«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2011-04-12 | #65, 2011-04-13 | #66, 2011-04-14


ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՙ ԱՊՕՐԻՆԻ ՎՃԱՐՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՆ

Պետական կառույցների կողմից քաղաքացիներին մատուցվող տարբեր ծառայությունների (մեքենաների գրանցում, նոտարական ծառայություններ, անձնագրային բաժիններ եւ այլն) որակին, այստեղ գանձվող ապօրինի վճարների մասին մեր թերթում բազմիցս ենք անդրադարձել: Արձագանքները տարբեր էին:

Նոտարական մեկ գործարքի դիմաց 15-25 հազար դրամ ապօրինի վճարների մասին մեր հրապարակմանն («Ո՞րն է ամենաշահութաբեր «բիզնեսը» Հայաստանում» 25.02.2010 թ.) ի պատասխան արդարադատության այն ժամանակվա նախարարը փորձեց արդարանալ եւ հերթապահ խոստումներ տվեց «անուններ ասեք, պատժեմ» տարբերակով: Մեր հրապարակմանն անդրադարձավ նաեւ կառավարության «Հրապարակում» հաղորդումը, որտեղ նույնպես բերվեցին կոնկրետ վկայություններ, բայց նախարարը տվեց այս «ցրողական» պատասխանը:

Անձնագրային բաժիններում հերթերի եւ անտեսանելի «բարեփոխումների» վերաբերյալ մեր հրապարակման («Անտեսանելի «բարեփոխումներ» ոստիկանության անձնագրային բաժիններում», 19.02.2011 թ.) անուղղակի արձագանքն այն էր, որ այս օրերին որոշակի տարիքի երեխաների գրանցում է կատարվում: Ինչի պատճառով էլ հերթեր են գոյացել: Այդուհանդերձ, այս ոլորտում իրական բարեփոխումներ կատարվել են միայն անձնագրերի եւ վիզաների վարչությունումՙ կապված վիզաների տրամադրման հետ եւ Նոր Նորքի անձնագրային բաժնում: Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ անձնագրային մնացած այլ բաժիններում, բացի ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսավորած տեղեկատվական պլակատներից, ուրիշ փոփոխություն տեղի չի ունեցել: «Մեկ պատուհան» կոչված համակարգը այստեղ գոյություն չունի:

Ճանապարհային ոստիկանության մեքենաների գրանցմամբ զբաղվող բաժնում ծառայությունների բացահայտ ապօրինի վաճառքի մասին մեր հրապարակումն էլ («Որքա՞ն են խժռում մեր «գայիչնիկները» ավտոմեքենան գրանցելիս», 15.09.2009թ.), որտեղ մանրամասն նկարագրել էինք, թե որ քայլին որքան ապօրինի գումար է գանձվում, մնաց անարձագանք: Հիշեցնենք, որ այդ կառույցում մեքենայի գրանցման համար, չհաշված օրինական վճարները, քաղաքացիները 35-40 հազար դրամ կաշառք են հարկադրված լինում տալ:

Պետական ծառայությունների որակի խնդրին կառավարության վերջին նսիտերից մեկում անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ կառավարությունը պարտավոր է օպերատիվ միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Նա հիշատակեց մեքենաների տեխզննման ոլորտում կատարված փոփոխությունները, որի շնորհիվ ապօրինի գանձվող 5 հազար դրամների վճարումն անհնար կլինի: Ըստ վարչապետի, կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ հաջորդ քայլերը լինելու են մեքենաների գրանցման եւ վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներում: Եթե մեքենաների գրանցման մասին արդեն գրել ենք, ապա վարորդական իրավունքների տրամադրման ժամանակ կատարվող ապօրինի վճարումներին դեռ չենք անդրադարձել:

Գաղտնիք չէ, որ ավտոդպրոցների աշխատակիցները հիմնականում համաձայնության են գալիս որակավորման քննություններ ընդունող վարորդական վկայականներ տվող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Քաղաքացին կարող է, վճարելով որոշակի գումար, չհաճախել դասընթացների, բայց ստանալ վարորդական իրավունք: Եթե վարորդական իրավունք ստանալու համար մեր քաղաքացիները ծախսում են մոտ 140-175 հազար դրամ, ապա օրինական վճարումները այդ գումարից ընդամենը 35-45 հազար դրամ են կազմում: Օրինական վճարներն ենՙ քննության համար պետական տուրքըՙ 3 հազար դրամ, Ճանապարհային ոստիկանության ծառայության վճարը` 10 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականի համար պետտուրքըՙ 12 հազար դրամ, ավտոդպրոցի դասընթացի վճարըՙ 10-20 հազար դրամ: Մինչդեռ մնացած բոլոր վճարները անօրինական են: Մասնավորապես, պոլիկլինիկայից տեղեկանքՙ 5-10 հազար դրամ, նարկոլոգիական դիսպանսերից տեղեկանք` 5 հազար դրամ, հոգեբուժական հաստատությունից տեղեկանք` 5 հազար: Սրանց էլ ավելացնենք քննական հանձնաժողովի դրական որոշման համար վճարվող 30-40 հազար դրամը, դասընթացներին չհաճախելու եւ ավարտական քննությունները դրական հանձնելու համար վճարվող 60-70 հազար դրամը:

Մնում է միայն այս գումարները բազմապատկել տարեկան տրվող վարորդական վկայականների թվին, պարզելու համար, թե որքան ապօրինի գումարներ են շորթվում այս գործընթացում: Տեղեկացնենք, որ, 2009-ի տվյալներով, տրվել է 53 հազար վարորդական վկայական:

Իսկ թե ինչպե՞ս է կառավարությունը վերացնելու կոռուպցիան այստեղ, ինչպես խոստացել է վարչապետը, պարզ կդառնա մոտ ապագայում: Կհետեւենք եւ կատարված փոփոխությունները կներկայացնենք մեր ընթերցողներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4