը Երեւանում ընդունեց Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Զրուցակիցները ընդգծեցին, որ երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության եւ բարիդրացիության մթնոլորտում: Անդրադարձ է եղել նաեւ «երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»: Ընդգծենք, որ «երկու նախագահների պայմանավորվածությունները» հիմնականում տնտեսական ոլորտից են, որի ամրապնդման հարցում նախագահ Սարգսյանն ու Ռաուֆ Շեյբանին կարեւորել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը: Ի դեպ` Սերժ Սարգսյանի որպես նախագահ առաջին պաշտոնական այցը Իրան 2009-ի ապրիլի 13-14-ն էր: Առանձնակի կարեւություն տալով` Իրանի հետ հարաբերություններին, այն ժամանակ` ՀՀ նախագահը ընդգծեց, որ Իրանը մեր երկրի համար «դժվար օրերի բարեկամ է»: Նախագահ Ահմադինեժադն իր հերթին, նշելով, որ Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը իր երկրի արտաքին կարեւոր առաջնահերթություններից մեկն է, ասել էր. «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»: Երկու նախագահները ընդգծել էին, որ «հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է ողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրապնդմանը»:
«Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ»
Հենց այս բառերով ՀՀ նախագահը Մոսկվայում սկիզբ դրեց հայ-թուրքական ակտիվ երկխոսությանը, եւ հենց այս բառերով նա սկսում է իր հոդվածը հրապարակված ամերիկյան The Wall Street Journal-ում` 2008-ի հուլիսի 9-ին: Ի՞նչ տվեց Թուրքիայի հետ չկայացած երկխոսությունը մեզ: Նախ` Հայաստանի նախագահը պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ շրջագայություն կատարեց սփյուռքի հայկական համայքներ: Նախագահը եղավ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում եւ Դոնի Ռոստովում: Այս շրջագայությունը, վստահաբար, նոր որակ հաղորդեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին. աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը համոզվեցին, որ իրենց կարծիքը, ձայնը լսելի եւ քննադատությունը ըմռնելի է Հայաստանի նախագահի համար: Նախագահը սփյուռքի բոլոր իր կանգառներում վերահաստատեց, որ Ցեղասպանությունը չի կարող լինել քննարկամն առարկա հայ-թուրքական երկխոսությունում. այն` պարզապես փաստ է: «Այսօր էլ մենք միասին ենք, այս անգամ` որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարեւոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար», Փարիզում հայտարարեց եւ նույն տրամաբանությամբ այլ հայկական համայքներ այցելեց ՀՀ նախագահը: Եւ, հավանաբար, հենց այս հայտարարության տրամաբանությամբ է հիմնավորված նախարար Հակոբյանի առաջարկը` արված Կալիֆոռնիայում` ՀՀ ԱԺ-ն դարձնել Երկպալատ` ներառելով այնտեղ այդ թվում սփյուռքի ներկայացուցիչներին:
Բացի սրանից. ողջ միջազգային հանրությունը, ուշադրությամբ հետեւելով գործընթացին, նրանցից առավել շահագրգիռները` ներդրում ունեցած լինելով գործընթացում, բավական խոսուն ապացույցներ ստացան, որ հայ-թուրքական սահմանները բացելու, հարաբերություններ հաստատելու Երեւանի նախաձեռնությունը` Թուրքիան, փաստորեն, մերժեց, առնվազն` խախտեց, ինչը միջպետական`մանավանդ այսքան նուրբ` ինչպես հայ-թուքրականն է, հարաբերություններում նույն մերժելու իմաստն ունի: «Առաջարկում եմ նոր սկիզբ. Թուրքիայի կառավարության եւ ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ» գրում է ՀՀ նախագահը ամերիկյան թերթում, եւ երկու տարի անց` 2010-ի ապրիլի 23-ին, ուղերձով դիմելով հայ ժողովրդին, հայտարարում արձանագրությունների` ՀՀ ԱԺ-ում վավերացման գործընթացը