Հարցազրույց ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ
Ժամանակակից հասարակությունների զարգացումը անհնար է առանց գիտատեխնիկական առաջընթացի, որի հիմքում նախեւառաջ բարձրորակ կրթությունն էՙ այսօր աշխարհում գնահատված ու թանկ արժեքներից ամենապահանջվածը:
Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունըՙ Երեւանի պետական համալսարանը փառավոր անցյալ է ապրել, կրթական ու գիտական հարուստ ավանդույթներ ձեւավորել եւ այսօր էլ անցյալի ժառանգության հենքով շարունակում է կառուցել ժամանակակից կրթական համակարգ, ուսումնական ծրագրերի բարեփոխումների նոր ընթացքով:
Հայաստանի Մայր բուհը գործունեության 90 տարիների ընթացքում արժանիորեն հպարտանալու շատ էջեր ունի, անուրանալի է նրա հսկայական ներդրումը հայ մշակույթի, կրթության եւ գիտության ասպարեզներում:
Մեր հանդիպումը այսօր ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանի հետ էՙ իր պաշտոնավարության 5-րդ տարվա ավարտին համընկնող, եւ զրույցը նրա հետ ըստ էության հետադարձ եւ ամփոփիչ հայացք է անցնող տարիների համալսարանական կյանքի ամենատարբեր շերտերին, ինչ-որ տեղ նաեւ ինքնահայացքՙ սեփական աշխատանքին, ձեռքբերումներին, անավարտ բազմաթիվ խնդիրներին: Արամ Սիմոնյանը համոզված է, որ Կառավարման խորհուրդը ճիշտ ընտրություն է կատարելու եւ նորընտիր ռեկտորը լինելու է այն մարդը, որը հաջորդ 5 տարիների համալսարանի ղեկավարման ե՛ւ դժվարությունները, ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ հաճույքը կկրի արժանորեն: Ընտրություններին մասնակցելու որոշում առայժմ չի կայացրել, դեռ վաղ է:
- Մեծագույն երջանկություն է համալսարանում աշխատելը, անկախ ինչ կարգավիճակում եւ պաշտոնում ես, որովհետեւ նախ` հաղորդակցվում ես երիտասարդության հետ, որը թույլ չի տալիս ծերանալ, տարիքով մեծ զգալ, որ մեծ առավելություն է, երկրորդըՙ հնարավորություն ես ունենում զարկերակը պահելու կյանքի դաստակին: Հպարտություն ես ապրում, որ այդպիսի հաստատության աշխատակից ես, մի հաստատություն, որը դժվար, հետաքրքրական ու շատ բարեբեր ճանապարհ է անցել այս ավելի քան 90 տարիների ընթացքում եւ շարունակելու է իր երթը շատ երկար:
- Պրն Սիմոնյան, այս վերջին տասնամյակներում զգալի փոփոխություններ իհարկե տեղի ունեցան համալսարանական կյանքում, անդրադառնանք, սակայն, Ձեր պաշտոնավարման ընթացքին. ինչպիսի ներդրումներՙ ուսումնակրթական, կառավարման, կառուցվածքային, տեխնիկական եւ այլ փոփոխություններ եղան, որոնք նշանակալից են եւ կառանձնացնեք:
- Յուրաքանչյուր ժամանակաշրջան յուրաքանչյուր հաստատության, նաեւ բուհական կյանքում բերում է փոփոխություններ, համալսարանում էլ նույնը տեղի ունեցավ եւ շարունակվում է, ամեն նոր ղեկավար հենվում է նախորդ շրջանի վրա, շարունակում եւ զարգացնում եղածը: Այս վերջին տարիներին էլ քիչ բան չի արվել:
Կրթության ոլորտ
