Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, բանանի եւ հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել: Այս շուկաներում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է տեղեկատվություն ներկայացնեն ներկրման եւ իրացման ծավալների, եւ հիմնավորումներՙ շուկայում նկատված գնային փոփոխությունների վերաբերյալ:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբն արձանագրել է, որ մանրածախ առեւտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչեւ 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Հատիկավոր սուրճի դեպքում, հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, բարձրացել են սուրճի միջազգային գները: Ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե որքանո՞վ է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին:
Տեղեկացվում է նաեւ, որ հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունըՙ 51 տոկոս մասնաբաժնով: Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու Բրազիլ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 35,2 տոկոս:
Հանձնաժողովը հավանական է համարել, որ ուսումնասիրություններով վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:
Ա. Մ.