առկախելու մասին` մինչ Անկարան դրսեւորի համապատասխան կամք: Իրադարձությունների ուշադրությամբ հետեւող միջազգային հանրությունը նախագահի այս վերջին ուղերձից անակընկալի չեկավ, իսկ թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը անգամ նկատեց. «Ինքներս ենք մեղավոր. խոնարհեցինք մեր գլուխը Ադրբեջանի առջեւ...»: Եթե հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությամբ Հայաստանը անմիջապես հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ դրա վկայությունն է նախագահ Սարգսյանի` այդ շրջանում տված բազմաթիվ հարցազրույցները միջազգային ամենատարբեր լրատվամիջոցների` ներառյալ BBC--ին ու «Ալ Ջազիրա»-ն, ապա նույն հայ-թուրքական գործընթացը առկախելով Հայաստանը միջազգային որեւէ սուբյեկտի կողմից դատապարտման, կամ քննադատության չարժանացավ, ավելին բոլոր կողմերում ակնհայտ դարձավ, թե ո՞վ է իրական զոհը ու ո՞վ նախապայման դնողը այս գործընթացում: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում Բրյուսելում` ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում: Մասնավորապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՀՀ նախագահից` Բրյուսելում լսեց. «Նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորվածության ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը»: Կարծես, թե հաստատելով ՀՀ նախագահի այս խոսքերը` նախապայմաններ թելադրելու առումով, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, բոլորովին վերջերս հայտարարեց. «Մենք չէինք կարող հանուն Հայաստանի հետ հարաբերությունների` կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցին նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպեսզի հայկական կողմը Բաքվին զիջի մեկ, կամ երկու շրջան, ասենք` Ֆիզուլին եւ Աղդամը, սակայն Հայաստանը մերժեց», մեկնաբանություններն այստեղ` թերեւս ավելորդ են:
Աստանան եւ ռուսական նախաձեռնությունը
«Հայաստանը կտրականապես չի ընդունում ԼՂ-ում ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովուրդի անվտանգության ապահովվման համար», սա ՀՀ նախագահի` անցյալ տարի Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթից մեջբերում է: Նույն ելույթում Սերժ Սարգսյանը ահազանգեց նաեւ Ադրբեջանի կրկնապատկվող ռազմական բյուջեի, պատմության խեղաթյուրման վերաբերյալ եւ վերահաստատեց Երեւանի դիրքորոշումը. «Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից»: Նախագահն ընդգծեց նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառման անհրաժեշտությունը. «Այդ սկզբուքներն ու պարտավորությունները համընդհանուր են` անկախ երկրի չափից, բանկչության քանակից եւ բնական պաշարներից. ԼՂ ժողովուրդը եւս կարող է ակնակել նույն սկզբուքների ու պարտավորությունների իրականացումը», շեշտեց ՀՀ նախագահը: Մինչ Ադրբեջանի նախագահի աթոռը` նախագահ Սարգսյանի ելույթի ժամանակ դատարկ էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագող երկրների պատվիրակները` ՌԴ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարը եւ Ֆրանսիայի վարչապետը, ավելին` Եվրոմիության նախագահը, փաստորեն, միանշանակ եւս մեկ անգամ ընդունեցին եւ բարձրաձայնեցին` «ԼՂ հակամարտության լուծումը ռազմական ճանապարհ ունենալ չի կարող»: Նմանատիպ հայտարարություններ արվեցին ԵԱՀԿ անդամ այլ երկրներից նույնպես, միակ հավելմամբ. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը` ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին»: Արդեն Աստանայում ընդունված հնգակողմ(ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությունը գրավոր տեսքով վերահաստատում է եւ ամրագրում` ԼՂ հակամարտության բոլոր երեք սկզբունքները մեկ միասնական փաթեթ են եւ, փաստորեն, դրանց որեւէ մեկը մյուսների նկատմամբ գերակա լինել չի կարող:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից վերջին տարիներին անհամեմատ մեծ ակտիվություն է ցուցաբերում` միջնորդական առաքելությունում Ռուսաստանը` ի դեմս նախագահ Մեդվեդեւի: Ճիշտ է, ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնն ու Փարիզը պարբերաբար շեշտում են, որ իրենց գործունեությունը փոխադարձ համաձայնեցված է, ավելին, ինչպես Ֆրանսիան, այնպես էլ ԱՄՆ-ը ողջունում են Մոսկվայի նախաձեռնղական աշխատանքները: Այս վերջինը, առավել արտացոլվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները` ՌԴ նախագահի մասնակցությամբ, հանդիպումներ կազմակերպելու պարբերականությամբ: Հենց Մեդվեդեւի նախաձեռնությամբ` 2008-ի նոյեմբերի 11-ին, ի հայտ եկավ Մայդորֆյան եռակողմ հռչակագիրը, որով, մասնավորապես հակամարտ կողմերը համաձայնվեցին, որ` «խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ փուլերին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով»: Եւ, իհարկե` կողմերը, իսկ ավելի ճիշտ կողմերից մեկը հերթական անգամ պայմանավորվում է շարունակել աշխատանքը ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագների հետ փոխգործակցելով: Այնուհետեւ կրկին Մեդվեդեւի նախաձեռնությամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարբերաբար հանդիպումներ ունեցան Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Մոսկվայում, Աստրախանում, որտեղ պայմանավորվեցին ռազմագերիների փոխանակման համար, եւ կրկին` այս տարվա մարտի 5-ին` Սոչիում, որտեղ էլ պայմանավորվեցին` «արագացնել ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակման գործընթացը», եւ, ինչը բավական հատկանշական է` բանակցությունների սեղան Ստեփանակերտին վերադարձնելու առումով. «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով` կողմերի մասնակցությամբ, անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ»: Վստահաբար` աշխարհի բոլոր լեզուներով կարելի է գրել «երկու» բառը, մինչդեռ սույն մեջբերման մեջ նշվում է «հակամարտության(պարզապես) կողմեր», բացի այդ` սահմանի ողջ երկայնքով հետաքննություններ անցկացնելն անհնար կլինի, առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության: Ղարաբաղյան թեման թերեւս եզրափակենք վստահություն հայտնելով, որ «Ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ-ում անթույլատրելի է», ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը միանշանակ համաձայն են, ինչպես ՌԴ նախագահն ու արտգործնախարարը, ինչպես ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը, ինչպես Ֆրանսիայի նախագահն ու արտգործնախարարը, այնպես էլ ԵՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ անդամ այլ պետությունների ներկայացուցիչները, ողջ միջազգային հանրությունը` բացի դրա մաս կազմող մեկ` հայտնի սուբյեկտից:
Ուժային կենտրոններ
Հայաստանի նախագահը պաշտոնավարման երեք տարիների ընթացքում տարբեր մակարդակի այցերով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, ԵՄ տարբեր երկրներում, արաբական աշխարհի մի շարք պետություններում, Չինաստանում: Անշուշտ` հայ-ռուսական հարաբերություններին, փոխադարձ բարձրաստիճան այցելություններին ամբողջովին անդրադառնալու համար մի քանի տասնյակ հատորներ են անհրաժեշտ: Կարեւորագույն իրադարձությունները անցնող երեք տարիների ընթացքում թերեւս Սերժ Սարգսյանի` որպես նախագահ առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան` 2008-ի հունիսի 