«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2011-04-09 | #64, 2011-04-12 | #65, 2011-04-13


ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանից բնակչության արտագաղթի իբր ահագնացնող չափերի հասնելու մասին խոսակցությունները, այդ աժիոտաժն արհեստական են, իրականում միգրացիոն հոսքերն այնքան էլ մեծ չեն: Անցած ուրբաթ Գյումրիում կազմակերպված` միգրացիայի խնդիրներին նվիրված միջազգային սեմինարում այսպիսի հավաստում արեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը : Նրա ներկայացրած տեղեկություններով` հանրապետությունից մեկնածների եւ վերադարձողների տարբերությունը եթե 2009 թվականին կազմել է 25600, ապա 2010-ին` 29000 մարդ, այսինքն ավելացել է ընդամենը 3400-ով: Ինչ մնում է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրին, ապա դրա հետ, պրն Եգանյանի հավաստմամբ, Հայաստանի կառավարությունը կապ չունի: 2007 թվականից գործող այդ ծրագրում մինչեւ այժմ ընդգրկվել է 526 ընտանիք...

Ասվածն, անշուշտ, չի նվազեցնում այն խնդրով զբաղվելու կարեւորությունը, որն ամենահուզողներից մեկն է մնում մեր հասարակության համար: Նշված սեմինարը հրավիրել էր Ինտեգրացիայի եւ էմիգրացիայի ֆրանսիական գրասենյակը` Ընկերական օգնության հայկական ընկերակցության, «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության հետ արդեն երկու տարի իրականացվող, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: «Ինստիտուցիոնալ աջակցություն միգրանտների վերաբերյալ տեղեկատվությանը եւ համագործակցություն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտեգրման բնագավառում» ծրագրի հիմնական նպատակներից են անօրինական միգրացիայի կանխարգելումն ու միգրացիոն հոսքերի օրինականացումը, աջակցությունը Հայաստան վերադարձող միգրանտների սոցիալական ինտեգրացմանը: Այս առումներով կարեւորվում է, մասնավորապես, պոտենցիալ միգրանտների իրազեկումը, այդ թվում` զբաղվածության ոլորտի ծառայությունների եւ ԶԼՄ-ների միջոցով: Նույն շրջանակներում երկու սեմինար կազմակերպվել է Երեւանում, իսկ երրորդը որոշվել էր Գյումրիում անցկացնել:

«Ձեր մարզից միգրացիոն հոսքերն ավելի ակտիվ են, ավելի մեծ ծավալների են հասնում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն, ինչը հաստատեց նաեւ ՀՀ միգրացիոն ծառայության պետը: Հայաստանից մարդկանց արտագաղթի մի զգալի մասն ուղղվում է դեպի Ֆրանսիա: Պրն հյուպատոսը հորդորեց չհավատալ ոսկե սարեր խոստացող անհատներին ու կազմակերպություններին, չծախսել ավելորդ հազարավոր դոլարներ եւ Ֆրանսիա մեկնելու համար ապավինել միայն օրինական ճանապարհներին:

Պրն Գագիկ Եգանյանը սեմինարում ներկայացրեց անկանոն կամ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության մշակված ռազմավարությունը, նաեւ` վերադարձողների համար մեր երկրում իրականացվող վերաինտեգրման ծրագրերը: Անօրինական միգրացիայի վտանգներին, կամավոր վերադարձի եւ տնտեսական վերաինտեգրման գործընթացներին, օրինական միգրացիայի ուղիներին, աշխատանք փնտրող անձանց շրջանում իրականացվող աշխատանքներին եւ այլ հարցերի անդրադարձներ էին Ներգաղթի եւ ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի ներկայացուցիչ Մարթա Բրիզի, ՀՀ միգրացիոն ծառայության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանի, Զբաղվածության պետական ծառայության Գյումրու մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի, այլոց ներկայացրած զեկուցումները:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4