«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


«ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԼԻՆԵՆ»

Արա Աբրահամյանը կարեւորում է երկրի նախագահից ստացած աջակցությունը ծրագրերի իրագործման գործում

Այս օրերին հերթական անգամ Հայաստանում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ եւս նրա գալու նպատակը ՀՀԿ եւ ՌՀՄ կողմից երկրում իրականացվելիք ազգանպաստ ծրագրերի համակարգումն էր: Արա Աբրահամյանի հետ մեր հարցազրույցն առնչվում է այդ ծրագրերի բովանդակությանը, դրանց մասին երկրի նախագահի հետ ունեցած քննարկումներին եւ նրա ցուցաբերած մոտեցմանը:


- Պրն Աբրահամյան, յուրաքանչյուր անգամ Դուք Հայաստան եք այցելում որոշակի ծրագրերով եւ նպատակներով: Ո՞րն է հերթական անգամ Ձեր Հայաստան այցելելու նպատակը եւ ի՞նչ քննարկեցիք երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ձեր հանդիպման ժամանակ:

- Այս այցը կարեւոր նշանակություն ուներ: Ես հանդիպեցի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկեցինք Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի միջոցառման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն այն մասին, որ պետք է հստակեցնեինք մեր ծրագրերը եւ ներկայացնեինք նախագահին: Այդ ծրագրերից է հատկապես Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից տարիներ շարունակ անցկացվող գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

Մրցանակաբաշխությունը անց է կացվում ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ, ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների օժանդակությամբ եւ աջակցությամբ:

Մրցանակաբաշխության գործընթացում ընդգրկված են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի Գրողների, Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունները:

Մյուս կարեւոր կրթամշակութային ծրագիրը «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով դպրոցականների եւ ուսանողների շրջանում անցկացվող յոթերորդ մրցույթն է: Այս մրցույթը եւս անց է կացվում ՀՀ սփյուռքի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների հետ համատեղ:

2008-ից ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայկական ազգային բանակի բոլոր զորամասերում անց ենք կացնում «Լավագույն զինվոր, լավագույն սպա» մրցանակաբաշխությունը:

Նախագահը ուշադիր ծանոթացավ այդ ծրագրերին, նշեց, որ դրանք համակարգված մոտեցում ունեն, ասաց, որ անձամբ իր կողմից եւս այդ մասին հրահանգ կուղղի նախարարություններին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի հայերի միության համագումարի ժամանակ ՀՀ նախագահը իր ելույթում նշեց, որ ստեղծվելու է խումբ, որը պետք է նախապատրաստի բիզնես-ծրագրեր եւ որոնց շնորհանդեսները պետք է կատարենք սփյուռքում:

Մեր կողմից առաջարկելու ենք բիզնես-ծրագրեր` 100 հազարից մինչեւ տասնյակ միլիոն դոլարի արժեք ունեցող: Նախագահի հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությունները համատեղ կստեղծեն կազմկոմիտե, կկազմվեն բիզնես-ծրագրեր, որոնք կառաջարկվեն գործարար շրջանակներին: Օրինակՙ ես ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում, բայց չգիտեմ, թե որտեղ եւ ինչպես: Կարեւորն այստեղ այն է, որ այդ ծրագրերը ներկայացվելու են ամբողջական փաթեթով` համապատասխան թույտվություններով, եւ որ մենք Հայաստանի կառավարության երաշխիքներն ենք ունենալու, որ այդ բիզնես-ծրագրերն իսկապես բարձրակարգ են, որ ինքն աջակցելու է եւ ձգտելու է գտնել ապահովագրական մեխանիզմներ այդ ծրագրերի համար: Մենք գտնում ենք, որ առաջնահերթ է մարզերում եւ հատկապես սահմանամերձ գյուղերում իրականացնել զարգացման ծրագրեր:

- Քանի՞ այդպիսի բիզնես-ծրագրեր կան:

- Ունենք մոտ յոթ տասնյակ այդպիսի ծրագրեր: Բացի բիզնես-ծրագրերից, շարունակելու ենք մեր կողմից արդեն իրականացվող ծրագրերը:

ՀՀ սփյուռքի նախարարության հետ շարունակելու ենք «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցույթի շրջանակներում 2011 թ. նախատեսված երկու մրցանակաբաշխություն` «Մայրենիի լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգերով:

Մրցույթների նպատակն է խրախուսել սփյուռքում հայ ազգային ինքնության, մայրենի լեզվի պահպանման, զարգացման եւ տարածման գործում նշանակալի ավանդ ունեցող ուսուցիչներին, սփյուռքյան երիտասարդական կազմակերպություններին` կարեւորելով նրանց դերակատարությունը համահայկական ու միջազգային խնդիրների լուծման գործում: Ի դեպ նշեմ, որ այս տարվա ծրագրերը կիրագործվեն Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում:

