ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) երեկ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:
Հայտարարության մեջ նրանք նշում են, որ ապրիլի 11-ից 14-ը իրենց հանդիպումներում ԵԱՀԿ համանախագահները քննարկել են հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված հաջորդ քայլերը: «Համանախագահների հաստատ համոզմամբ, արդեն ժամանակն է հիմնարար սկբունքները ի մի բերել եւ հաստատել ու շարժվել առաջ` խաղաղության համաձայնագիրը կազմելու ուղղությամբ»: Նշվում է, որ ապրիլի 13-ին համանախագահները ոտքով կտրել-անցել են շփման գիծը: «Այդ քայլը նպատակ ուներ ընդգծել 1994-ին կնքած զինադադարի կարեւորությունն ու նշանակությունը եւ այն, որ շփման գիծը չպետք է արգելք կամ խոչընդոտ լինի երկու հարեւան ժողովուրդների շփման համար»: Համանախագահները մտահոգություն են հայտնել առաջիկայում Ստեփանակերտում ծրագրված օդանավակայանի բացման առնչությամբՙ նկատելով, որ դա կարող է հանգեցնել կողմերի միջեւ լարվածության մեծացմանը: «Նրանք նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան ու այնտեղից կատարվող չվերթերը չեն կարող փաստարկվել որեւէ միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխությանն ուղղված պահանջ»: Համանախագահները նաեւ ողջունել են կողմերի վստահեցումներն այն մասին, որ քաղաքացիական օդանավերի ուղղությամբ ոչ մի հարձակում կամ սպառնալիք չի լինի, կհետեւեն, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով` խուսափելով այն քաղաքականացնելուց: Համանախագահները ապրիլի վերջին կայցելեն Վաշինգտոն` ԱՄՆ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու եւ խաղաղության հաստատմանն ուղղված ներկայիս գործընթացը քննարկելու:
Հ. Ա.