Համաձայն Mediagid-ի` մարտ ամսվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ներում ամենամեջբերված քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է (607 հիշատակում): Ընդ որում նշվում է, որ նախագահը պահպանում է առաջատարի իր դիրքերը անցած չորս ամիսների ընթացքում: Հայաստանյան լրատվամիջոցներում ամենաշատը մեջբերված քաղաքական գործիչների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս, ըստ Mediagid-ի, առաջ է անցել ՀՀ վարչապետից, որը վերջին ամիսներին անընդհատ լինելով երկրորդը, այժմ` չորրորդ մեջբերված քաղաքական գործիչն է: «Լավագույն հնգյակում» են նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ հնգյակից դուրս են մնացել պաշտպանության նախարարն ու Երեւանի քաղաքապետը: Փաստորեն, դատելով այս ուսումնասիրությունների արդյունքից, կարելի է նաեւ եզրակացություն անել, թե երկրի կոնկրետ ո՞ր ոլորտն է անցած մարտ ամսվա ընթացքում առավել հետաքրքրական եղել հասարակության համար:
Նշելով, որ իրենց «Քաղաքականություն» բաժինը դիտարկումների թվով ամենաճանաչվածն է, Mediagid-ը ներկայացնում է նաեւ հայաստանյան ԶԼՄ-ներում ամենամեջբերված ընկերությանը, մարզիկներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Մասնավորապես համաձայն ուսումնասիրության, լրատվամիջոցներում ամենամեջբերված ընկերություն է ճանաչվել VivaCell-MTS բջջային օպերատորը, մարզիկը` շախմատիստ Լեւոն Արոնյանը, շոու բիզնեսի ներկայացուցիչ` երգչուհի Էմին: Սպորտի բնագավառում լավագույն հնգյակում է ընդգրկվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հ. Ա.