«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՆԱԽԿԻՆ ՉԵՌՆՈԲԻԼԱԿԱՆԸ ԲԱՑ ԱՐԵՑ ԱՂԵՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Չեռնոբիլ, Ֆուկուշիմա, Մեծամոր

Չեռնոբիլի ատոմակայանի ղեկավարի նախկին տեղակալ Ալեքսանդր Կովալենկոն ապրիլի 6-ին Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ երկրաշարժից եւ ցունամիից հետո ճապոնական «Ֆուկուշիմա-1» ատոմակայանում որեւէ տեխնոգեն աղետ չի եղել, բայց «օպերատոր ընկերության ղեկավարների շփոթվածությունը եւ անգործությունը միջին բարդության վթարը հասցրել են իսկական աղետի»:

Կովալենկոն չեռնոբիլյան աղետից հետո նաեւ դրա հետեւանքների վերացման կառավարական հանձնաժողովին առընթեր տեղեկատվության եւ միջազգային կապերի բաժնի պետն էր: Նրա խոսքերով, Ճապոնիայի իշխանությունները եւ ատոմագետները անտեսել են Չեռնոբիլի կազմակերպական-տեխնիկական դասերը եւ դանդաղ են գործել:

Բնական աղետից հետո կայանի աշխատակիցները ղեկավարության հրամանով տարհանվեցին: Որոշումն ընդունվեց ուժային կայանքի ներսում ճնշման աճի եւ ճառագայթման մակարդակի բարձրացման պատճառով: «Դրա հետեւանքով էապես իջավ ջրի մակարդակը, հանգեցնելով ռեակտորների ներսում ճնշման աճին, հետագա պայթյուններին եւ արտանետումներին, իսկ ճառագայթումն աղետալիորեն ուժեղացավ», նշում է փորձագետը:

Շարժական ուժակայանքներով էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները 1-ին եւ 2-րդ բլոկներում սկսվեցին միայն մարտի 14-ին, երբ վթարն արդեն վերաճել էր աղետի:

Մինչդեռ համանման իրավիճակ ծագել էր ԽՍՀՄ-ում, երբ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի մոտ 8 բալանոց երկրաշարժից հետո Մեծամորի ԱԷԿ-ում կարճ ժամանակամիջոցում իրավիճակը կայունացվեց, եւ հաջողվեց կանխել աղետը:

Նախկին չեռնոբիլականի խոսքերով, հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցները հեռացել էին, եւ ծագել էր ռեակտորի գերտաքացման վտանգ: Վթարի կանխման նպատակով ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը եւ «Մինատոմը» անհապաղ անձնակազմ էին ուղարկել ուրիշ ատոմակայաններից, գլխավորապեսՙ Կոլայի ԱԷԿ-ից: Այսպիսով, ընդամենը մի քանի ժամում տեղ հասած մասնագետները վերականգնել էին ակտիվ գոտու հովացմանն ուղղված ջրի մատուցումը, այդ թվումՙ հրշեջ մեքենաներով: [*]

Կովալենկոյի կարծիքով, «Ֆուկուշիմա-1»-ի եւ Ճապոնիայի կառավարության ձեռնարկած միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն: Վնասված ռեակտորները հատուկ գործվածքից պատրաստված «թասակներով» ծածկելն անօգուտ է, քանի որ գործվածքն արագորեն կքայքայվի բարձր ջերմության ազդեցությունից:

Ինչ վերաբերում է հեղուկ ռադիոակտիվ թափոնների վերամշակման համար նախատեսված ռուսական «Լանդիշ» նավարկող համալիրին, դրանից Ճապոնիան մեծ օգուտ չի ստանա, քանի որ «Լանդիշը» միայն ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների համար է:

Կովալենկոյի կարծիքով, «Ֆուկուշիմա-1»-ի շուրջը առնվազն 30 կմ շառավղով ընկած տարածքը երկար ժամանակ, գուցեեւ առհավետ պիտանի չի լինի բնակության եւ տնտեսական գործունեության համար:

