«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


«ԱՐԵԳԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ»

Հերթականը` «Հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն»

Հայաստանյան գրահրատարակչական դաշտում «Արեգ» հրատարակչությունը անփոխարինելի տեղ եւ կայուն գործունեություն ունիՙ նախ եւ առաջ հստակ ուղղվածությամբ, պոլիգրաֆիական պատշաճ մակարդակով ու գրագիտությամբ, պահանջարկային գրականության տպագրությամբ: Այս ամենում իր դերն ունի նաեւ տնօրենիՙ Սամվել Գասպարյանի վերաբերմունքը գրին, մշակույթին, գիտությանը եւ իհարկեՙ գրահրատարակչական ոլորտի բազմամյա փորձն ու հմտությունը, եւ ինչպես հաճախ բնութագրում է նրան «Գրքերի աշխարհ» («Բուկինիստ») գրատան տնօրեն Խաչիկ Վարդանյանը, «մարդ-նվագախումբ», որը հիմնականում անհատապես է կազմակերպում աշխատանքները: Գրատան տնօրենի վկայությամբ, այս հրատարակչության գրքերը պահանջարկ ունեն եւ միշտ վաճառվում են, որովհետեւ դրանց ճիշտ ընտրություն է կատարվում եւ ճիշտ մարկետինգ կազմակերպվում»:

«Արեգը» մասնագիտացված սակավ հրատարակչություններից մեկն էՙ գերազանցապես բառարանային եւ հանրագիտարանային բնույթի գրականության ուղղվածությամբ: 1995-ականներից սկսած հրատարակչատունը լույս է ընծայել շուրջ 13 բառարան ու զրուցարան, 5 հանրագիտարան եւ այլ գրքեր:

«Արեգի բառարանները» մատենաշարի հերթական երկլեզվյան բառարանը «Հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն» 55.000 բառ եւ բառ-արտահայտություններով հրատարակությունն է: Բառարանը կազմել են Սամվել Գասպարյանը եւ պետհամալսարանի դասախոս Մարիամ Կիրակոսյանը: Տպագրված է «ՄՀՄ Գրատուն» տպագրատանը:

Բառարանը (1000 էջ) հագեցած է ժամանակակից հայերենի եւ ռուսերենի հարուստ բառացանկովՙ «Հայերեն-ռուսերեն» բաժնումՙ 25.000, «Ռուսերեն-հայերեն»-ում ավելի քան 30.000 բառ եւ արտահայտությունՙ ամենատարբերՙ գրականության, մշակույթի, քաղաքագիտության, իրավագիտության, դիվանագիտության, ֆինանսների, սպորտի, հոգեւոր, գիտա-տեխնիկական եւ այլ ոլորտներին վերաբերող: Այն կարելի է համարել արդիական, վերջին շրջանում լայնորեն շրջանառվող, ոչ միայն տեխնիկական առաջընթացով պայմանավորված նոր երեւույթների ու հասկացությունների, նաեւ մեր իրականության, ժամանակակից կյանքի ծնունդ լեզվական միավորների ներառմամբ: Բառարանը պարունակում է նաեւ հայերեն եւ ռուսերեն ամենագործածական առածներ ու ասացվածքներ, խոսակցական լեզվի հարուստ բառապաշար, այդ թվում եւՙ ժարգոնային բառեր, նաեւ աշխարհագրական տեղանունների ընդգրկման ցանկ: Հասցեագրված է հանրակրթական դպրոցներին, բարձրագույն հաստատություններին, թարգմանիչներին եւ առհասարակ ռուսերենով հետաքրքրվողներին:

Շնորհանդեսային ներկայացում

«Արեգի» գրքերը սովորաբար ներկայացվում են «Բուկինիստ» գրատանը կամ «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում: Այս անգամ ընտրված էր վերջինս, որտեղ հիմնականում մտավորական միջավայր է լինում, հանդիսավորությունից զերծ, պարզ խոսքեր: «Արտբրիջը» արդեն մտերիմ մթնոլորտ ունի, եւ տնօրենըՙ Շաքե-Հավան Կարապետյանը, բարեհամբույր ու ժպտադեմ է ողջունելիս: Այս անգամ էլ այդպես էրՙ շնորհավորանքներ ու հյուրասիրություն: Սամվել Գասպարանը ասաց, որ սա իրենց հերթական աշխատանքն է եւ որ շուկան է թելադրում պահանջարկը եւ անգլերենին զուգահեռ այսօր հավասար վաճառվում են նաեւ հայերեն-ռուսերեն բառարաններ: Վերջին շրջանում նման երկու բառարանների գոյությամբ, դրանցից մեկը Պետրոս Բեդիրյանի, Ջ. Ղարիբյանի, Դ. Անմեղիկյանի հեղինակած, նորի նախաձեռնությունը համարձակ քայլ էր, որի իրագործումը շուրջ 2 տարվա ոչ միայն լեզվագիտական, տեխնիկական նաեւ ստեղծագործական աշխատանքներ պահանջեց: «Փորձեցինք նոր բառարան ստեղծել, այսինքնՙ ընդգրկել հայերենում եւ ռուսերենում արտահայտված նորաբանությունները, նորաստեղծ բառերը, որոնք քննություն, իհարկե, ժամանակի ընթացքում կբռնեն»:

Բառարանի մասնագիտական դիտարկումը թողնենք բառարանագետներին: Ասենք միայն, որ հրատարակչական նախընթաց գործունեությունն այս ոլորտում ոչ միայն արդյունավետ էր, նաեւ հաջողված: Այսպեսՙ Հայաստանում «Հայերեն-անգլերեն»ՙ 1995-ին, ապա եւ 1998-ին «Հայերեն-ֆրանսերեն» բառարանների առաջին հրատարակությունների իրավունքը «Արեգ»-ինն է: «Ամբողջ 70 տարիների ընթացքում ստեղծվել էր ընդամենը 8.000 բառանոց «Ֆրանսերեն-հայերեն» բառարանըՙ չխոսած իսպաներենի, իտալերենի եւ մյուս լեզուների մասին, որոնք առհասարակ չկային: Այսօր դաշտը անհամեմատ հագեցած է: Մասնագիտական լավ բառարաններ տպում է «ՄանՄարը» («Մակմիլլան-Արմենիա»), «Ֆրանսերեն-հայերեն», «Հայերեն-ֆրանսերեն» 2 ընտիրՙ բառարան հրատարակեցին «Փրինթինֆոն» եւ ԵՊՀ հրատարակչությունը, կան նաեւ «Անկյունաքարը» եւ «Գիտանքը»:

Ի դեպ, «Արեգ»-ի «Հայերեն-ֆրանսերեն» բառարանը բավական հաջողություն ունեցել է Ֆրանսիայում, այդ մասին տեղեկացրեց ֆրանսահայ, Փարիզի «Սիժեստ» հրատարակչատան տնօրեն Վարուժան Սիրապյանը, որի հետ համագործակցություն «Արեգը» սկսել է տարիներ առաջ. «Սամվելը անանկ մեկն է, որ ինձի Հայաստանը սիրեցնել տվավ իր անձովը եւ իր արած գործովը: Չէինք հավատացած, որ նման գիրք մը կրնար վաճառվիլ Ֆրանսայի մեջ, քանի որ արեւելահայկական էր ուղղագրությունը: Սփյուռքի մեջ, դժբախտաբար, մարդիկ կան, որ լեզվական ասանկ լուրջ անջրպետ մը կդնեն... Ես անոնցմե եմ, որ կհավատամՙ մեկ ազգ ու մեկ լեզու ենք եւ ամեն ջանք կթափենք, որ հայոց լեզուն որեւէ ձեւով տարածվի: Եվ այս արեւելահայերենով գիրքը այնչափ լավ պատրաստված էր, որ մեկ տարվա մեջ չսպասված վաճառք ունեցավ եւ Փարիզի սալոնին մեջ ամենեն շատ վաճառված գիրքերեն մեկը եղավ», եւ ավելացրեց, որ բառարաններ տարածող մի կազմակերպության հետ կնքված համաձայնագրով այն կտարածվի նաեւ ֆրանսախոս այլ երկրներում: Նույնպես հաջողություն է ունեցել «Արեգի» «Հայաստանի հրաշալիքներ» պատկերազարդ հանրագիտարանըՙ ֆրանսերենով, Փարիզում տպագրված:

«Սիժեստի» հետ համատեղ երրորդ (նախորդը «Ֆրանսերեն-հայերեն զրուցարանն էր)ՙ «Երեւանյան դիմանկարներ» ֆրանսերեն գրքույկը, որ ներկայացրեց Վարուժան Սիրապյանը, Երեւանի մասին ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի աշխատակցի մտահղացումն էՙ Երեւանը ներկայացնել ոչ թե «կլասիկ կլիշեներով», այլ քաղաքում ապրող մարդկանց միջոցով: Շուտով լույս կտեսնի գրքույկի նաեւ հայերեն տարբերակը:

Հանրակրթական դպրոցների ոչ միայն աշակերտության, նաեւ ուսուցիչների համար օտար լեզուների ուսուցման, նաեւ հրատարակչությունների հետ համագործակցության անհրաժեշտության մասին էր Աշոտ Բլեյանի խոսքը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4