Արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները չի կարելի մեկ բառով, մեկ իրադարձության ներքո ներկայացնել: Յուրաքանչյուր երկրում հեղափոխությունը տարբեր պատճառներ է կրել: Եգիպտոսում հեղափոխության հիմքը սոցիալական էր, Եմենում` հարավային եւ հյուսիսային հատվածների առճակատումները, Բահրեյնումՙ սուիների ու շիաների միջեւ բախումները, իսկ Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` արաբական աշխարհի վերոնշյալ երկրներում կատարվող հեղափոխություններն անհնար է մեկ խնդրի, մեկ միավորի շուրջը դիտարկել: Նրանց միավորում է միայն արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, որը տեղեկատվություն է հաղորդում հարեւան երկրում կատարվող իրադարձությունների մասին:
Հայաստանի համար արաբական աշխարհում կատարվող փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. վերոնշյալ երկրներում գործում են հայկական համայնքներ, հետեւաբար յուրաքանչյուր բախումը, փոփոխությունը կառավարության կազմում կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայերի վրա:
«Մենք դեռ չգիտենքՙ Քադդաֆիին ինչպիսի Մադդաֆի կփոխարինի: Գործողություններն ավարտված չեն: Այս ամենից ժողովրդավարության հոտ չի գալիս, որովհետեւ մի վարչակարգը փոխարինվում է մյուսով: Մի նախագահին մյուսով փոխարինելը դեռեւս չի նշանակում դեմոկրատիայի հաստատում», նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը համոզված է, որ արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները բազմաթիվ փոփոխություններ կբերեն: Օրինակ, Սիրիայում ծավալվող գործողությունները եթե շարունակվեն եւ կատարվի իշխանափոխություն, ապա լուրջ ազդեցություն կունենա իրանա-սիրիական հարաբերությունների վրա, որոնք այսօր քաղաքական եւ տնտեսական ոլորտներում ամենաբարձր մակարդակի վրա են: Սիրիայում հեղափոխությունը գուցե խառնի Իրանի խաղաքարտերն ու բացասական ազդեցություն ունենա տարածաշրջանում Իրանի դերի վրա: Իսկանդարյանի գնահատմամբ, այդ ժամանակ կակտիվանա Թուրքիան:
Սփյուռքագետ Էդուարդ Մելքոնյանի հիշեցմամբ` արաբական երկրներում կան բազմաթիվ հայեր: Հատկապես մեծ համայնքներ կան Սիրիայում եւ Լիբանանում: Եգիպտոսում հայերի թիվը չի գերազանցում 8000-ը: Նրանք հիմնականում ապրում են Ալեքսանդրիայում եւ Կահիրեում: Մուբարաքի վարչակարգի դեմ կազմակերպվող առաջին ցույցերի, ընդվզումների ժամանակ հայ համայնքը որոշում կայացրեց չեզոք դիրք գրավել: «Դա հասկանալի է, քանի որ հայկական համայնքը շատ փոքր է, եւ իր դիրքորոշումն առանձնակի նշանակություն չի կարող ունենալ»:
Ի տարբերություն Եգիպտոսի` Սիրիայում բնակվող հայ համայնքը հավատարմություն ցուցաբերեց նախագահ Բաշար ալ Ասադին: Շուրջ 50.000-անոց հայկական համայնքի նման դիրքորոշումը, ըստ Մելքոնյանի, պատահական չէ, ոչ էլ անհատների քմահաճույք: «Հայ համայնքը Սիրիայում բացառիկ հնարավորություններ ունի: Հայերը Սիրիայի բազմաթիվ քաղաքներում ունեն եկեղեցիներ, դպրոցներ ու կազմակերպություններ: Հայերն իշխանությունից դժգոհ չեն»:
Մասնագետը փաստում է, որ եգիտպահայերը սպասումների մեջ են: Որովհետեւ դեռեւս հստակ չէ, թե ինչ կլինի հետագայում: Հայտնի չէ, թե նոր վարչախումբն ինչ դիրքորոշում կարձանագրի: Իսկ նման պարագայում առաջին տուժողը լինում է ազգային փոքրամասնություն, քանի որ շատ փխրուն օրգանիզմ է: Այս առումով Մելքոնյանը հիշեց ամերիկյան ասացվածքը «No news, good news»` հավելելով, որ հայ համայնքին ձեռնտու է, որ արաբական աշխարհում տիրի խաղաղություն:
Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա: Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո տվյալ երկրում հայ համայնքի թիվը զգալիորեն կրճատվում է: Երբ 1956-ին Եգիպտոսում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ տապալվեց Եգիպտոսի թագավոր Ֆարուքի իշխանությունը, հայերի թիվը երկրում զգալիորեն կրճատվեց: Երբ 1975-ին Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, հայ համայնքը չեզոք դիրքորոշում ուներ, սակայն դա չխանգարեց, որ Լիբանանում հայերի թիվը կրճատվի: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ Իրանում: 1979թ. տեղի ունեցած հեղափոխությունը ստիպեց, որ բազմաթիվ իրանահայեր լքեն երկրի սահմանները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