«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԻ ՏԻԵԶԵՐՔ ԿԱՏԱՐԱԾ ԹՌԻՉՔԻ 50-ԱՄՅԱԿԻՆ

50 տարի առաջ այս օրը մեծագույն իրադարձություն էր ոչ միայն սովետական, նաեւ միջազգային գիտական հանրության համար. աշխարհին հայտնի դարձավ տիեզերքի առաջին մարդըՙ Յուրի Գագարինը: Ռուս տիեզերագնացը պատմության մեջ անջնջելի հետք թողեցՙ տիեզերք կատարած առաջին թռիչքով:

Այս օրերին միջազգային հանրությունն ու լրատվամիջոցները լայնորեն նշում են 20-րդ դարի ամենանշանակալից իրադարձություններից մեկը: Ռուսական լրատվամիջոցներն ու գիտական հանրությունը, իհարկե, ըստ արժանվույն են դա նշումՙ մեծ հնչեղությամբ եւ կազմակերպվածությամբ:

Գագարինյան թռիչքի կեսդարյա հոբելյանի մեծարումներին իրենց մասնակցությունն են բերում նաեւ հայ գիտնականները: Օրեր առաջ մեր պատվիրակությունը մասնակցեց Մոսկվայում տեղի ունեցող 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնը, ապրիլի 8-ին ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ռուսական պատվիրակության հետ, որը գլխավորում էր տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տարածության յուրացման հետագա համագործակցության ուղիները: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձը տիեզերական հետազոտությունների ծրագրերում: «Օրիոն» ուղեծրային համակարգի մշակման գործում հայ գիտնականների փորձի մասին է խոսել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը: Եվ ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը հանդես է եկել տիեզերական թռիչքներում միկրոբային դեգրադանտների եւ երկրագնդի մերձակա տարածությունների յուրացման մասին զեկուցումով:

Նույն օրըՙ երեկոյան, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վահագն Գուրզադյանը պատմեց Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ տիեզերական աստղագիտության վաղ շրջանում հայ մասնագետների մասնակցության մասինՙ խոսքը տպավորիչ դարձնելով պատմական հետաքրքրություն ներկայացնող լուսապատկերային ցուցադրությամբ:

Գիտական այդ անհանգիստ օրերի համառոտ դրվագներ ներկայացրին այդ հետազոտությունների մասնակիցներ, պետական մրցանակի դափնեկիրներ Ալեքսանդր Կաշինը եւ Աշոտ Զախարյանը: Ավարտին ցուցադրվեց Ռիտա Շառոյանի նկարահանած «Տիեզերքը ափի մեջ»ՙ Գրիգոր Գուրզադյանին նվիրված ֆիլմը, որը փորձ էր ստեղծել գիտնականի, արվեստագետի ու մտածողի ներդաշնակ կերպար:

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում կշարունակվի հոբելյանական նստաշրջանը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4