«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


«Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ»

Հայաստանյան ներքաղաքական դաշտը կանգնած է լուրջ վերադասավորումների շեմին:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ` միաժամանակ նշելով, որ նման իրավիճակի սկիզբը դրվեց ՀԱԿ-ի` մարտի 17-ի հանրահավաքից ու ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: «Դե ֆակտո» ակումբում Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանի առաջին ու ներկայիս նախագահների միջեւ սկսվել է երկխոսություն. «Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ նաեւ կա որոշակի պայմանավորվածություն Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչը երկու կողմերի համար էլ շահեկան է»: Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, Ռուբեն Հակոբյանն ասում է, որ վերջին երեք տարիներին այդ միավորման հիմնական խոչընդոտը եղել են հենց ՀԱԿ-ն ու իր առաջնորդը:

Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքին, որտեղ ասվել է, որ պետության մեջ չպետք է լինեն ցնցումներ, քանի որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանն ու հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի վրա. «Սրանից հետո հարց է առաջանում, երբ 2008-ի փետրվարին կազմալուծվել էր հանրապետության կենսագործունեությունը, եւ հստակ էր, որ որեւէ բախումի դեպքում Ադրբեջանը կարող էր օգտվել իրավիճակից, այդ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը չունե՞ր վերոնշյալ մտահոգությունը»: Ռուբեն Հակոբյանը նաեւ կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանից, իսկ ներողություն խնդրելու պատճառը հետեւյալն է. «Արթուր Բաղդասարյանն իշխանությունների հետ գնաց երկխոսության, սակայն անվանվեց դավաճան, Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն բանն արեց 3 տարի անց ու 10 զոհերից հետո»: Ինչեւէ, Ռուբեն Հակոբյանի խոսքով` ընդդիմադիր դաշտում սպասվում են լուրջ տեղաշարժեր, միեւնույն ժամանակ առաջացել է քաղաքական պահանջ, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի ու հակակշռի իշխանություն-Լեւոն Տեր-Պետրոսյան ալյանսին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4