Կրթության եւ գիտության նախարարության հետ շարունակելու ենք դպրոցների համակարգչայնացման, ռուսաց լեզվի փառատոնի, տարբեր մրցույթների ծրագրերը:

- Պրն Աբրահամյան, Ձեր այս այցը համընկավ Ձեր ծննդյան օրվա հետ, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ:

- Շնորհակալություն: Այս կապակցությամբ մի հետաքրքիր միտք էլ արտահայտեց նախագահը, ասելով, որ լավ կլինի յուրաքանչյուր հայ իր ծննդյան օրը գա Հայաստանում նշելու:

Ես կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որի հետ մոտ 2 ժամ քննարկեցինք այս հարցերը: Կցանկանայի ասել, որ նա շատ մեծ գործ է արել մեր երկրի անվտանգության ապահովման համար: Չնայած մեր ազգային խնդիրները դեռ լուծման ճանապարհին ենՙ լինեն Ցեղասպանության ճանաչման, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցերը, բայց նա այս ուղղությամբ ճիշտ մոտեցում ունի: Նա գտել է ճիշտ նպատակակետը եւ գնում է դեպի այն: Դա արդեն իսկ հաղթանակ է, անկախ նրանից, թե որքան ժամանակ է պետք դրան հասնելու համար: Երկար տարիներ համագործակցելով Սերժ Սարգսյանի հետ, նոր որակ, մասշտաբային մոտեցում եմ բացահայտում այդ մարդու մեջ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Նա լավատեղյակ էր բոլոր հարցերից, մանրամասնությամբ ներկայացնում էր իր ծրագրերը, ծանոթանում մեր ծրագրերին, հետաքրքրվում, թե ո՞ր քայլն ինչպե՞ս ենք անելու: Իհարկե, երկրում կուտակված շատ խնդիրներ կան, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ: Կարեւորն այն է, որ նախագահը վճռական է տրամադրված հետեւողականորեն հասնել այդ հիմնահարցերի հանգուցալուծմանը: Կոչ եմ անում բոլորին, հատկապես սփյուռքահայությանը` մտավորականներին, գործարարներին, օգնել նախագահին երկրի զարգացման ծրագրերը իրականացնելու հարցում, որովհետեւ օգնելով նախագահինՙ օգնում ենք երկրին, մեր ժողովրդին:

- Դուք հանդիպեցիք նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Ի՞նչ հարցեր քննարկեցիք նրա հետ:

- Ժամանակակից մտածելակերպով, բարձր մակարդակ ունեցող կառավարիչ, բիզնեսում կայացած մարդ է քաղաքապետ դարձել, որ ոչնչով չի զիջում իր նախորդներին:

Մենք իրազեկեցինք նրան, որ մեր երիտասարդական կազմակերպության անդամները դեռեւս անցյալ տարվա հունվարին հանդես են եկել «Անմեղ նահատակի հիշատակին» շարժում սկսելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանի տարածքում երիտասարդության, ինչո՞ւ չէ` հասարակության ուժերով տնկել 1,5 միլիոն ծառ, որը կդառնա ցեղասպանության յուրաքանչյուր զոհի բարոյական հոգեհանգստի արարողություն:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քաղաքապետարանը տրամադրի համապատասխան տարածքՙ ծառատունկը կազմակերպելու եւ քաղաքային նոր այգի հիմնադրելու համար:

Հաջորդը` դպրոց ենք ուզում կառուցել, որը գուցե դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից, համապատասխանելով միջազգային չափորոշիչներին: Դա նշանակում է, որ այդ դպրոցի ավարտական վկայականը համարժեք կլինի Եվրոպայի եւ Ամերիկայի լավագույն դպրոցների վկայականին: Այն գործելու է նախադպոցական տարիքիցՙ 5 տարեկանից մինչեւ 12 տարվա ավարտական դպրոցը: Չորրորդըՙ համատեղ «Մաքուր Երեւան» ծրագիրն է, համատեղ խմբեր ստեղծենք եւ մեխանիզմ, որպեսզի այն իրագործվի ամեն օր եւ որ ամեն մի երեւանցի սիրով մասնակցի քաղաքը մաքուր պահելու, Երեւանն օրինակելի մայրաքաղաքների շարքում տեսնելու համար:

- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:

- Կոչ եմ անում բոլորին համատեղ ուժերով նպաստել մեր հայրենիքի զարգացմանը: Մենք էլ մեր կողմից խոստանում ենք, որ ամեն ինչ կանենք մեր ծրագրերի իրագործման համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4