«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ԱՌԱՎԵԼ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ

ԱՄՆ պետքարտուղարության` մարդու իրավունքների մասին հրապարակած վերջին զեկույցի Վրաստանին վերաբերող մասում, ըստ Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի, կրկին փաստերը ներկայացված են խիստ թերի եւ խեղաթյուրված: Զեկույցում մասնավորապես արտացոլված չեն ջավախահայության իրավունքների ոտնահարման հետեւյալ փաստերը. «Ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքը շարունակվում է գտնվել վրաց ուժային կառույցների վերահսկողության ներքո: Հայաբնակ շրջաններում, հօգուտ Սաակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցության, կեղծվեցին 2010-ի մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Վրաստանի օրենսդրությամբ` արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են հայ բնակչություն ունեցող շրջաններում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերեն լեզվին մարզային կարգավիճակ տալու ջավախահայության հորդորները: Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55 տոկոսը, սակայն գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում»: Միեւնույն ժամանակ` Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նշում է, որ զեկույցում արդարացիորեն նշված է, որ իրենք բողոքում են հայերենը մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանության դժկամությունից: Վահագն Չախալյանի գործի վերաբերյալ խորհուրդը դրական շարժ է գնահատում, որ ամերիկյան զեկույցում զետեղված են նաեւ հայկական կողմի ներկայացրած ծանրակշիռ փաստերը, ըստ որոնց` Չախալյանը բանտարկվել է ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեության պատճառով: Այդուհանդերձ` խորհուրդն արձանագրում է, որ Վրաստանի պարագայում ԱՄՆ-ը շարունակում է բանեցնել երկակի ստանդարտներ` խուսափելով համարժեք գնահատականներ տալ ինչ-ինչ երեւույթներին, դրանով իսկ, արտոնելով Սաակաշվիլու վարչակարգին` շարունակել իր խտրական քաղաքականությունը: Ելնելով այս ամենիցՙ Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին` իրենց զեկույցներում առավել անաչառ ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաեւ, առհասարակ, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Վրաստանի ստանձնած միջազգային պարտականությունների կատարման ընթացքը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4