«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՆ

Նախատեսվում է նրանց հանդիպումը նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Երեկ Երեւան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Այս անգամ Երեւանից եւ Բաքվից բացի համանախագահները նախատեսում են այցելել նաեւ ԼՂՀ, որտեղ այսօր արդեն նրանց սպասում է նախագահ Բակո Սահակյանը: Մինչ այդ, սակայն, Մինսկի խմբի համանախագահներին կընդունի Սերժ Սարգսյանը, իսկ երեկ երեկոյան Պոպով-Բրադկե-Ֆասիե եռանախագահներին հյուրընկալել է արդեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, համանախագահների այս այցելության նպատակն է «շարունակել քննարկումները բազային սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման արձանագրած դրական տեղաշարժին»: Փաստորեն, մարտի 5-ին Սոչիում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը դրական տեղաշարժ են արձանագրել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին, Երեւան ժամանած Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ «այս անգամ գոնե «Ադրբեջանի խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար», իսկ ավելի վաղ` Ծաղկաձորում նախագահ Սարգսյանը նշեց, որ վերջին հանդիպումը Բաքվի դիրքորոշման մեջ արձանագրել է թեկուզ չնչին, բայց տեղաշարժ: ԵԱՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ «քննարկվելու են նաեւ կոնկրետ միջոցառումներ` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների համատեղ հետաքննության անցկացման` կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ»: Ինչպես արդեն նշել է «Ազգը» , այս վերջինի իրականացումը անհնար կլինի` առանց «համատեղ հետաքննությունում» կոնկրետ ղարաբաղյան կողմին «այս կամ այն ձեւով» ընդգրկելու, թերեւս սրանով է պայմանավորված նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահներին այս այցելության ընթացքում ԼՂՀ այցելելուն չեն խանգարի «թեկուզ եղանակային պայմանները»: Ինչ վերաբերում է «հրադադարի ռեժիմի խախտումներին», ապա, ըստ ԼՂՀ-ի ՊԲ-ի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 260 անգամ: «Ադրբեջանական բանակը այդօրինակ պահվածք է դրսեւորում ոչ միայն վերջին շրջանում շփման գծում մի շարք դիտարկումներից հետո, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցի նախաշեմին»: Բնականաբար` ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմի մեջ մեղադրում է հայկական կողմին: Իսկ Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, Մինսկի խմբի համանախագահները կմտնեն Ղարաբաղից եւ Բաքվում կլինեն ապրիլի 13-14-ը: Ինչպես «Թրենդ»-ին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը հատելու են շփման գիծը եւ այցելելու են Աղդամի շրջանի Օրթա Գարվենդ գյուղ, որտեղ կշարունակեն 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվան հանգամանքների քննությունը»: Հիշեցնենքՙ ադրբեջանցի երեխայի մահվան մեջ հարեւան երկիրը մեղադրում է հայկական կողմի դիպուկահարներին, սակայն հայկական կողմից վերոհիշյալ բնակավայրում դիպուկահար կրակ փաստացի չի կարող հասնել:

Ի դեպ, այս եւ առհասարակ ադրբեջանական սահմանապահների ծառայության մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կարող են եզրակացություններ անել անգամ ադրբեջանա-իրանական սահմանից եկող տեղեկություններից: Ըստ իրանական «թաբնաք.իռ» կայքի` Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաֆար Ջաֆարովը, որը փորձել է անցնել Իրանի տարածք: Ավելի վաղ, հիշեցնենք, անցյալ տարվա մայիսի 31-ին, իրանական մեկ այլ` «շոմալնյուզ.քոմ» կայքը հաղորդեց, որ ադրբեջանցի սահմանապահները սպանել են Իրանի 52-ամյա քաղաքացու, որը ձկնորսություն անելու նպատակով փորձել է անցնել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ գտնվող գետը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4