- Շարունակվեցին 90-ականների 2-րդ կեսի բարեփոխումները, եւ այսօր արդեն ԵՊՀ-ում ամբողջովին ներդրվել է կրեդիտային համակարգ, կրեդիտային հենքով եռաստիճան ուսուցում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): Ներդրվել է հետբուհական կրթական համակարգ, որը ներառում է կրթական այնպիսի տարրեր, ինչպես որակավորման բարձրացում եւ վերաորակավորում, նեղ մասնագիտությունների գծով ուսման կազմակերպում, կարճատեւ ուսման ձեւեր (մեկ ամսից մինչեւ 1-2 տարի տեւողությամբ), որից հետո տրվում են համապատասխան ելքային փաստաթղթեր: Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց ներդնել ուսանողների գիտելիքների գնահատման նոր համակարգ, այն ավելի ավտոմատացված է, ավելի ճկուն է, հստակ եւ ավելի զերծ կոռուպցիոն ամենատարբեր ռիսկերից, քան նախորդը: Լիովին փոխվեցին ծրագրային փաթեթները, ուսումնական պլանները: Ներդրվեցին նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներՙ ինչպես ակտուարային մաթեմատիկա, կոնֆիլկտաբանություն, սերվիս մասնագիտացում, հանրային կառավարում: Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի մակարդակներումՙ վիզուալ հաշվարկ, վրացագիտություն, եվրոպագիտություն, շուտով կովկասագիտությունը որպես մասնագիտություն կներդրվի:
Մեր գործունեությունը ավելի արդյունավետ կդարձնի կորպորատիվ համալսարանների հիմնումը, երբ ծրագիրը համալսարանը եւ գործատուն համատեղ են մշակում: Այսպիսի հաջող փորձ ունենք «Սինոփսիս» ընկերության հետ: ԱՊՀ ցանցային համալսարանների շրջանակներում մտադիր ենք նոր ծրագրի ձեռնարկման, որը թույլ կտա կրկնակի դիպլոմ տալ մասնավորապես մագիստրատուրայի շրջանավարտներին: Ռոստոկի (Գերմանիա) համալսարանի հետ այդպիսի համագործակցության փորձ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Աշնանից կընդլայնվի մասնագիտացումների ցանկը, մեր ուսանողները հնարավորություն կունենան 3 կիսամյակ սովորել այստեղ եւ 1 կիսամյակ Ռոստոկի համալսարանումՙ ստանալով երկու համալսարանների դիպլոմներ: Սա կրթության ապագան է:
Հաջորդըՙ չափազանց կարեւոր ուշադրությունն է կրթական որակի բարձրացմանը: Ստեղծվեցին կառուցվածքային նոր ստորաբաժանումներ, վերահսկման մեխանիզմներ: Կարծում եմՙ կրթության որակը զգալիորեն բարձրացել է, հասկանալի է, իհարկե, որ անընդհատական աշխատանք պահանջող գործընթաց է սա: Կրեդիտային հենքով ուսուցումը թույլ է տալիս կրթական գործընթացներում անհրաժեշտ ճկունություն ապահովել, սակայն մենք լրացուցիչ մեխանիզմներ ենք փորձում ստեղծելՙ առավել ամբողջական բավարարելու կրթական պահանջները: Դրանք հնարավորություն են տալիս ցանկացողներին միաժամանակ 2 մասնագիտությունների գծով սովորելու, ոչ միայն ելքային փաստաթղթեր, նաեւ որեւէ այլ առարկայի գծով կրեդիտներ ստանալու: ԵՊՀ-ում արդեն կիրառվում է այս փորձը:
Գիտահետազոտական ուսումնասիրությունների ոլորտ
- Երեւանի պետական համալսարանը գիտական հետազոտությունների առումով ակադեմիայից հետո 2-րդ կարեւոր օջախն է. բազային ֆինանսավորում զգալիորեն ունեինք, նախկին թեմատիկ ֆինանսավորումն այսօր փոխվել է գրանտայինի: Հատկապես այս առումով աչքի է ընկնում բնագիտության ասպարեզըՙ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ այլ: Եվ մեզ համար կարեւոր է մի կողմից` գիտահետազոտական այդ արդյունքների հիմնարար լինելու փաստը, մյուս կողմիցՙ կիրառական ոլորտում ներդնելու խնդիրը. այս վերջինիս առումով որոշակի խոչընդոտներ կան: Նախՙ շուկան չի տրամադրում հնարավորություններ, եւ օրենսդրական դաշտն էլ անկատար է:
Մենք պիտի կարողանանք տիրապետել մենեջմենթի գաղտնիքներին, որպեսզի նաեւ մենեջմենթային գնահատական տանք մեր գիտահետազոտական արդյունքներին եւ հստակեցնենք դրանց` նաեւ միջազգային շուկայում կիրառելի դարձնելու ուղիները: Իսկ միջազգային ասպարեզում մրցակցությունը ահավոր ծանր է, ոչ միայն աշխատատար, նաեւ նյութատար է: Ճիշտ մենեջմենթը հնարավորություն կտա նվազ ծախսերով ստանալ առավելագույն արդյունքներ: Առայժմ սա մեզ չի հաջողվում, կարծում եմՙ ոչ միայն մեզ, այլեւ հանրապետության ողջ գիտությանը:
- Գիտական մտքի զարգացմանը, դրա գործնականում կիրառմանը մենեջմենթային խնդրից բացի այլ խոչընդոտող հանգամանքներ չկա՞ն:
- Մեզ մեծապես խանգարել է նյութատեխնիկական բազայի, լաբորատոր սարքավորումների հնացածությունը: Սա վերաբերում է հատկապես ուսանողական լաբորատորիաներին, որովհետեւ գիտական լաբորատորիաների առանձին ճյուղեր արտասահմանյան գրանտների շնորհիվ հաջողվել է վերասարքավորել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Սակայն պետք է նկատի առնել, որ ուսանողների մի մասը դեռ մագիստրատուրական սեղանից է սկսում զբաղվել գիտությամբ, եւ լաբորատոր աշխատանքները նրա համար շատ կարեւոր են: Անցած տարվանից կյանքի կոչվեց եռամյա մի ծրագիր, որն արժանացավ պրն. Սերժ Սարգսյանի, գիտեք, նա համալսարանի Կառավարման խորհրդի նախագահն է նաեւ, խիստ դրական վերաբերմունքին: Նախագահի անմիջական աջակցությամբ, «Լույս» հիմնադրամի, նաեւ ԵՊՀ-ի միջոցներով գնեցինք մեծ թվով ժամանակակից սարքավորումներ ուսանողական լաբորատորիաների համար, որի բարեբեր ազդեցություններն արդեն ակնհայտ են: Ծրագիրը շարունակվում է, ահա հենց նոր ստացել եմ Գյոթհինգենից շատ կարեւոր տեղեկություն . համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո Գերմանիայից կառաքվեն ռենտգենյան հատուկ սարքավորումներՙ կենսաբանության ֆակուլտետի համար: Համոզված եմ, այս ծրագրի հաջողությունը գիտական աշխատանքների զգալի առաջընթաց է ապահովելու:
- Նոր ժամանակները նոր խնդիրներ ու ձեւեր են առաջադրում բոլոր ոլորտներում: Դուք անդրադարձաք կրթության որակի բարելավմանը: Դասընթացներին կիրառվո՞ւմ են արդյոք այդ նոր ձեւերը. նկատի ունեմ հին ստերեոտիպերից հեռացում եւ ուսանող-դասախոս փոխհարաբերությունների ավելի ակտիվ հաղորդակցում, ինչը հնարավորություն կտա ուսանողին ավելի ինքնուրույն մտածելու եւ գործելու, ստեղծագործաբար զարգանալու:
- Մենք հռչակել ենք ուսանողակենտրոն ուսուցում, եւ դրա պահանջը արդիական է. դասերի ինտերակտիվ պրակտիկան արդեն կիրառվում է, դեռեւս ոչ համատարած, բայց մեր մի շարք ֆակուլտետներումՙ իրավաբանության, սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, միջազգային հարաբերությունների եւ այլ, իրականացվում է: Այսպիսի ուսուցման շրջանակներում շատ կարեւոր է նախապատվություն տալ թիմային աշխատանքին, որի մասին ուսանողները շատ թույլ պատկերացում ունեն եւ իրենց անհատական դերակատարությունն այստեղ գրեթե չեն ըմբռնում: Մինչդեռ, անհատական այն աշխատանքը, որը թիմային աշխատանքի ձեւաչափում չի ներդաշնակվում, բարձր արժեք չի կարող ունենալ, եւ դրա հեղինակը հազիվ թե որպես մասնագետ փնտրված լինի: Ուստի կարեւորվում է տեսական գիտելիքներից բացի գործնական հնարավորությունները հատկապես թիմային աշխատանքի պայմաններում զարգացնելու խնդիրը:
Պրոֆեսորա-դասախոսական կազմի մի մասի, հատկապես առաջացած տարիքի մասնագետների հին սովորությունը, իներցիան երբեմն թույլ չեն տալիս նոր մեթոդներ կիրառել, եւ իրենք հենց դրա յուրացման անհրաժեշտությունն ունեն, ինչը փորձում ենք լուծել հետբուհական կրթության որակավորման եւ վերաորակավորման համակարգի միջոցով: Այդպիսի մի ծրագիր բոլորովին վերջերս ռոմանագերմանական ֆակուլտետի դասախոսական կազմի հետ մտահղացվեց, եւ փորձում ենք իրագործել, ինչպես նաեւ ավելի համընդհանուր դարձնել համալսարանի անձնակազմի ոչ միայն համակարգչային, նաեւ օտար լեզուների ուսուցումը:
Եվ մի հանգամանք եւս, որ ինձ հանգիստ չի տալիս` ուսանողների ինքնուրույն աշխատանք կատարելու տկարությունը, ըստ ընդունված կանոնների աշխատանքը համակարգելը, գիտահետազոտական աշխատանքների լաբորատորիային անտեղյակ լինելը: Պետք է ասել` որոշ դասախոսներ պարզապես թերանում են անհրաժեշտ գիտելիքները, փորձը փոխանցել նրանց:
- Կարեւոր խնդիր է նաեւ պրոֆեսորա-դասախոսական կազմի սերնդափոխության բնականոն ընթացքը: Մի շարք ֆակուլտետներում, օրինակՙ ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, քիմիայի եւ այլ, երիտասարդ մասնագետների պակաս է զգացվում:
- Հայտնի է, որ այսօրվա հնարավորություններով դժվար է համալսարանն ապահովել երիտասարդ կադրերով: Ամենատարբեր, հատկապես մասնավոր հաստատություններում, բիզնես միջավայրերում նրանք շատ ավելի արագ են հարմարվում եւ վաստակում: Ֆիզիկայի ֆակուլտետում, աստղաֆիզիկայի բաժնում երիտասարդները չեն մնում, դա փաստ է. առավել ընդունակ մասնագետները լավ պայմաններով աշխատանք գտնում են արտասահմանում: Պետք է իհարկե, ճիշտ քաղաքականություն տարվի երիտասարդ մասնագետների հանդեպ, նրանց մուտքը ամբիոններ խրախուսվի: Առայժմ հնարավորությունները սուղ են` բոլոր մասնագիտությունների գծով բավարար վճարումներ կատարելու: Եթե դա քիչ թե շատ հնարավոր է հումանիտար ոլորտի ֆակուլտետներում, ապա բնագիտական թեւում դժվար է, լրավճարներն այստեղ ցածր են, ուսանողների թիվն է պակաս, հեռակա ուսուցումն է քիչ:
- Կադրային հարցն անմիջականորեն, այո, առնչվում է մասնագետի վճարման հետ, հնարավորությունները, ասացիք, սուղ են:
- Համալսարանական կյանքի տենդենցն այնպիսին է, որ եթե աշխատավարձի ֆոնդը ընդհանուր բյուջեի 60-65 տոկոսն անցնում է, ապա հաստատության զարգացումը դառնում է խնդրահարույց: Մեր անձնակազմը շատ մեծ է, 4.000-ից ավելի աշխատակից ունենք, ստացված գումարների մեծ մասը գնում է աշխատավարձի ֆոնդ, որի չափաբաժինը 60-62 տոկոսից անցնում է: Իհարկե, դժվարություններ կան: Սակայն պետք է ասեմ, որ մեր պրոֆեսորա-դասախոսական կազմի մեծամասնությունը ստանում է ամենատարբեր հավելավճարներ: Սակայն բնագիտական ֆակուլտետների դասախոսական կազմն այս առումով առավել խոցելի է, որովհետեւ այդ լրավճարները բացի վճարովի ուսուցումից, կախված են հեռակա կամ երկրորդ մասնագիտությունների ուսուցումից:
Աշխատավարձերի բարձրացման խնդիրը, իհարկե, պետք է մեր մշտական ուշադրության կենտրոնում լինիՙ անգամ ամենափոքր հնարավորության պարագայում: Բայց, ցավոք, դրանք սահմանափակ են, հատկապես այս տարի, երբ դպրոցը շրջանավարտ չի տալու, եւ բուհերը առաջին կուրս չեն հավաքելու. սա լուրջ հարց է, որն արդեն երկու տարի է, գտնվում է կառավարության, գիտության եւ կրթության նախարարության եւ բուհերի ուշադրության կենտրոնում: Բուհերի Ռեկտորների խորհուրդը բազմաթիվ նիստերում անդրադարձել է այս հարցին: Կառավարությունը պահպանելու է պետպատվերի, այսինքնՙ անվճար համակարգի նախորդ տարվա ֆինանսավորման մակարդակը եւ շարունակելու է հաջորդ տարի, անկախ ուսանողների թվից: Բայց վճարովի տեղերից եկող գումարի հասույթը կնվազի:
Ներհամալսարանական կյանք. Դեմոկրատացման քայլեր
- Մեր ձեռքբերումներից կարեւոր է նաեւ տեղեկատվական առավելագույն բաց դաշտի ապահովումը ոչ միայն ուսանողների եւ դասախոսների, այլեւ հասարակության համար: Փորձում ենք աշխատել բաց, որպեսզի կրթական գործունեությունը թաքնված չլինի գաղտնիության շղարշով, լինի հասկանալի ու պարզ, որին նպաստում են տեղեկատվական աղբյուրներըՙ ինչպես էլեկտրոնային կրիչների, նկատի ունեմ ներքին ցանցը, համալսարանի վեբկայքը, այնպես էլՙ ավանդական միջոցները (գրքերի, բրոշյուրների, ծրագրերի հրատարակում): Առաջինը մենք հանրապետությունում մտցրեցինք այսպես կոչված առաջին կուրսեցու անվճար փաթեթըՙ բուհի մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող, ինչը նրանց կօգնի ավելի արագ մուտք գործել համալսարանական կյանք:
Հաջորդ ուղղությունը ներհամալսարանական դեմոկրատացմանՙ բաց աշխատելու ֆինանսական քաղաքականությունն է, տնտեսական թափանցիկ գործունեության ցանկությունը եւ այս առումով, թերեւս, մենք առաջինն ենք: Կառավարման խորհուրդը ամեն տարի հաստատում է համալսարանի բյուջեն: Մուտքերի, եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, որը դրվում է մեր ֆինանսական գործունեության հիմքում, մանրամասնորեն հրատարակվում եւ բաժանվում է:
Հատուկ ընդգծեմՙ որոշակի տնտեսական, ֆինանսական գործունեության իրավունքներ տրվեցին տարբեր ստորաբաժանումների, այդ թվում նաեւ ֆակուլտետներին, որով ավելի հստակվեցին նրանց ֆինանսական գործունեության շրջանակները: Սա շատ կարեւոր է նաեւ արդարության սկզբունքը ինչ-որ տեղ պահպանելու համար, քանի որ հատկացումները ըստ ուսանողների, դասախոսների թվի, ըստ ամբիոնների եւ ըստ կարեւորության են արվում: Ընդհանրապես բաց աշխատելը սկզբում դժվար է թվում, սակայն հետագայում շատ դյուրացնում է գործունեությունը, հեշտ բացատրելի դարձնում այն:
Ուսանողական կյանքի կանոնակարգում կազմակերպում
Երբ կյանքի բարձիթողի վիճակները, նաեւ ամենաթողություններն առկա են ոչ միայն դպրոցներում, հասարակական վայրերում, նաեւ ընտանիքներում, երիտասարդ սերնդի դաստիարակության հարցը բարձրագույն ուսումնական հաստատություններում դառնում է լուրջ մտահոգություն:
Ուսանողներին համալսարանական կյանք ավելի ակտիվ ներգրավելու, այն հետաքրքրական դարձնելու համար սկսվեցին վերականգնել նախկին շատ ավանդույթներ, ստեղծվեցին նորերը:
Ներկայում ակտիվ գործունեություն են ծավալում մշակույթի նորաստեղծ կենտրոնը, ակումբները, պարային համույթները, երիտասարդական թատրոնը: Վերստեղծվեց համալսարանի երբեմնի հռչակավոր երգչախումբը: Նորովի վերաբացվեց ու վերակազմավորվեց համալսարանի թանգարանըՙ պայմանների բերումով 10-15 տարի անգործության մատնված: Թանգարանն ունի ե՛ւ թեմատիկ ցուցադրություն, ե՛ւ բաց դասեր անցկացնելու հնարավորություն: Պարբերաբար կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներՙ լուսանկարչության, գեղանկարչության, ձեռարվեստի: Ուսանողական կյանքի մաս են կազմում տարատեսակ մրցույթներ («Ուրախների եւ հնարամիտների», «Լավագույն ուսանող» եւ այլ), մրցանակաբաշխություններ, օլիմպիադաներ:
Ռեկտորատի աջակցությամբ կազմակերպվում են ուսանողական գիտաժողովներՙ ուսանողական խորհրդի եւ գիտական ընկերության նախաձեռնությամբ. լավագույն զեկուցումները հրատարակվում են:
Արցախյան պատերազմում զոհված համալսարանական ազատամարտիկների ընտանիքների հետ մշտապես կապ է պահպանում «Վարդանանք» ակումբը: Երիտասարդ համալսարանականների հիշատակին նրանց անուններով լսարաններ են բացվում տարբեր ֆակուլտետներում:
ՀՀ-ի նաեւ Արցախի զինվորականության, բանակային ստորաբաժանումների հետ նույնպես համագործակցություն ունեն թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, զորամասային գրադարանները համալրում են գրականությամբ, դասախոսություններ անցկացնում:
Ուսանողական կյանքի հետաքրքրական էջերից են ճանաչողական արշավները, ուղեւորությունները Հայաստանի տարբեր մարզեր եւ Արցախ: Արցախյան երկու ուղեւորություն` միայն ծառատունկի նպատակով, մեծ հնչեղություն է ստանում. տարաբնույթ միջոցառումներ, համերգներ, այցելություններ պատմական հնավայրեր, Արցախի համալսարան, բանախոսություններ, հանդիպումներ Արցախի ղեկավարության, նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անկասկած դրական լիցքեր, տպավորություններ ու հետք են թողնում մասնակիցների հոգեբանության, վերաբերմունքների, ընկալումների վրա:
Համալսարանը աշխատանքներ իրականացնում է նաեւ հանրակրթական դպրոցների հետ. միջբուհական կրթության վարչությունը կապեր է հաստատում ավագ դպրոցների հետ, աջակցում մեթոդական, տեսական, նաեւ պրակտիկ օգնություններով, դպրոցներում բաց դռների օրեր կազմակերպում: Հանրապետական ամենախոշոր օլիմպիադան անց է կացնում պետհամալսարանը: Վերջերս ամփոփվեցին 16 առարկաների գծով, 1600 աշակերտի մասնակցությամբ օլիմպիադայի արդյունքները. հաղթողները պարգեւատրվեցին համալսարանի մեծ դահլիճում :
Այլ բարենորոգումներ
Երեւանի պետհամալսարանը, որպես բուհական կառույց, ամենածավալունն է եւ ամենատպավորիչըՙ հատկապես կենտրոնական մասնաշենքըՙ շրջակա միջավայրը, բարեխնամված պուրակը, անցյալի մեր մշակույթի եւ գիտության երեւելիների արձանախմբով: Բարեփոխված ներքին հարդարանքները ստեղծում են կրթագիտական հաստատության ժամանակակից միջավայր:
