Երեկ Թեքեյան կենտրոնում մեկնարկել է մաթեմատիկայի եւ հայոց լեզվի դպրոցական օլիմպիադան, որին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերից (Կարպի, Գյումրի, Ստեփանավան, Երեւան)ՙ Վահան Թեքեյանի անվան դպրոցների ութերորդ դասարանի շուրջ 60 աշակերտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ վերը նշված չորս դպրոցների միջեւ համագործակցությունը դարձել է ավանդական: Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագիրը չի սահմանափակվում օլիմպիադայով: Այս դպրոցների աշակերտները այցելելու են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ամռանը հանգիստը կանցկացնեն հանրապետության դպրոցական ճամբարներում, իսկ աշնանը կմասնակցեն մարզական խաղերի:
Ինչպես տեղեկացրել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը , օլիմպիադայում ամեն առարկայի համար սահմանվել է երեք մրցանակային տեղ եւ մեկ խրախուսական մրցանակ: «Անցած տարի, օրինակ, աշակերտներն իրենց մրցանակներով օգնեցին իրենց դպրոցներին, մասնավորապես ստացան մարզական գույք, համակարգիչներ», նշել է Արմեն Ծուլիկյանը:
Օլիմպիադայից հետո դպրոցականները կայցելեն Դելֆինարիումՙ դիտելու ծովային կենդանիների գեղեցիկ շոուն:
Մ. Մ.