Հայաստանում հեմոֆիլիայով տառապում են 232 հիվանդներ: Նրանցից 64-ը երեխաներ են եւ արդեն` հաշմանդամներ: Հեմոֆիլիան արյան մակարդման ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է արյունահոսությամբ ու արյան զեղումով: Արյան ներհոդային զեղումներն առաջացնում են հոդերի քրոնիկական բորբոքում, իսկ հետագայում` արդեն հաշմանդամություն: Ներկայումս ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով տառապող մարդկանց թիվը հասնում է շուրջ 400 հազարի:
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի եւ Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 1989 թվականից ապրիլի 17-ը նշվում է որպես հեմոֆիլիայի միջազգային օր: Տարբեր երկրներում ամսի 17-ին կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրաձայնել հեմոֆիլիայով հիվանդ մարդկանց խնդիրները: Ապրիլի 17-ին ընդառաջ երեկ Երեւանում կազմակերպվել էր բողոքի ակցիա: Հեմոֆիլիայով հիվանդները, նրանց ծնողներն ու հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության անդամները հավաքվել էին կառավարության շենքի առաջ, որտեղից էլ շարժվեցին դեպի առողջապահության նախարարություն:
Ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ բողոքի ակցիայի նպատակն է բարձրաձայնել հեմոֆիլիայի բուժմանը կապված խնդիրները, որոնցից նա հատկապես շեշտեց անվճար տրվող դեղամիջոցների սակավությունը: Տիկին Խաչատրյանը նաեւ նշեց, որ հեմոֆիլիայով տառապող մինչեւ 18 տարեկան երեխաները պետք է ստանան պրոֆիլակտիկ բուժում, որպեսզի դեռ մանկուց չդառնան հաշմանդամներ. «Այնինչ մեր բոլոր հիվանդները արդեն մանկուց հաշմանդամ են»: Ապա կրկին անդրադառնալով անվճար տրվող դեղորայքի հարցին` Տանյա Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2003 թվականին Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ու Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվել է հուշագիր, որի համաձայնՙ կառավարությունը պարտավորվել է գնել դեղամիջոցներ ու դրանք անվճար փոխանցել հիվանդներին. «Բայց այսօր մեր հիվանդներին տրվող դեղամիջոցներն այնքան քիչ են, որ նույնիսկ նվազագույն բուժումն ապահովել չեն կարող»:
Ավելի ուշ տեղեկացանք, որ ակցիայի մասնակիցները երեկ հանդիպել են առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանին: Տանյա Խաչատրյանի փոխանցմամբ` փոխնախարարը խոստացել է, որ անվճար տրվող դեղերի քանակը կավելացվի. «Փոխնախարարը խոստացավ, որ եկող շաբաթվա մեջ առողջապահության նախարարը կընդունի 10 ծնողների, որոնք նախարարին կներկայացնեն մեր բոլոր խնդիրները»:
Ի. Պ.