Արտասահմանյան մի շարք ուսումնական հաստատություններում, դպրոցներում մինչեւ այժմ էլ պահպանվում է հին ու բարի ավանդույթը, երբ սովորողները նույն համազգեստով են: Նույնը կար նաեւ սովետական ժամանակաշրջանի դպրոցներում, մի քիչ ավելի նվազ` այսօրվա հայկական դպրոցներում: Բավական աչք շոյող պատկեր է, երբ հատկապես առավոտյան ժամերին դպրոցների բակերում տեսնում ենք միանման հագնված երեխաների, որոնք բոլորը, անկախ սոցիալական վիճակից, ունեին մեկ ընդհանուր անուն` աշակերտ: Գրեթե նույն պատկերն է բանակում: Մենք բոլորս էլ հպարտության զգացում ենք ունենում` տեսնելով միանման համազգեստով մեր որդիներին, եղբայրներին, որոնք սահուն շարային քայլով քայլերթ են անում շարահրապարակում կամ մասնակցում զորավարժությունների: Ճարտարապետության մեջ էլ կա սիմետրիա հասկացությունը, երբ, ասենք, տվյալ շինության կամ սենյակի բոլոր կամարները ունեն միեւնույն բարձրությունը. որոշ մասնագետների կամ պարզապես մարդկանց համար բավական հաճելի է հենց այս կերպ կառուցել իրենց շինությունները, մինչդեռ կան նաեւ այնպիսիք, որոնք նախընտրում են ասիմետրիան: Սա էլ այն դեպքն է, երբ նույն կամարները տարբեր բարձրության են. մասնագետների խոսքերովՙ ասիմետրիան, ի տարբերություն սիմետրիայի, չի հոգնեցնում նայողի աչքը եւ ձանձրալի պատկեր չի տալիս ընդհանուր շինությանը կամ սենյակին նայելիս:
Փաստորեն միանմանությունը ոչ բոլոր դեպքերում է դուրեկան. ասենք, քաղաքականության մեջ, միանմանությունը, որը կնշանակի միակարծություն, ինչն էլ իր հերթին` միակուսակցություն, ակնհայտ է, որ չի կարող նպատակահարմար լինել պետության զարգացման ճանապարհին: Հասարակության մեջ նույնպես «սիմետրիան» բավական վտանգավոր երեւույթներով է հղի` լճացնող լինելու առումով: Երբ բոլորս միանման մտածենք, չի լինի մեկը կամ մի քանիսը, որոնք ճիշտ կմտածեն, որովհետեւ ճշմարտությունը` որպես կանոն, ծնվում է առողջ բանավեճում, քննարկումներում, տարակարծություններում... եւ ոչ երբեք` համընդհանուր միասնական կարծիքից, որը սովորաբար լինում է պարտադրված: Ինչեւէ. վերջին շրջանում, փաստորեն, ունեցանք մի շարք «դավաճաններ», որոնց միակ մեղքն այն է, որ այլ կերպ են մտածում, քան հասարակության զգալի մասը` ընդամենը: «Դավաճանների» շարքում են Գեորգի Վանյանը, «դավաճան» է որակված նաեւ, չզարմանաք (հատկապես մեծանուն դերասանին լավ ճանաչողները-Հ. Ա.) Արմեն Ջիգարխանյանը: Առաջինը մեղավոր է, որ, ճիշտ է, նախօրոք համապատասխան գրանտ ստանալով, որոշել էր Հայաստանում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Կարծեմ ընթերցողները կհիշեն, թե ինչ ճակատագրի արժանացան ադրբեջանական ֆիլմերը մեր երկրում, ճիշտ նույն` ինչ Բաքվի սրճարաններում Շառլ Ազնավուրի երգերը, կամ, եթե հարեւան Ադրբեջանում որոշեին անցկացնել հայկական ֆիլմերի փառատոն: Այսինքնՙ մենք ադրբեջանական ֆիլմերի հետ վարվեցինք այնպես, ինչպես իրենք կվարվեին մեր ֆիլմերի հետ: Չգիտեմ, սա որքանով է ճիշտ, բայց հաշվի առնելով, թե մենք ինչպես ենք գրում, ինչ տոնայնությամբ Ադրբեջանում արգելված ու արգելվող հայկական ամեն ինչի մասին, չեմ կարծում, թե ճիշտ է: Անշուշտ, ադրբեջանական ֆիլմերում, եթե դրանք ցուցադրվեին, պետք է ցուցադրվեր «հայ մարդը»` «արյունարբու, դահիճ, նենգ, գող...», բայց իրո՞ք մեզ պետք չէ այս ամենը դիտել սեփական աչքերով. չէ՞ որ, բացի այս ամենից, նույն ադրբեջանական ֆիլմերը պատմելու եւ ցուցադրելու էին նաեւ շարքային ադրբեջանցուն` նրա ներաշխարհը, ադրբեջանական հասարակությունը` նրա առանձնահատկությունները. մեզ` հայերիս