23-25-ը, եւ, իհարկե, ՌԴ նախագահի անցյալ տարվա օգոստոսին Երեւան կատարած պետական այցը: Նախ` երեք տարի առաջ հունիսին երկու երկրների նախագահները Կրեմլում, անդրադառնալով հայ-ռուսական գործակցության բոլոր ոլորտներին ու հնարավորություններին` ընդ որում ոչ միայն երկկողմ, այլեւ` ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Վերջինիս առաջին կետով Ռուսաստանի եւ Հայաստանի նորընտիր նախագահները հայտնում են իրենց վճռականությունը` «խորացնելու եւ ամրապնդելու բարեկամությունը երկու երկրների, ժողովուրդների միջեւ»: Հատկանշական է, որ նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը շեշտում են, որ «ՀՀ-ն եւ ՌԴ-ն արդի միջազգային խնդիրների նկատմամբ ունեն համընդհանուր, կամ մոտ դիրքորոշումներ եւ կարեւորում կառուցողական փոխգործակցությունը արտաքին քաղաքականության բնագավառում` երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում...»: Արդեն կոնկրետ խոսելով ԼՂ հիմնահարցի մասին, նախագահների հայտարարությունը սահմանում է. «ՀՀ-ն եւ ՌԴ հանդես են գալիս ԼՂ հիմնահարցի շուտափույթ լուծման օգտին, բացառապես խաղաղ միջոցներով, արդարացի, բոլոր կողմերի(եւ կրկին ոչ` երկու կողմերի-Հ. Ա.) համար ընդունելի հիմքով...»: Մինչ այս կետը` նախագահները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը` «հավատարիմ մնալու ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբուքներին»: Հայտարարության 9-րդ կետով` նախագահները հայտնում են, որ. «մտադիր են ապագայում եւս ակտիվորեն նպաստել սպառազինության վերահսկողության գործընթացին` առանց վնասելու որեւէ պետության անվտանգությունը...»: Արդեն երկու տարի անց` 2010-ի օգոստոսի 20-ին Ռուսաստանի նախագահը Երեւանում ՀՀ նախագահի հետ պետք է ստորագրի Գյումրու ռուսական ռազմաբազայի մեր երկրում գտնվելու ժամկետը երկաձգող եւ գործունեության բնույթը փոխող պայմանագիր, եւ դա պետք է անի` նույն օրերին Գյույ-Ալիեւ ռազմական գործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելուն զուգահեռ: «2008-ից ի վեր մենք շուրջ 30 հանդիպում ենք ունեցել` երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով», ողջունելով իր ռուս գործընկերոջը` Երեւանում նշեց ՀՀ նախագահը` 2010-ի օգոստոսի 20-ին: Սակայն այս վերջին հանդիպումը, ինչպես, նաեւ ՀՀ նախագահը նկատեց` «առանձնահատուկ է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ պետական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահը»: Մեդվեդեւի այցի` միջպետական այցերի համար նախատեսված բարձրագույն մակարդակը, ամենեւին էլ պատահական չի կարելի որակել. բացի, անշուշտ, երկու երկրների առկա հարաբերությունների մակարդակը ընդգծելուց, նախագահ Մեդվեդեւը նույն օրը հենց ստորագրեց հինգ հատկանշական փաստաթղթեր` Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցելու մասին համաձայնագիրը, Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը եւ այլն: Վերջինիս մասով նշենք, որ փոփոխության ենթարկվեց երկու կետ. ռուսական ռազմակայանը Հայաստանում կմնա առնվազն մինչեւ տեղակայման 49 տարին լրանալը` պայմանագիրը` եւս 5 տարով երկարաձգելու պայմանով, բացի այդ, եթե նախկինում ռազմակայանի գործունեությունը սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ սահմաններով, ապա այժմ` ռուսական կողմը պարտավորություն է վերցրել ստանձնել ՀՀ ռազմական անվտանգությունը` ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ եւ օժանդակել մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում: Ինչպես վերը նշեցինք սրանից մի քանի օր առաջ նախագահներ Գյուլն ու Ալիեւը արդեն իսկ ստորագրել