«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ԹՎԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ

Նոր ցուցահանդեսներ առաջիկայում

Ազգային պատկերասրահում եւ նրա 11 մասնաճյուղերում այսօր հավաքագրված է 26.000 ցուցանմուշ: ՀՀ վարչապետի հանձնարարականով սկսվել է դրանց լուսանկարումն ու թվայնացումը: Ինչպես «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը , արդեն ողջ հավաքածուներից 90 %-ը թվայնացվել է եւ շուտով կլինի այդ կայքի պաշտոնական բացումը, որով աշխարհը կտեղեկանա մեր ազգային գանձարանում եղած արժեքներին: Մինչ 2011թ. անելիքներին անդրադառնալը, պրն Միրզոյանը ամփոփելով անցած տարին, նշեց կատարված աշխատանքներից մի քանիսը: «2010-ը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունեցավ, քանզի մենք կարողացանք Մոսկվայի Պուշկինյան թանգարանում ներկայացնել տարբեր տարիներին ստեղծված հայ եւ ռուս գեղանկարչությունը: Ազգային պատկերասրահի 90-ամյա պատմության մեջ դա անդրանիկ ցուցադրությունն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Հաջորդ կարեւոր ձեռքբերումըՙ Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքի նույնանուն թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին հայ անվանի գեղանկարիչների 10 աշխատանքներըՙ Սուրենյանց, Սարյան, Կոջոյան...: Չորս ամիս է ցուցահանդեսը բաց է այցելուների համար եւ դեռ կշարունակի գործել մինչեւ մայիսի 10-ը», ասաց պրն Միրզոյանը: Նման ցուցահանդեսների կազմակերպումը կարեւորելով, պատկերասրահի տնօրենը շեշտեց, որ այդ ամենի արդյունքում արդեն մի քանի հայտնի թանգարաններից ստացվել են առաջարկություններ իրենց մոտ նույնպես կազմակերպելու ցուցահանդեսներ: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել անվանի գեղանկարիչ Գեորգի Յակուլովի կտավների ցուցահանդեսի կազմակերպման մասին: Այս տարի պատկերասրահում բացվել են հնդիկ նկարչուհու, լիտվացի գեղանկարիչ Չոռլոնիսի ցուցահանդեսները: Իսկ սեպտեմբեր ամսին ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության համագործակցությամբ կբացվի հատուկ ցուցադրությունՙ նվիրված Բրազիլիայի ազգային տոնին:

Պատկերասրահի տնօրենը շատ կարեւորեց ճանաչված գեղանկարիչ Հովհաննես Տեր-Թադեւոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այնուհետեւ ցուցահանդեսների շարքը լրացվում է մեկ աշխատանքների ցուցադրություններով, որոնցում տեղ են գտել Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը շարքից մի նմուշ (1927 թ.) եւ Ժանսեմի «Նատյուրմորտ» (1955 թ.) աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայի Պուշկինյան թանգարանի հետ, որպեսզի իմպրեսիոնիստների գոնե մեկական ստեղծագործություն ցուցադրվի մեր Ազգային պատկերասրահում: Հունիս ամսին կբացվի «Սյուրռեալիզմը եւ Սալվադոր Դալին» ցուցահանդեսը, որի ցուցանմուշները կբերվեն ԱՄՆ-ից: Բացի այդ, կլինեն մի շարք հոբելյանական ցուցահանդեսներՙ նվիրված գեղանկարիչներ Հմայակ Հակոբյանիՙ 140, Հովհաննես Ալխազյանիՙ 130 եւ Ռոբերտ Ֆալկի 125-ամյակներին: Լեհաստանի դեսպանության հետ համագործակցության արդյունքում Երեւան կտեղափոխվեն Վարշավայի ազգային թանգարանում ցուցադրվող «Հայացք դեպի Արարատ» խորագիրը կրող ցուցանմուշները, որոնցում պատկերվում է հայերի կյանքը Լեհաստանումՙ վաղնջական ժամանակներից: Բացի լուսանկարներից, ցուցանմուշներում տեղ կգտնեն տարբեր բնագավառներում աշխատած ու ստեղծագործած հայերի անձնական իրեր, արժեքավոր մասունքներ: Տարին կամփոփվի ԱՄՆ-ում բնակվող հայ երկու գեղանկարիչներիՙ Ռաֆայել Աթոյանի եւ Աշոտ Մելքոնյանի անհատական ցուցահանդեսներով:

  «Ազգը» փորձեց պրն Միրզոյանից ճշտել վերջին օրերին շնորհակալագիրը չընդունելու վերաբերյալ տպագիր եւ էլեկտրոնային մամուլում հրապարակված տարատեսակ կարծիքների մասին: «Այո, դուք ճիշտ եք, եւ այն, ինչ որ մեկնաբանվել է, խեղաթյուրվել է իմ ասածը եւ ոչ ճիշտ է մեկնաբանվել: Պետական որեւէ պարգեւՙ լինի դա շնորհակալագիր թե այլ, արժանի է մեծ հարգանքի, բայց ի՞նչ եւ ո՞ւմ: Երբ ինձ երիտասարդ տարիքում պարգեւատրեցին, դա ինձ մեծ ստիմուլ տվեց...: Հավատացեք, դա միայն իմ անձին չի վերաբերում: Կյանքի մեծ ճանապարհ անցած եւ պետական մեծ պարգեւների արժանացած արվեստագետին, ինչու միայն արվեստագետին, այլ նաեւ յուրաքանչյուր մարդու պետք է համապատասխան վերաբերմունքՙ ժամանակին: Այ սա է իմ անձնական կարծիքը»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4