«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2011-04-12 | #65, 2011-04-13 | #66, 2011-04-14


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՌՅԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԲԱՔՈՒ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս անգամ տարածաշրջանային հերթական այցով ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը դեպի Բաքու բավական երկար էր: Ի տարբերություն նախորդ այցիՙ այս անգամ եղանակային պայմանները համեմատաբար բարվոք էին, եւ համանախագահները մինչեւ Բաքու մեկնելը Երեւանից ժամանեցին Ստեփանակերտ: Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, միջնորդներին ասել է. «Հակառակ միջնորդական ջանքերին` Ադրբեջանը շարունակում է իրականացնել քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլեւ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»: Որպես օրինակ ԼՂՀ նախագահը բերել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները եւ տարբեր իրադարձություններ խեղաթյուրված ներկայացնելը: Բակո Սահակյանը տեղեկացրել է Մինսկի խմբի համանախագահներին, որ վերջիններիս ներկայացրած դաշտային առաքելության զեկույցը Ադրբեջանում շարունակվում է խեղաթյուրված շահարկվել: Բացի սրանիցՙ ԼՂՀ նախագահը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի բարձրացրած «ոչ մարդասիրական» աղմուկի վրա:

Ստեփանակերտից Մինսկի համանախագահ եռյակը ուղեւորություն վերցրեց արդեն դեպի Բաքու, սակայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանը կտրելով շփման գծից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ազգը» , Մինսկի համանախագահները ծրագրել էին նաեւ այց Աղդամի շրջանի Օրտա Գյարվանդ գյուղ, որի 9-ամյա բնակիչ Ֆարիզ Բադալովի մահվան մեջ, ադրբեջանական կողմը մեղադրում է հայ դիպուկահարներին, մինչդեռ հայկական կողմից դիպուկահար կրակ պարզապես չի կարող հասնել նշված գյուղ: Նախքան Բադալովի ընտանիքին ացելությունը Մինսկի համանախագահների ներկայությամբ ընթացել է շփման գծի վերոհիշյալ մասի մոնիտորինգ, որի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել:

Ի դեպ, միգուցե պատահաբար, շփման գծի հենց Աղդամի հատված երեկ ժամանեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Արդեն Բադալովների ընտանիքում համանախագահները հանդիպել են Ֆարիզի հարազատներին եւ հայտնել իրենց ցավակցությունը, ավելին` ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն նշել է. «Ինձ վրա բավական վատ ազդեցություն գործեց 9-ամյա Ֆարիզի սպանության լուրը»: Մինչ այդ, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, հարեւան երկրի գլխավոր դատախազության քննչական բաժնի պետ Նազիմ Աբբասովը Մինսկի խմբի համանախագահներին է ներկայացրել «փաստեր, որոնք ապացուցում են, որ ադրբեջանցի երեխան մահացել է հայկական կողմից արձակված դիպուկահար կրակից»: Աբբասովը նշել է, որ «իրենք անցկացրել են հետաքննություն, բացահայտվել է հայկական կողմի մեղքը»: Իհարկե, տարօրինակ կլիներ, որ ոչ թե միջազգային անկախ, այլ Ադրբեջանի դատախազության իրականացրած հետաքննությամբ հայկական կողմը մեղավոր չճանաչվեր: Բադալովի «սպանության» վերաբերյալ «փաստեր» ստանալուց հետո` Մինսկի համանախագահ եռյակը շրջայց է կատարել նաեւ շփման գոտու` Թարթառի, Աղդամի եւ Բարդինի ուղղություններով: Հենց Թարթառի շրջանի Բեյմիսար գյուղում երեկ հրդեհի հետեւանքով ամբողջովին փլվել է երկհարկանի տուն, զոհվել է 4-ամյա Ջասուր Ռուստամ օղլու Սաֆարովը: Շրջանի դատախազությունն իրականացնում է հետաքննություն: Մնում է միայն հույս հայտնել, որ դատախազության հետաքննությամբ «չի բացահայտվի», որ ադրբեջանական գյուղում հրդեհի ու երեխայի մահվան պատճառը «ԼՂ անջատողական ռեժիմի» գործողություններն են:

Երեկվա մեկ այլ իրադարձություն նույնպես բավական ուշագրավ կարող է լինել Մինսկի խմբի համանախագահների համար: Ադրբեջանում «հայրենիքի դավաճանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւի նկատմամբ: Հաջիեւն այն նույն սերժանտն է, որին մարտի 17-ին, համաձայն Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ նախագահների պայմանավորվածության, հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին, փոխարենը ստանալով Տավուշի մարզի խաղաղ բնակիչ Արթուր Բադալյանին: Փաստը հետաքրքրական է այնքանով, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, թե Հաջիեւի գերեվարումը «հայկական կողմի դիվերսիոն գործողության արդյունք է», մինչդեռ, փաստորեն, ադրբեջանցի սերժանտը ինքնակամ է լքել մարտական հենակետը` հանձնվելով հակառակորդին. «Հայրենիքի դավաճան» հոդվածը այլ բանի մասին չի վկայում: Այս իրադարձությունները, ինչպես նաեւ նախագահ Ալիեւի` Ադրբեջանի կառավարության նիստում արած հայտարարությունները, պետք է, որ նույնպես «վատ անդրադառնան» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Վերջիններս բարձրաձայնելու հնարավորություն ունեն. Բաքվում նրանց սպասում է հանդիպում Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը նույնիսկ նշում է, որ «դիվանագիտական աղբյուրի տեղեկացմամբ»` համանախագահները շուտով Վաշինգտոնում հանդիպում կունենան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` «ներկայացնելու ԼՂ հիմնահարցի վերաբերյալ վերջին զարգացումներն ու բանակցությունների խաղաղ ընթացքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4