«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2011-04-12 | #65, 2011-04-13 | #66, 2011-04-14


ԴՈԿՏ. ՌԻՏԱ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԵՌԱՀԱՏՈՐԸ

Մոնրեալի (Կանադա) Մկգիլ համալսարանի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսորի օգնական, Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին շրջանի հոգեբանական վերլուծությանը նվիրված «Archeology of Madness» գրքի հեղինակ դոկտ. Ռիտա Գույումճյանը Տորոնտոյի Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ ապրիլի 8-ից շրջագայում է Կանադայի եւ Մ. Նահանգների 6 քաղաքներումՙ ներկայացնելով իր եռահատոր նոր ստեղծագործությունըՙ «Ապրիլ 24, 1915-ից առաջ եւ հետո: Վերապրողների կյանքը» ընդհանուր խորագրով:

Ըստ «Արմինըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության եռահատորը, որը ներառում է «Տարագրություն, խեղվածություն եւ մահ», Կոմիտաս վարդապետի հետ Չանկիրիի ճանապարհին», «Թեոդիկի կենսագրությունը եւ նրա հուշարձանը (նվիրված ապրիլի 11-ին (24-ին) աշխատությունը» եւ Թեքեյան մշակութային միության եւ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի համատեղ հրատարակության արդյունք է:

Առաջին գիրքը պարունակում է Արամ Անտոնյանի 1946-47 թթ. Կոմիտաս վարդապետի հիշատակին գրած 25 հոդվածները դոկտ. Ռիտա Գույումճյանի թարգմանությամբ: Հոդվածները, որոնք առնչվում են հատկապես ցեղասպանության առաջին երեք օրերին եւ Կոմիտասին մտահոգության մղած հանգամանքներին, հրատարակված են եղել Փարիզում լույս տեսնող մի պարբերականում, որի փակումից հետո, սակայն, մատնվել են մոռացության:

Գույումճյանի թարգմանություններով համեմատաբար ավելի քիչ ճանաչված մտավորականների կյանքի եւ ստեղծագործության մանրամասներ դարձյալ երեւան են հանվելՙ առավել ամբողջական դարձնելով ցեղասպանության երեւույթը:

Երկրորդ գիրքը բաղըացած է երկու մասից: Առաջինում Թեոդիկի (Լաբճինճյան Թեոդոս Գրիգորի, 1973-1928 թթ.) կենսագրությունն է, նրա ամենամեծ եւ ամենակարեւոր ներդրումը, գուցե, «Ամենուն տարեցոյցը», տարեգրքի հիմնադրումն է 1907-ին, որի 19 հատորները փոքրիկ հանրագիտարաններ են Կոստանդնուպոլսի հայկական համայնքի առօրյա կյանքի հետաքրքրական դրվագներով: Երկրորդում Թեոդիկի «Յուշարձան ապրիլ տասնմեկին (24-ին)» աշխատության թարգմանությունն է: Այդտեղ նշված են 763 մտավորականների, կրոնավորների եւ հասարակական գործիչների անունները, կենսագրական տվյալները, ինչպես նաեւ նրանց մահվան հանգամանքները 1915-ին:

Երրորդ գիրքը հայ գրող, պատմաբան, հրապարակախոս եւ երգիծաբան Արամ Անտոնյանի (1875-1952) կենսագրությունն է: Նրան իրավամբ անվանել են «ցեղասպանության ուսումնասիրությունների հայրը», քանի որ նկատելու եւ գրի առնելու նրա յուրատեսակ կարողությունն ու ոճը վավերագական բնույթ էին տալիս իր գրություններին:

Դոկտ. Գույումճյանի շրջագայությունը սկսվել է Տորոնտոյից ապրիլի 8-ին ԹՄՄ-ի կենտրոնում, ապա շարունակվել է հաջորդ օրըՙ ապրիլի 9-ին Դետրոյթումՙ «Հակոբյան» գորգերի պատկերասրահում, այնուհետեւ Չիկագոյումՙ ապրիլի 10-ին Սբ Հակոբ հայկական եկեղեցու դահլիճում, Նյու Ջերսիումՙ ապրիլի 13-ին Սբ Լեւոն հայկական եկեղեցու դահլիճում, Ֆիլադելֆիայումՙ ապրիլի 14-ին Մկրյան հաստատությունում եւ ավարտվում Մոնրեալումՙ ապրիլի 17-ին Թեքեյան միության կենտրոնում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4