Այս տարիներին, իհարկե, վերանորոգչական ծավալուն աշխատանքներ են կատարվել եւ հիմա էլ շարունակվում են, բայց ֆակուլտետներ կան, որոնք ստեղծման օրից կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվեց կենսաբանության ֆակուլտետը, ավարտվել է բանասիրական մասնաշենքի վերին 2 հարկերի վերանորոգումը: Հիմնականում բարեկարգվել է համալսարանի պատմական (սեւ) շենքըՙ Աբովյան փողոցի: Միանգամայն արդիականացել, բարեփոխվել է գրադարանըՙ ժամանակակից սրահներով, վիրտուալ-կոնֆերանս դահլիճով: Գրապահոցը, սակայն, հին, անմխիթար վիճակում է, շուտով դա էլ կվերափոխվի: Լսարաններն ու ամբիոնները համալրվել են նոր գույքով ու ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնական մասնաշենքում գործում է Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:
Վերանորոգվել եւ վերագործարկվել են ջեռուցման համակարգը, հնոցատունը, խողովակաշարերը, հիմնովին վերականգնվել է քայքայված էլեկտրատնտեսությունը: Մալուխային համակարգը, սպորտ-համալիրը վերանորոգման լուրջ կարիք ունեն: Այս ամենը նյութատար, աշխատատար, ամենօրյա եւ անընդհատական ընթացք է. իհարկե պակաս կարեւոր չէ ուսանողության բարոյական ներքին նկարագիրը, վերաբերմունքը համալսարանական միջավայրին:
Գիտական, հրատարակչական գործունեություն. Հայագիտության վիճակը
- Պրն Սիմոնյան, պետհամալսարանը ոչ միայն կրթական, նաեւ, ինչպես ասացիք, գիտական հաստատություն է: Հայագիտության հայրենիքը Հայաստանն է, եւ բնօրրանըՙ Մայր բուհը: Հայագիտության ներկա վիճակի եւ այս հարցին ուղղակիորեն առնչվող ԵՊՀ հրատարակչության գործունեության մասին, խնդրեմ: Վերջին տարիներին համալսարանի հրատարակչությունը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ շուրջ 100 գիրք տպագրեց, գլխավորապեսՙ հայագիտական ուղղվածությամբ:
- Այժմ արդենՙ 112-րդը: Ինքս հայագետ եմ եւ ինձ հարազատ թեմա է: Հայագիտական մեր ֆակուլտետների աշխատակիցները բավականին մեծ ներուժ են, եւ, իհարկե, այս բնագավառում համալսարանի վաստակը անուրանալի է: Հայագիտական մեր կենտրոնը 2 տարի առաջ վերածվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, որն ունի հստակ քաղաքական-քաղաքագիտական ուղղվածություն, հստակ թիրախային, որը դեռ երկար կպահպանվի: Մասնավորապես դրանք վերաբերում են Հայոց ցեղասպանության խնդիրներին, Արցախյան հիմնահարցին , արեւմտահայերենի-արեւելահայերենի առնչություններին, մեր ինքնությանը, սփյուռքի պատմությանը, սփյուռքագիտությանը: Ասեմ, որ բացի սփյուռքագիտության բաժնից, Սփյուռքի նախարարության հետ համատեղ, որպես առանձին բաժին, ստեղծվեց սփյուռքագիտության ամբիոն հայկական բանասիրության ֆակուլտետում, ընդունելությամբ եւ մագիստրատուրայով: Շուտով կունենանք սփյուռքագետ մասնագետներ: Վրացագիտությունը, օսմանագիտությունը նույնպես ընդգրկված են հայագիտության ինստիտուտի կազմում, մեծ ուշադրություն է դարձվում հայ-օսմանական, հայ-վրացական, հայ-թուրքական հարաբերություններին: Այս տարիների ընթացքում ինստիտուտը 2 տասնյակից ավելի մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ է հրատարակել, իրականացրել մի քանի գիտաժողովներ:
Համալսարանի հրատարակչությունը ամենահինն է Հայաստանում եւ հարուստ ավանդույթներ ունի, այսօր էլ աշխատում է շատ արդյունավետ, նախորդ տարի 190 եւ ավելի մամուլ գիրք է հրատարակել: Ամենայն պատասխանատվությամբ եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ համալսարանի աշխատակիցների պատրաստած եւ ըստ կարգի խորհուրդների երաշխավորություն ստացած եւ ոչ մի գործ (մենագրություն, դասագիրք, ուսումնասիրություն) անտիպ չի մնում, կես տարվա ընթացքում պարտադիր հրատարակվում է:
Կարծում եմՙ երիտասարդ հայագետ-մասնագետների պատրաստման խնդիր ունենք: Մի մասը չի ուզում մնալ հայոց բանասիրության, օժանդակ գիտությունների ոլորտում: Մասնագետների մի զգալի մասը առաջացած տարիքի է: Փոխարինողները դժվարությամբ են երեւում, դժվարությամբ կարելի է տեսնել նաեւ մեկին, որ որպես նեղ մասնագետ կարող է զբաղվել, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցով:
Լավ արդյունք արձանագրել ենք հնագիտության, աշխարհագրության, մշակութաբանության, լեզվաբանության ոլորտներում: Կարծում եմՙ հաջողված պետք է համարել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքը: Մշտական մոնիտորինգները թույլ են տալիս տեսադաշտում պահել հակահայկական կայքերի գործունեությունը եւ դրանց անմիջապես արձագանքել: Համապատասխան սարքավորումներ ձեռք բերելուց հետո եւ թվայնացնելով անհրաժեշտ գրականությունըՙ ավելի արդյունավետ կգործենք:
Կարծում եմՙ միջազգային համագործակցությունն հայագիտության ոլորտում հնարավոր է ավելի արդյունավետ դարձնել: Որոշակի փորձ արդեն ունենք, ակտիվորեն մասնակցել ենք հայագիտական կենտրոնների բացմանը` Սիրիայում, Եգիպտոսում: Համագործակցում ենք ամերիկյան, եվրոպական, մասնավորապես գերմանական (Հալլեի համալսարան) հայագիտական կենտրոնների հետ: Շուտով մեր աջակցությամբ հայագիտական կենտրոն կբացվի Եկատերինբուրգում: Ծրագրերը, մտահղացումները շատ են, կամք ու հաստատակամություն է պետքՙ իրագործելու:
- Եվ վերջին հարցըՙ ի՞նչ եք կարծում, Երեւանի պետական համալսարանը մրցունա՞կ է կրթության միջազգային չափանիշներով:
- Դեռ ճանապարհ ունենք անցնելու, անելիքները շատ են, թերություններ կան: Ինչ-որ տեղ միջազգային միջին չափանիշներից բարձրանում ենք, բայց շատ ջանքեր են պահանջվում մեր երազանքին հասնելուՙ մեկ-երկու տասնամյակ հետո գոնե, եթե Աստված հաջողի, գիտահետազոտական համալսարանի վերածվելու: Համալսարանը պետք է ըստ ամենայնի աջակցություն ստանա կառավարությունից, մասնավոր աղբյուրներից եւ իհարկե, պետք է կարողանանք ապահովել միջազգային արդյունավետ համագործակցություն: Սա ամենօրյա աշխատանք է պահանջում, հստակ քաղաքականություն պիտի ունենանք եւ որքան էլ դրոշակակիրն ենք մեր բարձրագույն կրթության համակարգիՙ չպետք է երբեք բավարարվել դափնիներով, անցյալի վաստակի փառքով, բարձունքների պատրանքից պիտի զերծ մնանք :
Միջազգային մակարդակի հասնելու դեռ շատ քայլեր ունենք կատարելու:
Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