էին` «թուրք-ադրբեջանական ռազմական փոխօգնության մասին» համաձայնագիր, որտեղ «փոխօգնություն» բառը թերեւս լրացուցիչ մեկնաբանության կարիք չի տալիս: Հայ-ռուսական հարաբերությունները, իհարկե, ճիշտ չի լինի դիտարկել բացառապես երկկողմ ձեւաչափով: Երկու երկրները ակտիվորեն գործակցում են` մասնավորապես ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում: Կոնկրետ ՀԱՊԿ-ի մասով, հատկանշականն անշուշտ կառույցի արագ արձագանքման զորամիավորման ստեղծումն էր, որը, փաստորեն, հնարավոր եղավ այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ում նախագահում էր Հայաստանը: Կառույցում ընդգրկված տարբեր երկրների կողմից պարբերական դարձան «ի միյիայլոց» հիշատակումները` ՀԱՊԿ կանոնադրութունից. «Կազմակերպության անդամ ցանկացած երկրի վրա զինված հարձակում, կընկալվի, որպես հարձակում` ամբողջ ՀԱՊԿ-ի վրա», այս մասին բազմիցս հիշեցնում են ՀՀ արտաքին քաղաքական եւ ուժային ոլորտների պատասխանատուները, ընդհուպ` նախագահը: Այս մասին հիշեցնում է նաեւ ռուսական քաղաքական վերնախավը` ի դեմս նախագահ Մեդվեդեւի, իսկ հիշեցնում են, կարծում ենք ակնհայտ է ում, եւ ակնհայտ է, թե երբ հատկապես:
ԱՊՀ շրջանակում իրադարձություններից նշենք, որ նախագահը անցյալ տարիների ընթացքում տարբեր մակարդակի այցերով եղել է Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում: Ամենուր նշվել է «երկկողմ գործակցությունը» խորացնելու պատրաստակամության մասին:
Առավելապես Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկվելուց հետո Հայաստանը էլ ավելի մեծացրեց հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մասնավորապես Հայաստան եկան եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ, մեր երկրում բացվեցին նոր դիվանագիտական ներկայացուցիչներ, օրինակ, օրեր առաջ` Շվեյցարիայի նախագահի այցելության շրջանակներում բացված այդ երկրի դեսպանատունը` Երեւանում: Նախագահի արտասահմանյան ուղեւորությունների զգալի մասը անցնող երեք տարիների ընթացքում հենց եվոպական ուղղությամբ էիր: Սերժ Սարգսյանը երկու տարի անըդմեջ մասնակցեց ամենամյա մյունխենյան Անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովին, շվեյցարական Դավոսի տնտեսական համաժողովին, պարբերական այցեր ունեցավ Բրյուսել` հանդիպելու ինչպես ԵՄ, այնպես էլ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Ստեղծվեցին եւ իրականացվում են մի շարք համատեղ ծրագրեր` միտված ՀՀ առավել ժողովրդավարացմանն ու տնտեսության ազատականացմանը: Հատկանշական է, որ Հայաստանը ակտիվացրել է շփումները բալկանյան, նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկրների հետ: Մասնավորապես Երեւան եկան եւ ՀՀ նախագահին իրենց մայրաքաղներում ընդունեցին Սերբիայի եւ Խորվաթիայի նախագահները: Իսկ այս տարի Հայաստանի նախագահը առաջին արտերկրյա այցը կատարեց Կիպրոս եւ Հունաստան: Առավել հատկանշական է նախագահի այցելությունը` «եղբայրական» որակված Կիպրոս, որը, փաստորեն, «թվացյալ» հակասություններ ունի դիրքորոշումների առումով ԼՂ ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող Հայաստանի հետ: Նախագահ Սարգսյանը Կիպրոսում շեշտեց, որ «յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է եւ, միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր հակամարտության լուծում պետք է լինի հիմնված արդարության սկզբունքի վրա»: Նախագահ Խրիստոֆիասի հետ Սերժ Սարգսյանը այս առումով հաստատեցին, որ երկու երկրները` «հակամարտությունները լուծելու առումով սատարում են միմյանց դիրքորոշումները», ավելին երկու նախագահների համատեղ ստորագած հռչակագրով` Կիպրոսը սատարում է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը եւ կարծիք հայտնում, որ` «Հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի ...հիման վրա, որոնք ի թիվս այլոց պաշտպանում են ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը` պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամարտահայտության միջոցով»:
