«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2011-04-12 | #65, 2011-04-13 | #66, 2011-04-14


«ՔԱՆԴՎԵՑ ՓՈՂԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ՍԽԵՄԱՆ»

Վերջերս մամուլում սկսեցին լուրեր պտտվել, թե սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացահայտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի ֆինանսական մեքենայությունները: Ըստ շրջանառվող լուրերի` Թամարա Պողոսյանը մեծ աշխատավարձեր է վերագրել իրեն եւ իր բարեկամներին ու մսխել հիմնադրամի գումարները:

  Թամարա Պողոսյանը սփյուռքի նախարարին ու լրատվամիջոցներին անպատասխան չթողեց, նրա պատասխանը «չուշացավ»: Երեկ հիմնադրամի գործադիր տնօրենը ասուլիս տվեց: Նախ լրագրողներին տեղեկացրեց, որ 2010-ի հուլիսից առ այսօր ինքն ու Հրանուշ Հակոբյանը միասին ոչ մի անգամ չեն խոսել հիմնադրամի խնդիրներից, ծրագրերից ու ֆինանսներից: Սփյուռքի նախարարը նաեւ հիմնադրամի անդամ է ու հոգաբարձուների խորհրդի նախագահը: Բանախոսն ասում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Հակոբյանը լիազորություններն ամբողջովին տվել է սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանին. «Սակայն լավ կլիներ` վերջինս չընդուներ այդ լիազորությունները, ու տիկին Հակոբյանը ստիպված կլիներ որոշակի հարցեր ինձ հետ քննարկել, ու այսօր այս վիճակի առաջ կանգնած չէինք լինի»: Բանախոսն ավելացնում է, որ Հրանուշ Հակոբյանի` հոգաբարձուների խորհրդի անդամ, առավել եւս նախագահ լինելը հակասում է հիմնադրամի կանոնադրությանը, որը հաստատվել է կառավարության որոշումով. «Տիկին Հակոբյանի` հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի անդամ դառնալն ու հիմնադրամի բյուջեն մշակույթի նախարարությունից սփյուռքի նախարարություն տեղափոխելը եղել է քաղաքական որոշումների արդյունքում»:

Տիկին Պողոսյանն ասուլիսի ընթացքում ոչ միայն պաշտպանում էր իրեն, այլեւ իր հերթին մեղադրում Հրանուշ Հակոբյանին: Նրա խոսքով` հոգաբարձուների խորհրդի մի նիստի ժամանակ տիկին Հակոբյանը հիմնադրամի բյուջեից 12 միլիոն 700 հազար դրամ հատկացրել է այլ կազմակերպությունների. «Այսինքն` հոգաբարձուների խորհրդի նախագահն ու անդամներն իրար միջեւ շատ գեղեցիկ ձեւով բաժանում են այդ գումարը: Սփյուռքի նախարարն ինքնուրույն ու միանձնյա տնօրինել է հիմնադրամի ֆինանսական գործառույթները»: Շարունակելով մեղադրանքների շարքը` տիկին Պողոսյանը նաեւ հայտարարեց. «Հրանուշ Հակոբյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, սփյուռքի նախարարության 50 միջոցառումներ գրել է մեզ վրա: Իսկ ես թղթերը չստորագրեցի, ու նախարարության փողերը լվանալու սխեման քանդվեց, տիկին Հակոբյանը կանգնեց փաստի առաջ եւ որոշեց վրեժխնդիր լինել»:

Վրեժխնդրության վերաբերյալ «Ազգը» պարզաբանումներ ստացավ նաեւ սփյուռքի նախարարությունից. մամուլի ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը Թամարա Պողոսյանի մեղադրանքները հերյուրանք որակեց. «Նման հերյուրանքների համար նույնիսկ կարելի է դատի տալ, խեղճ Թամարա Պողոսյան, նա կարող է շատ տուժել: Անհիմն մեղադրանքների ու խոսքերի համար շատ հնարավոր է, որ Հրանուշ Հակոբյանը դատի տա նրան»: Ինչ վերաբերում է հիմնադրամի կանոնադրությունն ու կառավարության որոշումը խախտելուն, Թեւոս Ներսիսյանը նշեց, որ սփյուռքի նախարարությունն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը օրենքի ոչ մի կետ էլ չեն խախտել: Զրուցակիցս պատմեց, որ կառավարությունը 18 միլիոն դրամ գումար է հատկացրել ծրագրեր կատարելու համար. «Իսկ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում, չգիտես ինչու, համարում էին, որ պետական փողերն աշխատավարձի ձեւով կարելի է դնել գրպաններն ու յուրացնել: Մի խոսքով` այդ ամենին վերջ տրվեց»: Երեկվա ասուլիսի ժամանակ Թամարա Պողոսյանն էլ իր հերթին նշեց. «Մենք արդեն լուծարվածի հաշիվ ենք»:

Ցավալի է, որ հոգեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջը նման աղմուկներ են բարձրանում: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը Հայաստանի, Սփյուռքի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ եղել է յուրահատուկ կապող օղակ, որը չպետք է դառնար շահարկման թեմա, մանավանդ որ հարյուրհազարավոր հայեր տարբեր երկրներում սպասում են հիմնադրամի ծրագրերին եւ ուզում են վստահել դրանք իրագործողներին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4