«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2011-04-09 | #64, 2011-04-12 | #65, 2011-04-13


ՀՀ ԳԱԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի 2010 թ. գիտական գործունեության արդյունքները կամփոփի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը:

Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման գիտատեխնոլոգիական կենտրոնը, Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը, Բուսաբանության ինստիտուտը, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Կենսաքիմիայի ինստիտուտը:

Բաժանմունքում հաստատվել է 2011-2015 թթ. հիմնարար, կարեւորագույն եւ կիրառական հետազոտությունների ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են հետեւյալ գիտական ուղղությունները` կենսաբանություն, էկոլոգիա եւ բնապահպանություն, կենսատեխնոլոգիա, բժշկագիտություն:

Պատրաստվել եւ EBSCO միջազգային հրատարակչության ինտերնետային էջում զետեղվել են բաժանմունքի «Բնական գիտությունների էլեկտրոնային հանդես»-ի 14-15-րդ համարները: Լույս են տեսել «Հայաստանի բժշկագիտություն», «Կենսաբանական» եւ «Նեյրոքիմիա» գիտական հանդեսները:

Բաժանմունքի գործունեությունում կարեւոր տեղ են գրավել միջազգային գիտական կապերի ընդլայնման եւ ամրապնդման հարցերը:

Քննարկվել են Բելառուսի ԳԱԱ եւ ՀՀ ԳԱԱ միջեւ ներդրումային նախագծերի շրջանակներում համագործակցության համար առաջարկվող ծրագրերը: Շարունակվել է բաժանմունքի կազմակերպությունների համագործակցությունը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ:

Գիտնականներն ակտիվորեն մասնակցել են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման եւ օգտագործման 2010թ. ծրագրերի միջոցառումների կատարման ընթացք»-ի քննարկմանը:

Բաժանմունքի կազմակերպություններն ընդգրկված են տարբեր դրամաշնորհային ծրագրերում, որոնց աջակցում են ISTC-ն, IPP-ITSI-ն, DAAD-ը, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը, Գիտության եվրոպական հիմնադրամը, CRDF-ը, NATO-ն, ANSEF-ը եւ այլ դոնոր կազմակերպություններ:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ունի 855 աշխատակից, այդ թվում 4 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ, 75 գիտության դոկտոր եւ 258 գիտության թեկնածու:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն, 12.04.2011թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4