Հատկանշական են նաեւ նախագահի այցերը` Ֆրանսիա, մի քանիսը` Գերմանիա, որոնցից մեկի շրջանակներում ՀՀ նախագահը ելույթ ունեցավ «Կոնրադ Ադենաուերի» կենտրոնում` ներկայացնելով մեր տարածաշրջանի` հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերի վերաբերյալ Հայաստանի ունեցած` «անեկղծ երկխոսություն» պահանջող տեսլականը: Առանձնահատուկ նշենք` նախագահի այցելությունը` Մեծ Բրիտանիա` աշխատանքային այցով, որի շրջանակներում` Բուքինհեմյան պալատում Հայաստանի նախագահին ընդունեց թագուհի Եղիսափեթ Երկրորդը: Նորին Մեծության հետ ՀՀ նախագահը քննարկել է հարցեր` «Հայաստանի եվրոինտեգրման գործընթացի, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» վերաբերյալ: Լոնդոնում նախագահին ընդունեցին նաեւ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը եւ արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Այս այցելությունը տեղի ունեցավ 2010-ի փետրվարի 9-11-ը, երբ դեռ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ նախագահը իր ուղերձով չէր առկախել:
Ինչ վերաբերում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ՀՀ ձեռքբերումներին, ապա նկատենք, որ այդ ծրագրում Հայաստանի ակտիվության մասին վկայող ամենախոսուն փաստը, թերեւս, այն է, որ Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ` Միության ասոսացված անդամ դառնալու կապակցությամբ: ԵՄ-ի հետ հարաբերությունների ենթատեքստում առանձնացնենք նաեւ Միության` Հարավային Կովկասի երկրների համար նախաձեռնած «Սահուն անցում` անվտանգ սահմանով» ծրագիրը, որը` Հայաստանի պարագայում հաջողությամբ կատարվում է ՀՀ Ազգային անվտանգության վերահսկություամբ, եւ հայ-վրացական սահման աշխարհագրությամբ, դեռեւս:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր որակ տեսնելու հիմքեր եւս կան: Հայաստանի նախագահը, ԱՄՆ նախագահի հրավերով անցյալ տարվա ապրիլի 11-13-ը Վաշինգտոնում էր` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Օբամա-Սարգսյան հանդիպումը: Նախագահները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլը: Վաշինգտոնում նախագահին ընդունեց նաեւ պետքարտուղար Քլինթոնը, որն ավելի ուշ` տարածաշրջանային այցի շրջանակներում, այցելեց նաեւ Երեւան` ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ անցկացնելով բացօթյա զբոսանք` Հայաստանի մայրաքաղաքում: Արդեն այս տարվա սկզբին տարածաշրջանային այցով Երեւան ժամանեցին ԱՄՆ պետքարտուղարի երկու տեղակալները: ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը նույնպես արդյունավետ կարելի է որակել Հայաստանի համար: Անցյալ տարի մեր երկրում` Կոտայքի մարզում անցկացվեց ՆԱՏՕ-ի «Արմենիա-2010» դաշտային վարժանքները` ուղղված բնական աղետների հետեւանքների վերացմանը: Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ գործակցության վկայություն է նաեւ հայկական զորամիավորման մասնակցությունը` Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններում: Հիշեցնենք հայկական զորախումբը` գերմանական հրամանատարությամբ Աֆղանստանում պաշտպանում է Կոնդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:
