Մինչ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը` ապրիլի 11-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ռոբերտ Բրադկեին եւ Բեռնար Ֆասիեին ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել «անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման եւ այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա»: «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլեւ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա», նկատել է Նալբանդյանը: Հիշեցնենք` մարտի 29-ի համարում «Ազգը» ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության զեկույցի` ադրբեջանական «ծուռ հայելիները»:
Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «քննարկել են ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային ներկա փուլին վերաբերող հարցեր»:
Երեւանից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նրանց ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այսօր արդեն, հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Ադրբեջան:
Հ. Ա.