Իսկ Տիգրան Սարգսյանը հպարտՙ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերությամբ
Երեւանում երեկ մեկնարկեց հայ-չինական գործարար համաժողովը, որի բացմանը մասնակցեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունն:
Իր խոսքում Տիգրան Սարգսյանը, կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը, նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ, առանց բացառության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմամբ: Ըստ վարչապետի, վերջին տարիներին բացահայտել են համագործակցության մի շարք ուղղություններՙ հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տուրիզմը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները: «Մենք հպարտանում ենք հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերությամբ, որը բացվել է անցած տարվա գարնանը` դառնալով համատեղ ծրագրերի իրականացման առաջամարտիկը», ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
ՉԺՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը մասնավորապես ասաց. «Հայաստանն ապացուցում է, որ ունի տնտեսական մեծ ներուժ արտահանման ծավալները մեծացնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու համար: Չինաստանն ունի մեծ շուկա, Հայաստանը` որակյալ արտադրանք: Չնայած դրան` Հայաստանից մեր երկիր արտահանման ծավալները շատ փոքր են: Երեկ ես համտեսեցի անկրկնելի համ ունեցող «Արարատ» կոնյակը, որը, ցավոք, Չինաստանում չկա: Հայ գործարարներին առաջարկում եմ պարբերաբար այցելել Չինաստան, գովազդել իրենց արտադրանքը, համագործակցել չին գործընկերների հետ եւ մուտք գործել չինական շուկա»:
Գործարար համաժողովին մասնակցում են չինական 22 ընկերությունների ներկայացուցիչներ բանկային, մեքենաշինության, հեռահաղորդակցության, սարքաշինության, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներից: Ներկայումս Հայաստանում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 41 ընկերություն:
Ա. Մ.