Եթե Չեռնոբիլում տեղի էր ունեցել ռեակտորի պայթյուն, ապա Ֆուկուշիմայի նահանգում պատահածը երկրաշարժի եւ ցունամիի հետեւանք է:

Ճապոնացիների դանդաղկոտության պատճառը հայտնի է դառնում The Wall Street Journal թերթի հայթայթած TEPCO-ի գործողության հրահանգներով: Պարզվում է, որ օպերատոր ընկերությունը փաստորեն չի ունեցել վատթարագույն սցենարի դեպքում ԱԷԿ-ի ենթակառույցի կործանումը կանխելու ծրագիր: Վթարի ծանուցումը չէր ներառում համազգային վթարային ծառայությունները եւ ինքնապաշտպանության ուժերը: Իշխանությունների, այդ թվում միջուկային էներգետիկայի նախարարի եւ նահանգապետի ծանուցման գլխավոր միջոցը ֆաքսն էր: Հաղորդումը պետք է ուղարկվեր «15 րոպեում», եւ միայն առանձին դեպքերում ԱԷԿ-ի աշխատակիցներին թույլատրվում էր հեռաձայնել ֆաքսի ստացումը հաստատելու համար:

Չեռնոբիլում պայթյունից անմիջապես հետո սկսվեց «սարկոֆագի» (պատյանի) կառուցումը, որը ծածկեց վնասված ռեակտորը: Իսկ Ճապոնիայում որոշել են ավերված էներգաբլոկները ծածկել հատուկ գործվածքից պատրաստված «թասակներով», որոնք չեն կարող երկար դիմանալ բարձր ջերմաստիճանին: Չեռնոբիլում 30 կիլոմետրանոց գոտուց մարդկանց տարհանումը պարտադիր էր, իսկ Ֆուկուշիմայում մինչեւ օրս տարհանումը հանձնարարական բնույթ է կրում: Մինչդեռ «չեռնոբիլական» մասնագետները TEPCO-ի տեղեկատվության հիման վրա հաշվարկել են, որ վթարից հետո անցած ժամանակամիջոցում Ֆուկուշիմայի ԱԷԿ-ից 5-10 կմ հեռավորության վրա ճառագայթման չափաբաժինը կարող է կազմել 400 միլիզիվերտ, 10-20 կմ-ի վրաՙ մինչեւ 300 միլիզիվերտ, 20-30 կմ-ի վրաՙ մինչեւ 150 միլիզիվերտ: Կովալենկոն 30 կիլոմետրանոց գոտում մնացող 140 հազար ճապոնացիներին զգուշացնում է, որ 50 միլիզիվերտը ատոմային օբյեկտներում օպերատորների ճառագայթման տարեկան թույլատրելի չափաբաժինն է: 250 միլիզիվերտը պրոֆեսիոնալ լիկվիդատորների թույլատրելի առավելագույն վթարային չափաբաժինն է: Նման ճառագայթում ստանալուց հետո մարդը, որպես կանոն, պետք է բուժվի եւ այլեւ չաշխատի ԱԷԿ-ում եւ վտանգավոր այլ օբյեկտներում: 300 միլիզիվերտը հարոցում է ճառագայթային հիվանդության նշաններ: 4000 միլիզիվերտը ճառագայթային հիվանդություն է մահվան հավանականությամբ: Ի դեպ, 1000 միկրոզիվերտը կազմում է ժամում 1 միլիզիվերտ:

Հայաստանի ատոմակայանի դեպքերի մասին հասարակայնությանը մինչեւ օրս գրեթե ոչինչ հայտնի չէ, նշում է Ինտերֆաքսը: Չեռնոբիլի ԱԷԿ-ի դեպքերի եւ դրանց հետեւանքների մասին եւս մինչեւ օրս հստակ պատկերացում չունենք:

Օրերս TEPCO ընկերությունը Չեռնոբիլում աշխատած լիկվիդատորներին հրավիրել է պայքարելու «Ֆուկուշիմա-1»-ի վթարի հետեւանքների դեմ: Ֆրանսիական LEXPRESS շաբաթահանդեսի տվյալներով, ընկերությունը խոստանում է նրանցից յուրաքանչյուրին վճարել օրական 5000 դոլար: «Չեռնոբիլականները» Ռուսաստանում այդքան փող ստանում են մեկ տարում: Ճապոնական ԱԷԿ-ի ներսում ճառագայթման մակարդակը չափազանց բարձր է, իսկ դրսում տեղ-տեղ 100 միլիզիվերտից ավելի է:

Ապրիլի 6-ին TEPCO-ն սկսեց ազոտ ներմղել 1-ին էներգաբլոկի շենքի մեջ, որպեսզի թթվածինը չմիանա ջրածնին եւ նոր պայթյուն չառաջացնի: Այս կապակցությամբ Ալեքսանդր Կովալենկոն հիշեցնում է, որ համանման քայլ ձեռնարկվել էր նաեւ Չեռնոբիլում: Վթարից արդեն 5 օր հետո ակադեմիկոս Վալերի Լեգասովի առաջարկությամբ սկսել էին ռեակտորի տակ լցնել հեղուկ ազոտ: Բայց դրա հետեւանքով շատացել էին արտանետումները, աղտոտելով Բելառուսի որոշ շրջաններ: Շուտով ակադեմիկոսը հասկացել էր իր սխալը, եւ ազոտի սփռումը դադարեցվել էր:

Ատոմային օբյեկտներում տեղի ունեցած խոշոր վթարների համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ատոմային արդյունաբերության ղեկավարները միշտ փորձում են իրավիճակը ներկայացնել լուսավոր տոներով: Չեռնոբիլին վերաբերող տեղեկատվությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում: «Ֆուկուշիմա-1»-ի վթարի մասին սկսեցին խոսել դրա առաջին իսկ ժամերից, թեեւ Ճապոնիայի կառավարությունը մի քանի օր փորձում էր բնակչությանը համոզել, թե սարսափելի ոչինչ չի պատահել: Մինչդեռ ռեակտորի հովացման համակարգի էլեկտրասնուցման խափանումից հետո բնակչությունը պետք է անմիջապես տարհանվեր: Տարհանումը սկսվեց միայն երկու օր անց, երբ մարդիկ արդեն ճառագայթահարվել էին: Կովալենկոն այս պնդումն անելիս հիմք է ընդունում Ճապոնիայի կառավարության տվյալները, որոնց համաձայն ԱԷԿ-ի շուրջը ծագած ռադիոակտիվ ֆոնի մակարդակը ժամում 1200 միկրոզիվերտ է (մեկ օրում 30 հազար միկրոզիվերտ): Չեռնոբիլի վթարից հետո Պրիպյատից տարհանված բնակիչները ճառագայթվել էին 33 հազար միկրոզիվերտ:

Բացի դրանից, «Ֆուկուշիմա-1»-ի շուրջը հայտնաբերվել են ռադիոակտիվ յոդ եւ ցեզիում: Վերջինս մասնակիորեն տրոհվում է 30 տարում: ԱԷԿ-ից դուրս այդ նյութերի առկայությունը վկայում է, որ քայքայված է մետաղյա ներքին իրանը:

Վերջին 20 տարիների փորձը հաշվի առնելով, Կովալենկոն առաջարկում է ստեղծել «տեղեկատվական Աստված», այսինքն անկախ եւ վստահելի կազմակերպություն, որը կտարածի ոչ թե գերատեսչական, այլ անաչառ տեղեկատվություն: Այդ ծառայության մեջ պետք է մտնեն զանազան շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

* Այս մասին կուզենայինք լսել մեր մասնագետներից. արդյո՞ք մեր ԱԷԿ-ի բոլոր աշխատակիցները հեռացել էին, այլ խոսքով` փախուստ տվել - խմբ.

Պատրաստեց Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4