այս ամենը հաստա՞տ պետք չէ, թեկուզ տեղեկատվական պատերազմում: Օրինակՙ ամերիկյան բանակում արաբերենի, արաբ մշակույթի ու սովորությունների հատուկ դասընթացներ են տարվում, ֆիլմեր ցուցադրվում, նույնը` իրաներենի մասով, ինչո՞ւ ամերիկացի մայրերը, լրագրողները չեն մեղադրում այս նախաձեռնության հեղինակներին դավաճանության մեջ: Թերեւս հասկանում են, որ թշնամուն լիարժեք հաղթելու համար նրա մասին պետք է իմանաս հնարավոր ամեն ինչ, այդ թվումՙ լավը: Բացի սրանից, ինչո՞ւ չենք բողոքում, որ Երեւանում ամեն ամառ դիտում ենք թուրքական ֆիլմ, նույնիսկ դրանցից մի քանիսին գլխավոր մրցանակ ենք հանձնում: Թուրքերն արդեն մեզ թշնամի չե՞ն, թե՞ թուրքերից ստացած վերքերի սպիներն արդեն հին ենՙ ի տարբերություն ադրբեջանցիներից ստացած վերքերի: Ինչո՞ւ ենք սովորում թուրքերեն, նույնիսկ` մասնավոր, բայց ադրբեջաներենի ոչ մի դասընթաց չկա, մինչդեռ վերջինս մեզ եթե ոչ ավելին, գոնե նույնքան անհրաժեշտ է:
Իսկ ո՞րն է Արմեն Ջիգարխանյանի «մեղքը»: Ջիգարխանյանը «մեղավոր» է, որովհետեւ կարծում է, թե «ինչ-որ կիսաֆաբրիկատ մարդիկ խառնեցին մեզ իրար...», իրո՞ք սա այսպես չէ: Իսկ ի՞նչ արեցին Ստալինից սկսած գրեթե բոլոր սովետական առաջնորդները, ի՞նչ արեցին որոշ նախասովետական առաջնորդներ, չխառնեցի՞ն, չէ՞ որ ժողովուրդները, տրամաբանորեն, չեն կարող «միմյանց չսիրել», միմյանց չեն սիրում նրանց առաջնորդները, որը եւ «վարպետ առաջնորդները» տարածում են ժողովուրդների վրա: Ջիգարխանյանը «մեղավոր է», որ «ոչ թե կգնար, այլ կվազեր Բաքու...», ինքս` որպես լրագրող, խոստովանում եմ, հնարավորության պարագայում ոչ թե կգնայի, այլ կվազեի Բաքու: Դերասանը չի ասում, որ ցանկանում է Բաքու գնալ` ապրելու, այլ ընդամենը, խոսելով Բաքվի թատերական ավանդույթնների մասին, ինչը եղել է իրոք, ցանկություն է հայտնում իր թատրոնով հյուրախաղեր ունենալ Ադրբեջանի մայրաքաղաքում: Ուրեմն նա «դավաճա՞ն է»: Լավ, եթե իրոք այդպես է, ապա էլ ինչպե՞ս մենք ադրբեջանցիների հետ պետք է գտնենք երկխոսության ձեւեր, չէ՞ որ մշակույթը, մանավանդ այնպիսի անհատականությունը, որը հարգված է հակամարտության երկու կողմերում, նման դեպքերում շատ հաճախ ստանձնել է եւ պետք է ստանձնի այն «խելագարի» դերը, որի բացած ճանապարհով ընթանում են խելացիները:
Եթե մենք` հայերս, իրոք ուզում ենք ապրել արժանապատիվ ու բաց` մեր հարեւանների հետ, եթե մենք իրոք ցանկանում ենք լուծել բոլոր հակամարտությունները, հարցերը, տարաձայնությունները հիմա, այլ ոչ փոխանցել մեր երեխաներին, ապա ստիպված ենք խոսել մեր «թշնամիների հետ»` հենց նրանց լեզվով, լավ իմանալով նրանց սովորություները, առանձնահատկությունները, լեզուն: Ադրբեջանում, օրինակ, հայերենի մի շարք մասնագետներ կան, նույնիսկ հայերենով ադրբեջանական լրատվական կայք` «Արմենիա.ազ», բայց չգիտես ինչու այս մարդիկ հարեւան երկրում «դավաճաններ» չեն համարվում, այլ տեղեկատվական պատերազմի «առաջին գծի զինվորներ», որոնք առիթի դեպքում կարող են եւ պետք է դառնան երկու ազգերի երկխոսության առաջին նախաձեռնողները: Իսկ այդ երկխոսությունը մի օր կայանալու է անպայման, եւ Ջիգարխանյանը, որն այն բացառիկ, եթե ոչ միակ հայ անվանի դերասանն է, որը, իր իսկ խոսքերով, «ընդունում է հայերից ամեն մի առաջարկ, անգամ` գովազդում նկարահանվելու...», այլ ոչ տեղի անտեղի փնովում հայ երիտասարդ դերասաններին, մի օր իր թատրոնով լինելու է Բաքվում, հակամարտությունները, պարզապես, այլ կերպ չեն լուծվում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