Անցնող 3 տարում մեր երկրի արտաքին քաղաքականության համար բացվեցին նաեւ նոր ուղղություններ. Չինաստան. «Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական եւ միջկառավարական համաձայնագրեր: Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ», այս մասին հայտարարեց Չինաստան այցելած ՀՀ նախագահը` չինական Xinhua տեղեկատվական գործակալության` 2008-ի օգոստոսի 7-ին տված հարցազրույցում: ՀՀ նախագահի երկրորդ այցելությունը Չինաստան` հիմնավորված էր` «Շանհայ` Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացմանը մասնակցելով: 2010-ի մայիսի 2-ին Սերժ Սարգսյանին ընդունեց Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն: Հանդիպամն ընթացքում ՀՀ նախագահը շեշտեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է: Նախագահները քննարկեցին նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը եղավ նաեւ Շանսի նահանգում գործող «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն, որն, անշուշտ, կարելի է գնահատել որպես երկկողմ կապերի զարգացման փայլուն վկայություն: Արդեն այս տարի մեր երկիր ժամանեց Չինաստանի արտգործնախարարը: Վերջինիս այցն, ի դեպ, տարածաշրջանային չէր, ինչը հաստատապես խոսում է այն հանգամանքի մասին, որ մեր երկիրը նույնպես Չինաստանի համար կարեւոր նշանակություն ունի: Չին նախարարը վերահաստատեց, որ իր երկիրը ցանկանում է մասնակցել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը:
Դեպի Արեւելք քաղաքականության մեջ մեր երկիրը պահպանեց ավանդական լավ հարաբերությունները արաբական աշխարհի հետ: Նախագահը այցելեց Քուվեյթ եւ Սիրիա, Երեւանում ընդունելով նաեւ վերջինիս նախագահ Բաշար Ալ Ասադին: Դեր Զորում ունեցած ելույթում` Հայաստանի նախագահը, հռետորական հարց ուղղեց. «Ասում են, որ Դեր Զորը հայերի Օսվենցինն է, այժմ ուզում եմ հարցնել, իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»: Ինչպես Երեւանում, որտեղ անկախությունից ի վեր Սիրիայի նախագահի առաջին այցը տեղի ունեցավ 2009-ի հունիսի 17-ին, այնպես էլ Սիրիայում, որտեղ նախագահ Ասադը, ընդունեց իր հայ գործընկերոջ` 2010-ի մարտի 22-24-ը, երկու նախագահները վերահաստատեցին, որ Հայաստան-Սիրիա հարաբերությունները պետք է դիտարկել պատմական փոխադարձ համակրանքի տեսանկյունից:Սիրիայում Հայաստանի նախագահը իր սիրիացի գործընկերոջը շնորհակալություն հայտնեց` «մեր ժողովրդի պատմության օրհասական պահերին Սիրիայի ցուցաբերած անգնահատելի օգնության համար»: Քուվեյթը դարձավ Հայաստանի նախագահի այցելած առաջին երկիրը Պարսից ծոցի տարածաշրջանում: 2009-ի ապրիլի 3-4 պետական այցով լինելով արաբական այդ երկրում նախագահը ունեցավ տարբեր հանդիպումներ Քուվեյթի ղեկավարության հետ: Մասնավորապես Քուվեյթի ներդրումների հիմնադրամի տնօրեն Բադեր Մոհամմեդ ալ-Սաադին ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում, որպես իրենց հիմնադրամի` Հայաստանում իրականացվելիք ներդրումների հավանական ոլորտներ նշեց էներգետիկայի, գյուղատնտեսության, անշարժ գույքի, լեռնահանքային արդյունաբերության բնագավառները: Արդեն Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները շեշտեցին, որ «հայ եւ արաբ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու դրական զգացումները այն պարարտ հողն են, որ հնարավորություն են տալիս համագործակցել տարբեր ոլորտներում»:
...Ավարտելով իր հարցազրույցը գերմանացի պրոֆեսոր Թիլման Ալերթի հետ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Երբ Ադրբեջանը ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը, Լեռնային Ղարաբաղը հռչակվի կամ անկախ երկիր, կամ միանա Հայաստանին, դա իմ կյանքի ամենաերջանիկ օրը կլինի...»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