Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի հանրապետական կուսակցության հրավերով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Ողջունելով հյուրերին` նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, եւ այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը եւ ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Մենք շատ ուրախ ենք Ձեր ղեկավարությամբ գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան այցելելու համար: Այցի նպատակն է` նպաստել երկու երկրների եւ նաեւ իշխող կուսակցությունների միջեւ քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը: Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն եւ մարդկության քաղաքակրթության մեջ մեծ ներդրում: Մեր ժողովուրդներին դեռեւս հարյուրամյակներ առաջ միմյանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, եւ մենք այսօր ուրախությամբ ենք փաստում, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքի վրա եւ մեծ հեռանկար ունեն: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրեւ վստահելի ու կարեւոր գործընկեր», նախագահի հետ հանդիպմանն ասել է Լի Չանչունը: Զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երեւանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստելու գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաեւ միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Հ. Ա.